Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի հիմնական մտահոգությունը Իրանի միջուկային ծրագիրը չէ

Մարտ 02,2026 17:50

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

՞նչ գնահատական կտաք Իրանում տեղի ունեցողին։ Ինչո՞ւ չհաջողվեց խուսափել պատերազմից։

-Նախ արձանագրենք, որ Իրանի դեմ սանձազերծված գործողությունը բացահայտ ագրեսիա է ու միջազգային իրավունքի խախտում։ Այդ գործողության համար ԱՄՆ-ն ու Իսրայելը չունեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիա։ Դա նաև չի կարելի համարել Իրանի միջուկային ենթակառուցվածքը ոչնչացնելու և Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը փակելու, ինչպես նաև դրա հետ կապված սպառնալիքները չեզոքացնելու նպատակով արված գործողություն։ Իրանը տարիներ շարունակ պատրաստ է եղել ընդունելու իր միջուկային ծրագրի վրա համապատասխան սահմանափակումներն ու միջազգային վերահսկողությունը։ Ավելին, պատերազմի նախօրեին նրանք պատրաստակամություն հայտնեցին ընդհանրապես հրաժարվել Իրանում ուրանի հարստացումից։

Հետևաբար, եթե այս գործողությունը որևէ ազդեցություն է ունենալու ռազմականացված միջուկային ծրագիր նախաձեռնելու Իրանի մտադրությունների վրա, ապա դա լինելու է միայն նման մտադրություններն ամրապնդելու ուղղությամբ։ Վերջապես, պետք է պարզապես իմբեցիլ լինել հավատալու համար, որ սա տեղի է ունենում Իրանի բազմաչարչար ժողովրդին մոլլաների բռնաճնշումներից ազատագրելու, ժողովրդավարության ու ազատության լույսն Իրան բերելու համար։ Կներեք, նման բաների հավատացող մարդկանց ավելի մեղմ բնութագիր չեմ կարող տալ։

-Դուք թվարկեցիք այն փաստարկները, որոնք արժանահավատ չեք համարում որպես Իրանի դեմ գործողության իրական շարժառիթներ, բայց չասացիք, թե իրական շարժառիթները որոնք են։

 -Ես կարծում եմ, որ ամերիկյան վերնախավում իսկապես կան մարդիկ, որոնք Իրանի նկատմամբ լցված են թշնամանքով, ինչի ակունքում Իսլամական հեղափոխությանը հաջորդած իրադարձություններն են ու երկու երկրների միջև այն ժամանակվանից առկա տարաձայնությունները։ Բայց եթե դա նույնիսկ ինչ-որ ազդեցություն է ունեցել Իրանի վրա հարձակվելու որոշման վրա, այդ ազդեցությունը եղել է չնչին։

Այս գործողության հիմնական շարժիչ ուժը Իսրայելն է ու ԱՄՆ-ում գործող Իսրայելի հինգերորդ շարասյունը։ Իրականում, Թրամփը բավականին երկար ժամանակ դիմադրել է այդ ճնշմանը։ Դիմադրություն է եղել նաև զինված ուժերի ղեկավարության շրջանում, ինչը վերջերս դրսևորվեց գլխավոր շտաբի պետի որոշ հայտարարություններում։ Մասնավորապես, նա մտավախություններ էր հայտնել, որ Իրանի դեմ գործողությունը կապված է որոշ դժվար հաղթահարելի խոչընդոտների հետ, ինչի մասին գրել էր Վաշինգտոն փոստը։

Ըստ որոշ աղբյուրների, գործողությանը դեմ էին նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսն ու հետախուզական ծառայությունների ընդհանուր կոորդինատոր Թուլսի Գաբբարդը։ Բայց ի վերջո, Իսրայելին ու պրոիսրայելական լոբբիին հաջողվեց կոտրել հոռետեսների դիմադրությունն ու ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմի մեջ։

