Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արդարացրել է Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին

Մարտ 02,2026 17:25

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մարտին Արզումանյանը անմեղ է ճանաչել Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին։ Հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ 2019 թվականից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմով քննվող քրեական գործը, իսկ որ առավել ճշմարիտ է՝ քաղաքական հետապնդումն ավարտվեց։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Արզումանյանի, այսօր վճռեց ճանաչել եւ հռչակել ամբաստանյալներ Մութաֆյանի եւ Օհանջանյանի անմեղությունը։

Ուշագրավ է՝ տղաներն այս գործով տեւական ժամանակ եղել են ապօրինի կալանքի տակ, շուրջ 7 տարի կրել են մեղադրյալի/ամբաստանյալի կարագավիճակից բխող սահմանափակումներ, սակայն նույնիսկ վաղեմության ժամկետի լրանալով պայմանավորված՝ չենք համաձայնել գործի այդ հիմքով կարճմանը՝ վստահ լինելով՝ այս օրը գալու է», – նշել է Վահե Եփրիկյանը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Մութաֆյանը եւ  Սարգիս Օհանջանյանը , նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում,  գնացել էին  Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դհանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրեն եւ  այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս էր եկել ակադեմիայի հետեւի  մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին եւ վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը եւ այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Նշենք նաև, որ Աննա Դանիբեկյանն այլեւս դատավոր չէ: Բարձրագույն դատական խորհուրդը նրա լիազորությունները դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով հարուցված կարգապահական վարույթի շրջանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031