Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ արցախցին ասում է՝ «Ես տուն եմ գնալու», մեր պայքարն ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Մարտ 02,2026 12:52

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձմռան վերջին օրը Մասիսում էինք։ Հանդիպեցինք Արցախի մեր հայրենակիցների հետ։

Խնդիրները շատ են։ Վերքերը՝ բաց։ Բայց ամենացավալին անորոշությունն է, որի մեջ պետական իշխանությունը փորձում է պահել մի ամբողջ ժողովուրդ։

Մասիս համայնքի ղեկավարությունը բռնի տեղահանության առաջին օրերից փորձել է անել առավելագույնը՝ թեթևացնելու մարդկանց սոցիալական, կենցաղային, մարդկային ծանր վիճակը։ Դա արժանի է գնահատանքի։ Բայց միևնույն է համայնքների ջանքերը չեն կարող փոխարինել պետության ռազմավարությանը։

Պետությունը պարտավոր է ոչ թե պարզապես «կառավարել տեղահանությունը», այլ ձևակերպել և իրականացնել վերադարձի հստակ քաղաքական օրակարգ։

Հայրենակիցներս խոսում էին բնակարանային, աշխատանքային, սոցիալական խնդիրներից։ Առաջարկում էին լուծումներ։ Իրատեսական, հաշվարկված, գործնական։ Նրանք չեն պահանջում խղճահարություն։ Նրանք պահանջում են համակարգված պետական մոտեցում և արժանապատիվ պայմաններ՝ մինչև մեր իրավունքի իրացումը։

Բայց ամենակարևորն այլ էր։

Յուրաքանչյուրը, առանց բացառության, ասում էր նույնը․

«Մենք չենք հարմարվելու այս իրողությանը»։

«Մենք տուն ենք գնալու»։

Եվ սա է հիմնական քաղաքական փաստը։

Արցախցիները չեն հրաժարվել իրենց հողից։ Չեն հրաժարվել վերադարձի իրավունքից։ Չեն հրաժարվել պայքարից։

Հրաժարվել են միայն այն պատրանքից, թե ինչ-որ մեկը իրենց փոխարեն կպայքարի։

Եթե պետությունը չունենա հստակ քաղաքական կամք՝ միջազգային հարթակներում, իրավական գործընթացներում, դիվանագիտական օրակարգում վերադարձի հարցը դարձնելու առաջնային և անշրջելի, ապա ժամանակավոր սոցիալական ծրագրերը կվերածվեն լռեցման գործիքի։

Մենք իրավունք չունենք բռնի տեղահանությանը հարմարվել։

Մենք իրավունք չունենք մարդկանց հաշտեցնել կորստի հետ։

Մենք պարտավոր ենք վերադարձի իրավունքը դարձնել պետական քաղաքականության առանցք։

Որովհետև սա միայն սոցիալական խնդիր չէ։

Սա ազգային արժանապատվության, ինքնության և պետականության հարց է։

Եվ քանի դեռ արցախցին ասում է «Ես տուն եմ գնալու», մեր պայքարը ավարտված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրայր Ուլուբաբյան says:

    Արցախահայերի վերադարձը Արցախ յուրաքանչյուր Արցախցու երազանքն է: Սակայն այդ վերադարձը ողջամիտ ու հնարավոր կլինի միայն Արցախն ազատագրելուց հետո: Հակառակ դեպքում կրկին կենթարկվենք ցեղասպանության, որովհետև` 1, աշխարհում տիրող անիրավության ու խառնաշփոթության պայմաններում ոչ մի միջազգային կառույց չի կարող ապահովել անվտանգ վերադարձ, և 2. թորքը չի հրաժարվել իր գլխավոր նպատակից` Մեծ Թուրան ստեղծելուց, որի իրականացման համար նրան հարկավոր է ոչ միայն Արցախը, այլ նաև Զանգեզուրը, ինչպես նաև «արևմտյան ադրբեջանը» առանց հայերի:
    Այնպես որ` մեր վերադարձը հնարավոր է միայն Արցախն ազատագրելուց հետո, ազատագրել հնարավոր է միայն ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ
    Հրայր Ուլուբաբյան-Ճշմարտության Մարտիկ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031