Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը ծրագիր ունի՞՝ եթե Իրանի հետ սահմանը երկար ժամանակ փակ լինի, եթե 50 կամ 100 հազար փախստական գան Հայաստան, ի՞նչ է լինելու»

Մարտ 02,2026 14:54

Նախորդ փորձերը ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն Իրանի հետ կապված սցենարներին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ընդհանրապես այս իշխանության գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ ունեմ։ Հիմա իրենք «կուկուռուզ» ու «պեռաշկի» են ուտում՝ ցույց տալու համար, որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում։ Այսինքն՝ հասկանո՞ւմ եք, չէ՞, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ընտրական քաղաքականություն է վարում, գնում է այնտեղ, ցույց է տալիս, որ ինքը բարի, ժողովրդից ելած մարդ է, «պեռաշկի» ու «կոկուռուզ» է ուտում։ Բայց հենց մարդիկ նեղող հարց են տալիս, սկսում է գոռգոռալ։ Դա իրենց քաղաքականությունն է, ասում են՝ ընդդիմությունը սեւ խավիար է ուտում։ Ընդդիմությունն ով ինչ ասես, կարող է ուտել, օրինակ, մեր տանը երեկ ձուկ էր, ես էլ եփել, շատ համեղ էր ստացվել»։

Արթուր Խաչատրյանն ասաց՝ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքներն իսպառ հօդս են ցնդել կամ կարկանդակի եւ եգիպտացորենի հետ կերվել են։ «Տպավորություն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչ մի բան տեղի չի ունենում, որեւէ արձագանք չկա, որեւէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ՝ արդյոք Հայաստանի իշխանություններն ինչ-որ ծրագրավորում իրականացրել են՝ եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, ի՞նչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ գան Հայաստան, ի՞նչ ազդեցություն դա կունենա։ Մարդիկ ամեն ինչ թողած՝ իրենց վերընտրության հարցերով են զբաղված։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել, եղբայրական եւ բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաեւ վերաբերմունք ցույց տալ եւ ցավակցություն հայտնել։ Այնտեղ մենք ունենք նաեւ մեծ հայկական համայնք, եւ ես չգիտեմ՝ հայկական համայնքի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Պատկերացրեք՝ վաղը 50 հազար, 100 հազար փախստական Իրանից գալիս են Հայաստան, իրենք կարողություն ունե՞ն, ծրագիր ունե՞ն։ Որ արցախցիները եկան, պատրա՞ստ էին, թե՞ միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչո՞վ են պատրաստ, այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունե՞ն այս իշխանությունները, թե՞ իր պատասխանատվությունը միայն Արաքսի այս ափով վերջանում է։ Վարչապետ էր ընտրվել, գնացել էր Իրան, իրեն ընդունել էին, բա հիմա պետք է այսպես ձեռքերը լվա ու մի կողմ անցնի՞»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ եթե այս Իրանի շուրջ իրավիճակը շարունակվի սրվել, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, Ադրբեջանը կարո՞ղ է առիթից օգտվել, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ, ես որեւէ բան չեմ բացառում, կարծում եմ՝ ամեն դեպքում մեր զինված ուժերը պետք է պատրաստության բարձր մակարդակի բերել, չնայած իրենց մոտ սեր ու համերաշխություն է, եղբայրություն է»։

Ըստ պատգամավորի՝ եթե Իրանի հետ սահմանը երկար ժամանակ փակ լինի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ «Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առեւտուրը չէ, Իրանը մեր հիմնական առեւտրային ուղիներից մեկն է։ Դրան գումարած՝ օդային փոխադրումների խաթարում կա, մանավանդ հարավից եւ արեւելքից։ Մյուսը, կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ ներհոսքը պետք է կարողանաս կառավարել»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ԱՄՆ-ն շաբաթներ շարունակ իրենց ռազմական արսենալը տարածաշրջանում հզորացնում էր, ակնհայտ էր, որ այս հարվածը լինելու էր։ Եվ հարց է ծագում՝ ՀՀ իշխանությունները սահմանակից այլ պետությունների հետ բանակցե՞լ են, որ հայկական բեռնատարներն այլ ճանապարհով գնան։

Հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը հետ մնացել իշխանությունից եւ ընտրարշավը չի սկսել, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Մենք էլ երեկ ուսանողների հետ էինք հանդիպել։ Ցանկացած քաղաքական ուժ նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից սկսում է պատրաստվել հաջորդ ընտրություններին, ուղղակի մենք ըտենց վուլգար չենք անում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031