-Իսկ Իսրայելի ինչի՞ն էր պետք այս պատերազմը, եթե Իրանի միջուկային ծրագիրը նրանց դեմ վտանգ չէր ներկայացնում։ Դուք վիճարկո՞ւմ եք այն պնդումը, որ Իսրայելի հիմնական մտահոգությունը հենց Իրանի միջուկային ծրագիրն է եղել։

– Այո, ես դա լուրջ խոսակցություն չեմ համարում։ Նրանք շատ լավ գիտեին, որ Իրանը ռազմականացված միջուկային ծրագիր չուներ։ Դրա մասին բազմաթիվ անգամներ հայտարարություններ է արել նաև ամերիկյան հետախուզությունը։ Նրանք շատ լավ գիտեին, որ Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը վերահսկելի էր։ Իսրայելի հիմնական խնդիրը Մերձավոր Արևելքում տոտալ գերիշխանության հաստատումն է, ինչի միակ խոչընդոտն Իրանն է մնացել։ Իսկ այդ վերահսկողությունն էլ անհրաժեշտ է ոչ թե որովհետև դա թույլ կտա խոցելի ու անարդար ատելության առարկա Իսրայելին ապահովագրվել որոշ վտանգներից, այլ որովհետև դա թույլ կտա անպատիժ ավարտին հասցնելու պաղեստինցիների ոչնչացումը, մեկընդմիշտ օրակարգից հանելու Գազայում ու Արևմտյան ափում պաղեստինյան պետության ստեղծման կամ պաղեստինցիներին, որպես Իսրայելի քաղաքացիներ հավասար իրավունքներ տրամադրելու հեռանկարը, ինչպես նաև ավելի համարձակ ձևով հետամուտ լինելու բիբլիական Մեծ Իսրայելի ստեղծման խելահեղ գաղափարին։

-Դա ի՞նչ գաղափար է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Մեծ Իսրայելը։

– Դա Հին Կտակարանի առասպելի վրա հիմնված գաղափարն է, ըստ որի Աստված Եփրատից մինչև Նեղոս ընկած տարածքը հրեաներին է կտակել։ Ես գիտեմ, որ շատերի համար սա ինչ-որ դավադրական տեսության տեսք ունի, քանի որ բոլորիս մի լավ վարժեցրել են Իսրայելը տեսնել որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն, որն ընդամենը ուզում է գոյատևել ու որի գոյության իրավունքի մերժումն է արաբների կողմից, որ չարյաց արմատն է, բայց դա ընդամենը վկայում է պրոիսրայելական պրոպագանդայի էֆեկտիվության մասին։ Ուրախալի է, որ վերջին շրջանում այդ պրոպագանդայի էֆեկտիվությունը զգալիորեն նվազել է։ Նոր տեղեկատվական տեխնոլոգիաները բավականին դժվարացրել են մարդկանց ուղեղները նույն հաջողությամբ լվանալու գործը, ինչպես նաև Իսրայելի խիստ խնդրահարույց հավակնություններն ու հանցագործությունները մատնացույց անելը, որպես դավադրապաշտություն ու հակասեմիտիզմ ներկայացնելու կեղտոտ պրակտիկան։ Ամեն ինչի վրայից քողը ետ է քաշվել մի տեսակ, իրենք էլ դիմակները լրիվ հանել են։ Պարզապես պետք է հին մտածողության իներցիայից ազատվել ու ընդունել իրականությունը այնպես, ինչպիսին այն կա։

