Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրներն են ընկել հարվածի տակ․ «Իրանն այսօր»

Փետրվար 28,2026 21:10

ԱՄԷ-ում մեկ մարդ է զոհվել իրանական հարվածներից, հայտնել է երկրի ՊՆ-ն։ Էմիրությունների ՀՕՊ-ը որսացել է հրթիռների առնվազն մի մասը։ Հրթիռներ / դրանց մնացորդներ են ընկել Աբու Դաբիում։ Քաղաքում նաև պայթյուններ են հնչել օրվա ընթացքում, ենթադրաբար՝ հրթիռներից։
Հակաօդային պաշտպանության հրթիռները գործի են դրվել նաև Դուբայում։ Այնտեղ նույնպես ավելի ուշ եղել են պայթյուններ։ Էմիրությունների իշխանությունը հայտարարել է, որ իրենց իրավունք են վերապահում պատասխանել այդ հարվածներին։ Երկիրը փակել է իր օդային տարածքը։

Կատարի իշխանությունները հայտնել են իրանական հրթիռներ որսալու մասին։ Ավելի վաղ հայտնի էր, որ երկրի մայրաքաղաքում և ամերիկյան ռազմաբազայի մոտ պայթյուններ են եղել։ Կատարի ուղղությամբ հրթիռներն արձակվել են առնվազն երեք փուլով։

Բահրեյնում նույնպես պայթյուններ են եղել, այդ թվում՝ մայրաքաղաք Մանամայում։ Իրանական հրթիռների կողմից թիրախավորվել է մասնավորապես ԱՄՆ նավատորմի տեղական շտաբը։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատապարտել են Իրանի հարձակումները ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և Հորդանանի դեմ։ Երկրի մայրաքաղաք Էր-Ռիադում նույնպես եղել են պայթյուններ։

Քուվեյթում իշխանությունը հայտնել է, որ որսացել են իրենց ուղղությամբ թռչող հրթիռները, և հայտարարել է իր ինքնապաշտպանության իրավունքի մասին։ Նաև հայտնի է, որ Քուվեյթ քաղաքի տարածքում պայթյուններ են եղել։ Քուվեյթում նաև վնասվել է օտարերկրյա ռազմաբազաներից մեկի թռիչքուղին։ Երկրի օդային տարածքը ժամանակավոր փակվել է։

Իրաքում թիրախավորվել է իրանամետ զինված խմբավորումներից մեկի (Kataeb Hezbollah) բազան։ Երկու մարդ զոհվել է։ Խմբավորումը հայտարարել է, որ շուտով պատասխան հարված են հասցնելու ամերիկյան բազաներին։ Իրաքը փակել է իր օդային տարածքը։

Սիրիայում 4 մարդ է զոհվել, ըստ պաշտոնական աղբյուրի, իրանական հրթիռի ընկնելու պատճառով։ Սիրիայի օդային տարածքը փակ է։

Հորդանանը հայտարարել է երկու բալիստիկ հրթիռներ որսալու մասին։ Մարդիկ չեն տուժել, հրթիռների մնացորդների ընկնելուց մայրաքաղաքում և այլ տեղերում նյութական վնասներ կան։ Հորդանանից նաև ընդգծել են, որ իրենք մասնակից չեն հակամարտությանը և թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը։

Համասը դատապարտել է Իսրայելի գործողությունները։ Ի դեպ, Իսրայելը երեկ կրկին հարվածներ էր հասցրել Գազային։

Եմենի հութիները լրատվամիջոցներին հայտնել են, որ վերսկսելու են հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի դեմ՝ որպես աջակցություն Իրանին։ Նրանք այդ հարձակումները դադարեցրել էին Գազայում հրադադարի հաստատումից հետո։ (Հութիները դաշնակցում են Իրանի հետ)։

Ո՞ր երկրները խուսափեցին հարվածներից

Օմանը չի եղել հարվածների տակ։ Երկու պատճառով։ Նախ այնտեղ չկա ԱՄՆ բազա։ Երկրորդ, Օմանն այն երկիրն է, որը որպես միջնորդ էր հանդես գալիս ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Այն հիմա էլ կոչ է անում վերադառնալ բանակցություններին։
Երկրի արտաքին գործերի նախարարը X-ում գրել է, որ հիասթափված է, և որ բանակցությունները կրկին խաթարվել են։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել չխորանալ պատերազմի մեջ։

Լիբանանը նույնպես չի հրթիռակոծվել այս հակամարտության համատեքստում։ ԲԱՅՑ։ Մինչև Իրանի դեմ ավիահարվածները, Իսրայելը մի քանի «ընթացիկ» հարված էր հասցրել Լիբանանի տարածքին։
Լիբանանի հարավում պարբերաբար ընկնում են նաև իրանական հրթիռների և իսրայելական ՀՕՊ հրթիռների մնացորդներ։

Եվրամիության Aspides ռազմածովային առաքելության պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսից ստացել են հաղորդագրություն, որոնցում ասվում է՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով»։

Իրանը պաշտոնապես չի հաստատել նման որևէ հրաման։ Թեհրանը մշտապես սպառնացել է փակել նեղուցը՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող հարձակման, սակայն երբևէ չի իրագործել իր սպառնալիքները։

MarineTraffic կայքով երևում է, որ նավերի շարժ այս նեղուցով այսօր եղել է, սակայն հիմա երկու կողմերում նկատվում է կուտակում, իսկ դեպի նեղուց շարժվող նավերի արագությունը դանդաղում է։ Տեղեկությունը, այնուամենայնիվ, դժվար է հաստատել։

 «Իրանն այսօր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728