Լրահոս
Օրվա լրահոսը

Ես միշտ համարել եմ, որ Հրանտը հենց Հայաստանն է. Ռոման Բալայանը՝ Հրանտ Մաթեւոսյանի մասին

Մարտ 02,2026 13:32 Share

«Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի եւ այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի եւ երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի»,-սա մի հատված է այն տեքստից, որ Հրանտ Մաթեւոսյանը գրել է 1992 թվականին՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման առիթով: Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը արդիական են այսօր եւ կլինեն նաեւ վաղը ու միշտ: Մարտի 1-ին մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամը գարունը սկսեց հոբելյանական տարվա ամփոփմամբ:

Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի տնօրեն եւ ժառանգորդ Դավիթ Մաթեւոսյանը նախ ներկայացրեց իրենց աջակցած մարդկանց եւ կազմակերպությունների պատվո ցուցակը, որոնք անմասն չեն մնացել Հրանտ Մաթեւոսյանի 90-ամյակի միջոցառումներից: Նրանց թվում էին Գառնի ինվեստ կազմակերպությունն ու Բագրատ Ասատրյանը, Ֆաստ բանկը, Վահէ Ֆաթթալ հիմնադրամը, Վիզուալ Հայաստան կազմակերպությունը, Կինոգործիչների միությունը, Հայաստանի ազգային գրադարանը, Թումանյան թանգարանը, Համազգային թատրոնն ու Նարինե Գրիգորյանը, մի շարք դպրոցներ, գրադարաններ եւ այլն:


Դավիթ Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ վերահրատարակվել են Մաթեւոսյանի «Օգոստոսը» եւ « Մեր վազքը» գրքերը, «Ծառերը» «Մագաղաթ» հրատարակչության շնորհիվ ընթերցողի սեղանին կլինի 1-1,5 ամսվա ընթացքում:

Անդրադառնալով գրադարանների եւ դպրոցների կազմակերպած միջոցառումներին՝ Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ նրանք շատ ստեղծարար են գտնվել, օրինակ, Գարեգին Նժդեհի անվան 161 դպրոցը Մաթեւոսյանի պատմվածքները կենսաբանության միջոցով փորձել է բացատրել մարդկանց ռեֆլեքսները. «Հրավիրել էինք այստեղ բաց դաս անելու: Երեխաները վերլուծում էին՝ արդյոք Աղունի այս կամ այն խոսքը մայրական բնա՞զդ էր, սե՞ր էր, թե՞ ատելություն՝ ռեֆլեքսոլոգիայի տեսակետից: Նրանք Աղունին սկզբից դարձրին կենդանաբանական էակ, հետո բերեցին Աստծուն, եւ պարզվեց, որ Աղունն, այնուամենայնիվ, Աստծո կողմից է արարված»:

Անդրադարձ եղավ նաեւ Մհեր Մկրտչյան թատրոնում Տաթեւ Մելքոնյանի բեմադրած «Այս կանաչ կարմիր աշխարհը» բեմադրությանը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի: Կոլաժիստ Էդուարդ Տեր-Սահակյանը յուրատեսակ կոլաժ նվիրեց Հրանտ Մաթեւոսյան կենտրոնին:

Միջոցառման ընթացքում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահությունը Հովհաննես Թումանյանի հետնորդ պատվավոր կոչումը շնորհեց Հրանտ Մաթեւոսյանին:

Դավիթ Մաթեւոսյանը հուզմունքով խոսեց նաեւ Ահնիձորի մասին, որտեղից միշտ մասնակցում են Մաթեւոսյանական միջոցառումներին. «Երբ առաջին ցուցադրությունն էինք իրականացնում, ամենահուզիչը Ահնիձորի գալն էր, մարդիկ ավտոբուս էին նստել ու եկել էին, հրաշք էր ինձ համար… Այսօր էլի ներկա են, որովհետեւ սա իրենց տունն է, Հրանտը իրենցն է, եւ իրենք Հրանտինը»:

Կինոռեժիսոր եւ սցենարիստ Ռոման Բալայանը հետաքրքիր դրվագներ պատմեց Հրանտ Մաթեւոսյանից, նրա հումորի բացառիկ զգացողության մասին խոսեց:

«Ինձ դուր է գալիս, երբ հայերիս մասին խոսում են ոչ հայերը, մեզ գովում են ոչ հայերը: 1968թ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարիչ Վիտյա Ջորբենաձեն ինձ մի փոքրիկ գիրք նվիրեց՝ Հրանտի «Ալխոն»: Գրել էր՝ Ռոմա, նա հանճար է, անպայման կարդա: Ես ցնցված էի…Ես, իհարկե, սիրում եմ իմ ժողովրդին, ու հատկապես որ Հրանտ Մաթեւոսյան ունենք… Ես միշտ համարել եմ, որ Հրանտը հենց Հայաստանն է: Այն մանրուքները, որ կան նրա պատմվածքներում, ամեն գրող չի կարող այդպես ներկայացնել: Ես այդ գրքից մի մեծ տպաքանակ գնեցի եւ 1983թ լինելով ԽՍՀՄ հանրապետությունների բոլոր մայրաքաղաքներում՝ նվիրեցի լավագույն ռեժիսորներին, որպեսզի նրանցից եւս հեռախոսով լսեի, թե ինչ են մտածում մեր Հրանտի եւ Հայաստանի մասին»:

Ռոման Բալայանը նաեւ հիշեց, թե ինչպես է Մաթեւոսյանը հարցրել՝ արդյոք մկրտված է, եւ իր տիկնոջ հետ ստանձնել նրա մկրտության գլուխ բերելը Գեղարդում: «Ես հպարտ եմ, որ իմ կնքահայրը Հրանտ Մաթեւոսյանն է, իսկ կնքամայրը նրա տիկին Վերժինեն»:


Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց, որ այս օրը համարում է լավագույն օրերից մեկը, որովհետեւ իր արվեստով, իր արժեքներով Մաթեւոսյանն իր շուրջն է համախմբել տարբեր ոլորտների մարդկանց. «Այնքան ճշգրիտ եւ համապատասխան է այս ամենը այն արժեքին, որ ստեղծել է Հրանտ Մաթեւոսյանը»: Կոմպոզիտորը, որ աշխատել է բոլոր այն ֆիլմերում, որտեղ սցենար է արել Հրանտ Մաթեւոսյանը, ասաց, որ տեղյակ է նրա բոլոր ուրախություններից ու մերժումներից:

 

«Իմ լավ բարեկամ Ռոմա Բալայանը կարողացավ ծիծաղ շարժել, բայց ես պիտի հակառակն անեմ, պատմեմ դժվարությունների մասին Հրանտ Մաթեւոսյանի, որոնցով նա տարիներ շարունակ անցնում էր…Եղավ մի օր, որ Սովետական Միության պետական մրցանակի ներկայացրին իրեն, բայց պետք էր հավաքել այդ ամբողջ փաստագրական նյութը՝ աշխատանք, կենսագրություն, հանդիպումներ եւ այլն, դրանից բացի ծայրահեղ անհրաժեշտ էր Հրանտի հանդիպումը իր ընթերցողների հետ, որպեսզի սղագրվեր եւ ուղարկվեր Մոսկվա՝ պետական մրցանակի հանձնաժողովին: Ապշելու բան է, Երևանում չեղավ այդ համարձակություն ունեցողը, որ այդ հանդիպումը կազմակերպվի, եւ դրա վրա կազմավորվի այդ փաստաթուղթը…Բայց ի վերջո, դա իրականացրեց Լեւոն Մկրտչյանը»,-նշեց Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանչուհի Կարինե Մեսրոպյանը աշխատել է Հրանտ Մաթեւոսյանի հետ, նա այդ տարիները սիրով է հիշում: «Աշխատանքային տարիների ընթացքում շատ լավ իմանալով, թե ում հետ եմ աշխատում, հավաքել եմ նրա բոլոր ձեռագրերը, անգամ զամբյուղը նետված ձեռագիրը, իր բոլոր գրությունները՝ ուղղված տարբեր կազմակերպություններին, նախարարներին, իր բոլոր հրամանները, այդ տարիների ընթացքում ամեն օրը գրառել եմ եւ հիմա դա գիրք է դառնում: Թարգմանել եմ Յուրի Կարաբչիեւսկիի «Կարոտ առ Հայաստան» վեպը, որը նվիրված էր Հրանտ Մաթեւոսյանին: Առաջին անգամ ռուսերեն կարդալով Հրանտ Մաթեւոսյանին՝ նա չի հավատում, թե գրողը եւ մարդը նույնն են: Գալիս է Երեւան ծանոթանալու Մաթեւոսյանի հետ, եւ այդ ծանոթությունից ծնվում է հրաշալի գործը մեր երկրի եւ Մաթեւոսյանի մասին: Թարգմանել եմ նաեւ Անդրեյ Բիտովի խոհագրությունը, շարունակվում են օրագրի վրա աշխատանքները, հույս ունեմ, որ այս տարի կավարտեմ»,-ասաց Կարինե Մեսրոպյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ լոռեցի քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, նրան շնորհակալագիր հանձնվեց Հրանտ Մաթեւոսյանի կերպարային քանդակը կերտելու եւ այն Հրանտ Մաթեւոսյան կենտրոնին նվիրաբերելու համար:

Հոբելյանական տարվա ընթացքում ներկայացվեց Թումանյան թանգարանի նախաձեռնությամբ եւ «Ֆրագմենտ» ընկերության ստեղծած անիմացիայի պրեմիերան, որի հիմքում Հրանտ Մաթեւոսյանի 1992 թ. Հայաստանի Զինված ուժերի կազմավորման առիթով գրած տեքստն էր: Հենց այդ տեքստի՝ «Ես տերն եմ իմ ժամանակին» նախադասությունն է դարձել մեծ գրողի անունը կրող կենտրոնի գործունեության բանաձեւը:

«Եթե ժամանակին պետական այրերը բավարար ժամանակ եւ իմաստություն ունենային ու դարձնեին այս տեքստը քաղաքացու, զինվորի եւ մարդու գաղափարախոսություն, գուցե թե մենք բազմակի անգամ ավելի բարվոք իրականություն ունենայինք»,-ընդգծեց Դավիթ Մաթեւոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի եւ գյուղական այլ դպրոցների փակման նախագծին. «Ահնիձորը վերանալու իրավունք չունի, եւ որեւէ գյուղ վերանալու իրավունք չունի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031