Իմիջիայլոց, ասածս կասկածելի համարողներին խորհուրդ եմ տալիս դիտել ամերիկացի հայտնի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի սենսացիոն հարցազրույցը Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքըբիի հետ։ Վերջինս պատկանում է ԱՄՆ-ում բավականին զգալի թիվ կազմող մի բրոնզեդարյան աղանդի, որոնք իրենց քրիստոնյա սիոնիստներ են կոչում, որոնք կրոնական ֆունդամենտալիստներ են ու որոնք ամբողջությամբ կիսում են արմատական հրեա սիոնիստների պատկերացումները Մեծ Իսրայելի տեսլականի վերաբերյալ։ Այդ հարցազրույցի ժամանակ Կարլսոնը հարցնում է Հաքըբիին. դուք իսկապե՞ս համարում եք, որ ժամանակակից Իսրայելն այն է, ինչի մասին գրված է Հին Կտակարանում ու որ հետևաբար Իսրայելի սահմանները պիտի տարածվեն Եփրատից մինչև Նեղոս։ Հաքըբին պատասխանում է` այո, թող այդ ամբողջ տարածքը վերցնեն հրեաները։

Ու նորից եմ պնդում, սա նաև ժամանակակից Իսրայելի արմատական վերնախավի օրակարգն է, բայց մեզ սիստեմատիկ կերպով վարժեցրել են կրոնական մոլեռանդությունն ու ագրեսիան Իրանի հետ ասոցացնել։

Այս պարագայում նաև հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ Հաքըբիի նման օդիոզ կերպարին վստահվել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը։ Պատկերացրեք Հայաստանում իշխանության լինեին Սասնա Ծռերը, ԱՄՆ-ն էլ Հայաստանում դեսպան նշանակեր Ֆրանկ Փալոունին, որն անդադար խոսեր Սևրի պայմանագրի իրագործման հրատապ անհրաժեշտության մասին։ Չնայած` սա երևի այնքան էլ կոռեկտ համեմատություն չէ, որովհետև Ֆրանք Փալոնը Հաքիբիի նման խավարամոլ մեկը չէ, Սևրի պայմանագիրն էլ իրական միջազգային փաստաթուղթ է ու չնայած ես համարում եմ, որ դրա հետ հույսեր կապելը ցնդաբանություն է, այն շատ ավելի լուրջ հիմք է տարածքային հավակնությունների համար, քան Հին Կտակարանը։

-Անկախ ԱՄՆ-ի ու Իսրայելի դրդապատճառներից, ինչպիսի՞ն կլինի այս պատերազմի ելքը, ըստ Ձեզ։

 –Նախ, փորձենք հասկանալ, թե ո՞րն է ամերիկացիների ու Իսրայելի հաղթանակի հասնելու մոդելը։ Ինչպե՞ս են նրանք սահմանում հաղթանակը, ի՞նչ գործիքակազմով ու ի՞նչ ռազմավարությամբ են պատրաստվում հասնել այդ հաղթանակին։ Նրանց ռազմավարությունը կառուցված է երկու փոխկապակցված գործոնների վրա։

Առաջին, նրանք գլխատում են ռեժիմը, որը հանգեցնում է համակարգի փլուզման ու ռեժիմի վերահսկողության կորստի։

Երկրորդ, նրանք աջակցում են ռեժիմի հակառակորդներին, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնություններին, դուրս գալ ռեժիմի դեմ ու անել դրա հետ այն, ինչ արեցին Քադաֆիի ու Ասադի հակառակորդները վերջիններիս հետ, կամ 2001 թ.-ին Թալիբանի հակառակորդները Թալիբանի իշխանության հետ։

ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական մեքենաների հիմնական խնդիրն այդ պարագայում, բացի ռեժիմը գլխատելուց, պետք է լինի իրանական բանակը կաթվածահար անելը, նրանց հաղորդակցահրամանատարական հանգույցները, զինապահեստները և հարվածային պոտենցիալը, հատկապես բալիստիկ հրթիռների կայանները ոչնչացնելը և նրանց տեղաշարժվելու հնարավորությունները սահմանափակելը։

