Հասարակական ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին, որը քաղաքային տնտեսության խնդիրներն ու բացթողումներ է լուսաբանում, 25-օրյա վարժական հավաքների են կանչել․ հարցը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։ Խնդիրն այն է, որ Արթուր Չախոյանը ՌԴ քաղաքացի է։ Նա ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինծառայությունն անցել է, որի հետո ՌԴ քաղաքացիություն է ստացել, հիմա նորից դիմել է ՀՀ քաղաքացիության վերականգնման համար, բայց հարցը դեռ ընթացքի մեջ է։ Բացի այդ, Արթուր Չախոյանը քրեական գործով է անցնում է․ մարդը, որը քրեական հետապնդման տակ է, վարժական հավաքի չի կանչվում։
Այս հարցի համատեքստում, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ կրկնակի բուժզննումից հրաժարվելը քրեականացնելու օրենքի նախագծին։ Խոսակցություններից պարզվեց, որ նախագիծը շրջանառության մեջ է։ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ՝ «Ամեն ինչ կանենք, որ արագ անցնեն քննարկումները, բոլորս էլ գիտենք, որ ժամանակին եղել են խնդիրներ այդ հարցում»։
Վահագն Ալեքսանյանը՝ անուններ չտալով, ակնարկում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին եւ նրա եղբորը՝ Կարեն Կարապետյանին․ «Նոր ընդդիմադիր սերունդ է դուրս եկել, որը զինվորական ծառայության նկատմամբ շատ վատ վերաբերմունք ունի եւ որ զինվորական ծառայության են կանչում կամ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Երկու եղբայր չորս տղա ունեն, ոչ մեկ բանակում չի ծառայել, էն մեկը ինչ-որ տեղեկանքով ազատել են բանակից, հիմա կրկնակի բուժզննության են կանչում, չի գնում»:
Գեղամ Մանուկյանը խորհուրդ տվեց՝ իրենց խմբակցության չծառայածներին էլ անդրադառնալ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































