Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կրկին անդրադարձ եղավ մետրոյի՝ չկառուցված Աջափնյակ եւ Սուրմալու կայարաններին: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ մետրոյի Աջափնյակ կայարանի եւ մետրոյի արդիականացման ծրագրի աշխատանքները զուգահեռ են տարվում: Նախատեսվում է վագոնային ամբողջական պարկի թարմացումը: Նշվեց, որ վերագնահատված բյուջեն այս պահին հասնում է շուրջ 60 միլիարդի, որը ներառում է դեպոյի արդիականացումը եւ այլ ենթակառուցվածքային ներդրումներ:
Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից Ավինյանից զեկուցեցին նաեւ Սուրմալու առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ հայտարարելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Նշվեց, որ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական մրցույթը կայացել է, եւ այս շաբաթ ակնկալում են, որ պայմանագիր կկնքվի հաղթող կոնսորցիումի հետ, այնուհետեւ ֆինանսական միջոցների ապահովմամբ եւ համաձայնագրի կնքմամբ աշխատանքները կարող են մեկնարկել: Աշխատանքների ընդհանուր իրականացման համար նախատեսված է 120 օր:
Տիգրան Ավինյանին նաեւ հայտնեցին, որ քաղաքաշինական հայեցակարգի եւ էսքիզի մրցույթը նույնպես հայտարարված է, վերջնաժամկետը մարտի 16-ն է: Մրցույթը կայանալու դեպքում պայմանագիր կկնքվի ապրիլից եւ աշխատանքները կմեկնարկեն:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































