«Ինքնագլորները վարելու տարածք չունեն, մայթերով են գնում, վերջերս հիշո՞ւմ եք, ձեզ էլ զանգահարեցի եւ ասացի, որ սաղավարտ չունեն։ Հիմա՝ ավելին, երկու հոգով են վարում, կարող է երրորդն էլ նստի մյուսի ուսերին, արագություն են բացում եւ հաշվի չեն առնում, որ այդ արագությունը անկառավարելի է դառնում․ հնարավոր է երեխա լինի, հնարավոր է մենք չնկատենք՝ հրենք եւ իրենք կյանք կորցնեն»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին, ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այս եւ ավտոտրանսպորտային տարբեր միջոցներին առնչվող հարցերը քննարկման դարձան «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին նախագծի քննարկման ժամանակ։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ։
Ինքնագլորների մասով, նախարարի տեղակալն ասաց, որ ուսումնասիրում են դաշտը, կարգավորումները կներկայացնեն լրացուցիչ նախագծով։
Իսկ ներկայացվող նախագծով սահմանվում է մոպեդների, տրիցիկլների, քվադրիցիկլների ապահովագրում։ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է երկանիվ մոպեդ՝ 2594, եռանիվ մոպեդ՝ 29 տրիցիկլներ եւ քվադրիցիկլներ՝ 127։
Կարդացեք նաև
«Հնդիկների կողմից վարվող մոպեդների վերահսկողությունը ո՞նց է լինելու»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց։
Արմեն Ղազարյանը պատասխանեց՝ կարգավորում ենք նախատեսում, որ վերահսկողությունը հնարավոր լինի իրականացնել․ դա արվելու է այն մեթոդներով, որով այլ մեքենաների դեպքում է։ Սահմանվել է նաեւ պարտադիր գրանցման պահանջ, որ հնարավոր լինի վերահսկել։
Գեղամ Մանուկյանը հարց տվեց նաեւ էլեկտրամոբիլների գույքահարկի հետ կապված, բողոքներ ունի։ Ասում է՝ կային ընկերություններ, որոնք բավականին մեծ գումարի դիմաց թեսթ են իրականացրել եւ մեքենայի ձիաուժը իջեցրել են, արդյունքում գույքահարկը նվազել է, բայց նույն մոդելի այլ մեքենաներ ավելի մեծ գույքահարկ են վճարում։
Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց․ «Առաքիչների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին խոսք գնաց, դրանք շատ փոքր են, մեծ մեքենաների վարորդները հաճախ չեն էլ նկատում։ Ավելին, նրանք նաեւ հարմարվել են մեր իրականությանը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից՝ հետեւի համարները ծռում են։ Էդ հարցը ո՞նց պիտի լուծվի»։
ՔՊ-ական պատգամավորին նաեւ հետաքրքրում էր, որ գերատեսչական մարմինների դեմ մեքենաներ են տեղակայվում, ասում է՝ մի պահ այդ հարցը լուծվում էր, հիմա նորից կա։ Անդրանիկ Քոչարյանը մի դեպքով Խուդինյանին էր խնդրել, մինչեւ իր պաշտոնից հեռանալը, նա հարցը լուծել էր, բայց կարծում է, որ դա միջամտությամբ չպիտի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































