«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի, դրա զարգացման դրսեւորումների պարագայում մեր տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանում, հնարավոր հետեւանքների, եւ այս ֆոնի վրա Հայաստանի գործող իշխանության՝ իր ձեւակերպմամբ, պետության հաշվին նախընտրական քարոզարշավ կազմակերպելու մասին՝ ասաց. «Տարածաշրջանը պայթում է, խաղի կանոնները եւ աշխարհաքաղաքական ճարտարապետությունը առնվազն մեր տարածաշրջանում հիմնական խաղացողների մասով վերաձեւումների փուլում է։ Եվ այս կարեւոր ֆոնին, երբ մեր անմիջական հարեւան եւ բարեկամ Իրանում ռումբեր, հրթիռներ են տրաքում, երբ միայն օրիորդաց դպրոցում 153 մանկահասակ աղջիկ երեխա մի քանի վայրկյանում մահացավ, երբ գնդակահարվեց Իրանի քաղաքական, ռազմական էլիտայի 48 բարձրաստիճան առաջնորդ, այդ թվում՝ հոգեւոր առաջնորդ Խամենեին եւ նրա ընտանիքի անդամները, երբ Թրամփը կրկին սպառնաց ոչնչացնել Իրանը, երբ Իրանը մեկ օրում հարվածեց Ծոցի յոթ երկրների ամերիկյան 27 ռազմաբազաների, երբ Իրանի նոր հոգեւոր քաղաքական առաջնորդությունը հայտարարում է, որ բարձրացված է ջիհադի՝ վրեժի, կարմիր դրոշը, ինչը նշանակում է, որ մեր անմիջական հարեւանությամբ ըստ էության երրորդ համաշխարհայինի հիմքերն են դրվում, ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի իշխանությունը երկու օր է «ուրախ ավտոբուսը». նստած՝ պեռաշկի է ուտում, ինչպես Ալեն Սիմոնյանը շատ ռազմավարական արձանագրում արեց՝ չկա սոխ եւ յուղն էլ քիչ են արել, որ իրենք չչաղանան։ Իսկ պեռաշկուց հետո մենյուն կուկուռուզն էր։ Ու այս արանքում Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ միջազգային իրավիճակը խառն է։
Պատկերացնո՞ւմ եք, աշխարհը ոտքի է կանգնած՝ Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ… Չինաստանը եւ Ռուսաստանը դատապարտում են, Իսրայելին ու Միացյալ Նահանգներին զգուշացնում, որ այս ամենը շատ հեռուն տանող, ըստ էության երրորդ համաշխարհայինի դուռ կարող է բացել մեր քթի տակ՝ Մեղրիի սահմանագծին, եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «բեսեդկայում» նարդի է խաղում, զառ են գցում, ինչ-որ «պրիկոլներ» են անում, ուրախանում, զվարճանում են»,-ասաց տիկին Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ արձանագրեց, որ մենք մոտ 100 հազարի հասնող խոշոր համայնք ունենք Իրանում։ «Մենք չգիտենք, թե հայ համայնքն Իրանում ինչ վիճակում է։ Մարդու իրավունքների հանձնակատար կար, ընդհանրապես նրա ձայնը չի լսվում, ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություն արեց, որ ովքեր այդ տարածքում են եւ Արաբական Էմիրություններում, Օմմանով կարող են գալ Հայաստան։ Փոխարենը «ուրախ ավտոբուսում» առանց սոխի պեռաշկի եւ կուկուռուզ խժռելուց առաջ այս իշխանությունը պետք է ընդհատեր պետության հաշվին իրենց քարոզարշավը եւ պիտի անհապաղ հրավիրեր անվտանգության կարեւորագույն նիստ, այլ ոչ թե այդ նիստը հրավիրեր իրենց քարոզչությունից՝ կուկուռուզ-պեռաշկի փարթիից հետո եւ պիտի հստակ մշակվեր ճանապարհային քարտեզ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































