Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են արձագանքել Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի դեմ ռազմական գործողության փաստին․ Լաուրա Բաղդասարյան

Մարտ 01,2026 10:10

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասել, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն, որը կարող է խաթարել այս երկրի բնականոն կյանքը այս ձեւակերպման առաջնային իմաստով, կարող է ազդեցություն ունենալ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, նախեւառաջ ՝ որպես սահմանակից երկրների վրա, նշանակում է հնչեցնել ակնհայտ իրողություն։

Մյուս կողմից էլ կա Խաղաղության խորհուրդ, որի առաջին հավաքը տեղի է ունեցել վերջերս, որի անդամներից երկուսի՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի նախաձեռնությամբ է սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունը։ Եվ Հայաստանի, եւ Ադրբեջանի, որպես այս խորհրդի երկու անդամների, որպես հայ-ադրբեջանական կարգավորման մոդերացիան ԱՄՆ-ին հանձնած երկրների համար, հավելյալ «անհարմար իրավիճակ»։
Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են արձագանքել Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի դեմ ռազմական գործողության փաստին։

Հայաստան – Ինչպես բազմիցս ենք արդեն համոզվել, գիտենք, մերը ՖԲ-ն է։ ՀՀ ԱԳՆ-ի կայքում երեկվա գործողության մասին մինչ այս ժամը բացարձակ ոչինչ չկա։ Բայց ՀՀ ԱԳՆ-ն իր ՖԲ էջում մեզ տեղեկացնում է, որ ուշադիր հետեւում է իրադարձություններին, Իրանում գտվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է հայաստանյան պաշտոնական գերատեսչությունների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու ձեւերը եւ խոստանում է թարմացնել տեղեկատվությունը հնըթացս ծագած անհրաժեշտության դեպքում։ «Մշտադիտարկում ենք», – հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Իսկ ՀՀ առաջին պաշտոնյաները մեկնում են Արմավիրի եւ Արարատի մարզեր կուսակցական հանդիպումների, ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը ցուցադրում են իրենց «քայլ դեպի ժողովուրդը», երթեւեկում են հասարակական տրանսպորտով, ավելին՝ այդ տրանսպորտում «պեռաշկի» են ուտում, եւ դա, եւ իրենց լայն ժպիտները ճիշտ նույն ժամերին, երբ Իրանը ռմբակոծվում է, երբ հայտնի է դառնում իրանցի երեխաների զանգվածային սպանության մասին, ցուցադրում են ի լուր աշխարհի։ Հա ի՞նչ… Սոցցանցային ֆլեշմոբ են անում։

Ադրբեջան – Այս երկրի ԱԳՆ-ն երեկ իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել «բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն» ցուցադրել, «ձեռնպահ մնալ հետագա ահագնացման գործողություններից, վերադառնալ բանակցային սեղանին»։ Այս հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է երկրների ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորութունը, ինչն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ, միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված սկզբունքներով ու նորմերով։

Դե գիտեք, Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններով, էդ միջազգային նորմերը եւ դեռ կան, եւ արդեն չկան։ Երեկ, օրինակ, կային։
Անցած օրվա ընթացքում ադրբեջանական պաշտոնական սոցցանցային տիրույթներում, այս երկրի մամուլում Ալիեւը կամ ուրիշ պաշտոնյաներ չեն երեւացել։ Երեւի իրենց օրվա «պեռաշկիները» վայելել են փակ դռների ետեւում։ Ինչպես սովորաբար։

ԹԱՐՄԱՑՈՒՄ – Անվտանգության խորհուրդների նիստեր են կազմակերպել, կամ այսօր դրանք կազմակերպելու հայտարարություններ են արել մի շարք ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը… ՄԱԿ-ի ԱԽ նիստ անհապաղ անցկացնելու հայտ են ներկայացրել միաժամանակ Իրանը, ԱՄՆ-ն, Իսրայելը, Ռուսաստանը, Չինաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031