Իհարկե, դեռ վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց ինձ մոտ չկա այն տպավորությունը, որ նրանց ռազմավարությունն աշխատում է։ Ռեժիմը ոչ միայն չի փլուզվել, այլ կազմակերպած դիմադրություն է ցույց տալիս։ Ոչ միայն դիմադրություն է ցույց տալիս, այլ կարողանում է հակահարվածներ հասցնել ու լուրջ գին պարտադրել իր հակառակորդներին, նրանց դեմ ընդվզման փոխարեն կարծես ավելի կոնսոլիդացվել է հասարակությունը, հատկապես Խամենեիի զոհվելուց հետո։

Էթնիկ փոքրամասնություններն էլ տակավին մեծ ակտիվության նշաններ ցույց չեն տալիս։ Իրանն ի վերջո շատ ավելի լուրջ պետություն է, քան Սադդամի Իրաքն էր, Ասադի Սիրիան կամ Քադաֆիի Լիբիան։

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հաղթանակի այս մոդելն ակնկալված արդյունքը չտա։ Մի բան հստակ է․ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը պատրաստ չեն երկարատև, հյուծման ստրատեգիայով պատերազմի։ Եթե սա տևի ավելի քան երեք շաբաթ, ԱՄՆ-ը շատ լուրջ խնդիրների է բախվելու կապված դատարկված զինապահեստների հետ։ Կարող է զարմանալի թվալ սա, բայց ելնելով այն բանից, թե նրանք ինչ զենքերով են այս գործողությունն իրականացնում, նրանց պաշարները բավականին սահմանափակ են, իսկ համալրումը բավականին բարդ` կապված թե՛ այդ զինատեսակների շատ թանկ լինելու, թե՛ մեծ քանակությամբ ու արագ դրանք արտադրելու դժվարությունների հետ։ Խոսքը հիմնականում ճշգրիտ ռումբերի, թևավոր հրթիռների ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին է։

Մի խոսքով, Իրանը հաղթում է, եթե չի պարտվում, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը պարտվում են, եթե չեն հաղթում։ Իրանի պարտությունը գուժող (կամ տոնող) վերլուծությունների վերաբերյալ իմ հոռետեսությունը նաև ամրապնդվում է այն հանգամանքով, որ արդեն գործողությունը սկսելու երկրորդ օրը Թրամփը կոնտակտի մեջ է մտել Իրանի ներկայացուցիչների հետ ու քննարկել զինադադար կնքելու հնարավորությունը , ինչը վերջիններս մերժել են, և ինչը բավականին լուրջ ցուցիչ է այն բանի, որ իրադարձություններն այնքան էլ ԱՄՆ-ի համար ցանկալի սցենարով չեն զարգանում։

-Շատերը կարող են իրավիճակի Ձեր նկարագրությունը համարել ոչ արժանահավատ, քանի որ ԱՄՆ-ի ու Իսրայելի պես երկրների ռազմաքաղաքական վերնախավերը դժվար պատերազմի մեջ մտնեին առանց Ձեր նշած հանգամանքները հաշվի առնելու և առանց պլան Բ-ի։

-Սրա վերաբերյալ Հայաստանում հաճախ եմ բանավեճեր ունենում իմ որոշ ընկերների հետ, որոնք ԱՄՆ-ի ռազմաքաղաքական վերնախավը շփոթում են պրուսական բանակի գլխավոր շտաբի հետ։ ԱՄՆ-ի համակարգը միշտ չի, որ որոշումներ է կայացնում բացառապես ռազմավարական հաշվարկի հիման վրա։ Այս կամ այն որոշումը հաճախ տարբեր շահախմբերի միջև կայացված սակարկությունների արդյունք է, իսկ երբ ռազմավարությունն այդ սկզբունքով է ձևավորվում, երբ որոշումներն այդ սկզբունքով են կայացվում, զարմանալի կարող է լինել միայն հաջողությունը։

