Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-իրանական ցամաքային սահմանով ՀՀ է եկել մեկ իրանահայ, հայերի տարհանման մասին ոչինչ չենք կարող ասել»

Մարտ 02,2026 15:34

Այսօր ստացվել է տեղեկատվություն, որ հայ-իրանական ցամաքային սահմանով Հայաստան է եկել մեկ իրանահայ։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

Իրանում ստեղծված իրավիճակի հետեւանքով կա հեռախոսակապի եւ ինտերնետի խնդիր, եւ հայ համայնքի հետ հնարավոր չէ կապ հաստատել։ Նելլի Ղուլյանի խոսքով՝ հայերի շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չկա։

«Իրավիճակով պայմանավորված՝ մեր գրասենյակն ինտենսիվ աշխատում է Մերձավոր Արեւելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ։ Թեժ գծին, որը գործարկել ենք 2 օր առաջ, ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Հիմնականում զանգերը եղել են Արաբական միացյալ էմիրություններում գտնվող քաղաքացիներից եւ հարցերը վերաբերել են ավիաչվերթներին։ Միայն Իրանի հայ համայնքի հետ է կապը խնդրահարույց, քանի որ այնտեղ հեռախոսակապի ու ինտերնետ կապի խափանումներ են անընդհատ։ Սակայն կարող եմ ասել, որ ստացված վերջին տվյալներով՝ հայերի շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չկա։ Կապը փորձում ենք հնարավորինս պահել նաեւ դեսպանության միջոցով, եթե այլ ինֆորմացիա լինի, կտեղեկացնենք»,- ասաց նա։

Նելլի Ղուլյանն ասաց, որ Իսրայելում հայերը հիմնականում տներում կամ ապաստարաններում են, իրենց հետ կապ կարողանում են պահել։ Քուվեյթում դպրոցները փակ են, հայերը հիմնականում տներում են։ Բեյրութում հայ համայնքն անհանգստացած է, սակայն նրանց հետ եւս կապ կա, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հետեւում է զարգացումներին։ «Կապը պահում ենք նաեւ Հայաստանի սահմանային գործընկերների հետ, կուտակումների վերաբերյալ եւս տեղեկատվություն չկա»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե իրանահայերի տարհանման որեւէ ծրագիր կա՞, Նելլի Ղուլյանն ասաց․ «Վերջին հեռախոսազրույցի ժամանակ տարհանման մասին հարց չի բարձրացվել։ Իհարկե, ընդհանուր առմամբ քննարկվում էին մտահոգությունները, թե ինչ է լինելու, բայց տարհանման մասին դեռ ոչինչ չեն ասել։ Հիմնականում իրանահայերի այստեղի բարեկամներն են մեզ զանգահարում, փորձում են տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին։ Տարհանման վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել այս պահի դրությամբ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031