Ազգերը պետք է հարմարվեն նոր իրողություններին. Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 26-ին FOX11 Los Angeles-ին տված հարցազրույցում անդրադարձել է թեմաների լայն շրջանակի՝ քվանտային քաղաքականությունից մինչև արհեստական բանականություն, կրթություն, առողջապահություն, փոփոխվող աշխարհ և փոքր պետությունների ապագա:
Սա զրույց է տեսլականի, տեխնոլոգիաների և այն մասին, թե ինչպես փոքր պետությունները, խելացի գործելու դեպքում, կարող են ազդեցիկ լինել փոփոխվող աշխարհում:
Հարցազրույցի որոշ հատվածներ հայերեն թարգմանությամբ.
Կարդացեք նաև
«Պետք է կարողանալ տեսնել ապագան։ Իսկ ապագան քվանտային համակարգիչներն են, արհեստական բանականությունը։ Հավատացած եմ, որ մեծագույն ու հեղափոխական երևույթները տեղի են ունենալու առողջապահության ոլորտում։
Ես ֆիզիկոս եմ, կյանքիս մեծ մասն անցկացրել եմ տիեզերքն ուսումնասիրելով, դրա վերաբերյալ հազար անգամ ավելի խոր գիտելիքներ ունեմ, քան սեփական մարմնիս մասին: Մեր բժշկական համակարգերը հին են։ Մենք չենք հասկանում, թե ինչպես է աշխատում մեր մարմինը, որն ինքն իրենով մի ամբողջ տիեզերք է։
Օգտագործելով արհեստական բանականությունը, քվանտային համակարգիչներն ու մյուս տեխնոլոգիաները՝ մենք կկարողանանք նոր հեղափոխական բաներ իրականացնել։ Այդ պատճառով որդուս հետ ստեղծել ենք մի կառույց, որը կոչվում է Advanced Tomorrow… Մեր գործընկերների շարքում են Vast-ը, որը զբաղվում է հաջորդ սերնդի արբանյակների ստեղծմամբ, Սինգապուրի ազգային համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Քեմբրիջի համալսարանը և այլն։ Մենք ցանկանում ենք բացահայտել, թե ինչպես է աշխատում մեր մարմինն իր ամբողջ բարդ համակարգով: Դա մեծ մարտահրավեր է և գործունեության շատ հետաքրքիր ոլորտ։ Այս գործում Հայաստանը կարող է լինել առաջատարներից, սակայն դրա համար պետք է լրջորեն տրամադրվենք, սկսենք կրթել մեր երեխաներին դեռ դպրոցից ու նրանցից պահանջենք լինել մրցունակ։ Նրանք պետք է հավատան, որ դժվար միջավայրում տքնաջան աշխատելու պարագայում կարող են դառնալ աշխարհում լավագույններից։
…Ամեն ինչ սկսվում է կրթությունից։ Մոլորակի, բոլոր երկրների ապագան կախված է արժեքներից, ինքնությունից և կրթությունից։ Սա իր մեջ շատ բան է ներառում։ Նախ, ով ես ու որտեղից ես գալիս։
Հայերիս համար շատ կարևոր է գիտակցել՝ ո՞վ ենք, ո՞րն է մեր պատմական ինքնությունը, մեր ներկա ինքնությունը, ո՞րն է լինելու մեր ինքնությունը վաղը։ Ինչի՞ վրա է հիմնված մեր ինքնությունը, և որո՞նք են մեր արժեքները։ Արդյո՞ք դա կրոնն է, պատմությունը, բացառիկ կարողությունները, ընտանիքը կամ ընտանեկան ավանդույթները։
Ամենակարևորը՝ պետք է կրթել ու ապագա կերտել մանկությունից սկսած։ Ցանկացած երեխայի ուղեղում արդեն պետք է լինեն այս հարցերի պատասխանները, ցանկացած երեխա պետք է ունենա ազատության զգացում և ուժ, որը կասի՝ ես կարո՛ղ եմ փոփոխություն մտցնել։
Այն ամենը, ինչ հիմա կատարվում է աշխարհում, պատահականություններ չեն, այլ՝ ազդակներ նոր աշխարհի մասին։ Հին կարգերն այլևս չեն աշխատելու։
Աշխարհը փոխվել է։ Մենք այլևս չենք կարող ասել, որ եթե լինի հակամարտություն, ՄԱԿ-ը կգա, կլինեն խաղաղապահներ… Ոչ, դա չաշխատեց ո’չ Հայաստանում, ո’չ Ուկրաինայում կամ Գազայում կամ աշխարհում որևէ այլ տեղ։ Մենք պետք է ընդունենք, որ աշխարհը շատ արագ է փոխվում՝ ինչպես յուրաքանչյուրի կյանքում անհատապես, այնպես էլ քաղաքական տեսանկյունից։ Մենք պետք է սովորենք, թե ինչպես ապրել և այդ փոփոխություններին հարմարվել մեր կյանքի բոլոր ոլորտներում: Իհարկե, դա բարդ է։
Պետք է ընդունենք, որ սա այլևս այն աշխարհը չէ, որտեղ նախկինում ապրում էինք։ Մենք պետք է փոխենք ինքներս մեզ, համակարգերը, մտածելակերպը։ Եւ երբ փոխենք, կհասկանանք, թե ինչպես է պետք ապրել, ու դա կտա իր պտուղները»:


















































