Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք «կուկուռուզ» ու «պերաշկի» չեք սիրում, դա ձեր խնդիրն է»․ Սրբուհի Գալյանը՝ Իրանում պատերազմի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

Մարտ 02,2026 13:22 Share

«Եթե դուք «կուկուռուզ» ու «պերաշկի» չեք սիրում, դա ձեր խնդիրն է»,- խորհրդարանում լրագրողների դիտարկումներին այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Լրագրողները նկատել էին՝ Հայաստանի հարեւան երկրում, Իրանում, վերջին երկու օրերին պատերազմ է, իսկ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը ու կառավարության անդամները ավտոբուսում եգիպտացորեն ու կարկանդակ են ուտում ու դա ցուցադրում հասարակությանը։

 

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ իբրեւ երկօրյա քարոզարշավի ամփոփում, իր գնահատմամբ՝ արդյոք ՔՊ-ի վարկանիշում հանրային աջակցության նվազում կա, ինչպես պնդում են ընդդիմախոսները։ Սրբուհի Գալյանը հստակեցրեց. «Նախ, ներկուսակցական կամ ներքին քարոզարշավի մասին է խոսքը, ոչ թե նախընտրական քարոզարշավի, բայց դա լավ առիթ է նաեւ քաղաքացիների հետ շփվելու։ Ինձ մոտ այդ շփումներից եւ ձեզ հետ շփումներից դիսոնանս է առաջանում, որովհետեւ ձեր հարցերը լսելով՝ ես ինչ-որ ապոկալիպտիկ տրամադրություններ եմ սկսում ունենալ՝ մտածելով, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է։ Բայց ամեն ինչ վատ չէ այն դեպքում, երբ մենք շփվում ենք հանրության ներկայացուցիչների հետ։ Այդ շփումները բավականին տրամադրող են, իրականում պատասխանատվության ավելի մեծ դաշտ ձեւավորող, որովհետեւ այն խնդիրները, որ քննարկվում են, միանշանակ մեզ մղում են ավելի ջանասիրաբար աշխատելու»։

Լրագրողի հստակեցմանը՝ ՔՊ-ի շփումները հանրության հետ են, ոչ թե կուսակիցների, Սրբուհի Գալյանն արձագանքեց. «Նախ, յուրաքանչյուր առիթ քաղաքացիների հետ շփվելու լավ է եւ դա անում են բոլորը։ Այսինքն, քաղաքականությամբ զբաղվող բոլոր անձինք, նաեւ պաշտոն զբաղեցնող անձինք։ Մենք ունենք հստակ օրենսդրական արգելքներ, որոնք խախտել չի կարելի, դրանցից մեկը բարեգործության արգելքն է եւ ես օգտվելով առիթից՝ կոչ կանեմ բոլորին առանց բացառության զերծ մնալ բարեգործության արգելքի խախտման իրավիճակներից, այսինքն` չտալ այնպիսի խոստումներ, որոնք կարող են որակվել որպես բարեգործության արգելքի խախտում»։

Ինչ վերաբերվում է հարեւան Իրանում պատերազմին, Սրբուհի Գալյանն ասաց՝ ինքն Անվտանգության խորհրդի անդամ չէ, չգիտի, թե ի՞նչ է քննարկվել Անվտանգության խորհրդում։ Լրագրողներից մեկը նկատեց՝ ՀՀ-ն անգամ ցավակցություն չի հայտնել զոհերի, այդ թվում՝ Իրանի բարձրաստիճան հոգեւորականի մահվան առիթով։ Սրբուհի Գալյանը հարցով պատասխանեց․ «Կներեք, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է ՀՀ սահմաններից դուրս»։

Ճշտող հարցին՝ նորմա՞լ է, որ մեր սահմանների մոտ պատերազմ է, իսկ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավ են իրականացնում, նախարարը պատասխանեց. «Ի՞նչն է խանգարում դա անել, եթե այս պահին, վստահաբար Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է․․․»։

Թե Իրանում պատերազմը ի՞նչ անդրադարձ կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, Սրբուհի Գալյանը ասել չի կարող, այդ ոլորտի մասնագետը չէ։ Բայց պնդում է․ «Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Օրինակ, վաղը իմ օրակարգում, եթե չեմ սխալվում, դրված է Իրանի դեսպանի հետ հանդիպում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031