Ոչ էլ սա առաջին դեպքն է նման սկզբունքով կայացված որոշման ու դրան ոչ օպտիմալ արդյունքի։ Հիշենք թեկուզ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմից առաջ։ Նրանք հայտարարում էին, որ որևէ սահմանափակում չեն ընդունի Ուկրաինայի` հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ դառնալու հարցում, չնայած գիտեին, որ ռուսները դա համարում էին էկզիստենցիալ սպառնալիք, միևնույն ժամանակ հայտարարելով, որ հակամարտության էսկալացիայի դեպքում նրանք չեն պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել ի պաշտպանություն Ուկրաինայի։ Այսպիսի օրինակներ տասնյակներով կարելի է բերել։

Իսրայելի պարագան մի քիչ տարբեր է։ Դա պարզապես հասարակություն է, որը հայտնվել է ծայրահեղ արմատականության զանգվածային պսիխոզի ճիրաններում, ինչպես նաև իսպառ կորցրել իրականության զգացողությունը, որովհետև շարունակում է վայելել ամերիկյան վերնախավերի անվերապահ աջակցությունը։ Բայց ԱՄՆ-ում նրանց նկատմամբ վերաբերմունքը փոխվում է գահավեժ արագությամբ վերջին տարիներին, որովհետև պարզվում է՝ նույնիսկ ամերիկացիների համբերությունը սահման ունի։ Վաղ թե ուշ սա քաղաքական հետևանքներ է ունենալու, որքան էլ շանտաժի ենթարկեն ու կաշառեն քաղաքական վերնախավերին։

-Հայաստանում, հատկապես պրոիշխանական որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Իրանում պատերազմը ամենապերճախոս ապացույցն է այն բանի, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ գործարքի գնալով Թրամփի ուղու հարցում, ինչպես նաև ընդհանրապես ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ կառուցելու հարցում, ճիշտ վարվեց։ Հակառակ դեպքում, մենք նույնպես կարող էինք հայտնվել ԱՄՆ-ի ու Իսրայելի թիրախում։ Իսկ հիմա, ենթադրաբար մեզ որևէ վտանգ չի սպառնում։ Իրականում, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ եթե Իրանում իշխանափոխություն լինի, աշխարհիկ ու ժողովրդավարական նոր կառավարություն կձևավորվի այնտեղ, որը Հայաստանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ կունենա։ Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին։

-Եկեք մի պահ պատկերացնենք, որ ԱՄՆ-ին ու Իսրայելին հաջողվում է հաղթել այս պատերազմում ու կործանել Իսլամական հանրապետությունը։ Ես որևէ պատճառ չունեմ մտածելու, որ այնտեղ Ձեր նկարագրած աշխարհիկ ու ժողովրդավարական ինչ-որ համակարգ է ձևավորվելու։ Պարտված Իրանը շատ ավելի նման է լինելու պարտված Սիրիային, քան պարտված Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչը մեզ համար բոլորովին ցանկալի հեռանկար չի։

Պարտված Իրանը կարող է նաև մասնատվել, որի փլատակների վրա կարող է ծնվել երկրորդ ադրբեջանական պետությունը կամ պարզապես Իրանի հյուսիսը կարող է Ադրբեջանի մաս դառնալ։ Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, որ դա չի կարող բաղձալի հեռանկար լինել Հայաստանի համար։

Հիմա, իհարկե մենք շատ բան չէինք կարող անել այս պատերազմը կանխելու ու նման հավանականությունը բացառելու համար` իշխանության լիներ ՔՊ-ն, թե որևէ այլ ուժ։ Բայց մեր մարդկանց ասել, թե նրանց այդ տեսակ ինչ-որ իդիլիա է սպասում Իրանի պարտության դեպքում հավասարազոր է նրանց ինտելեկտը վիրավորելուն։

Տարակուսելի է նաև հայտարարությունը, թե մենք Թրամփի ուղին տալով Հայաստանը փրկել ենք։ Եթե տված չլինեինք, ի՞նչ էին անելու։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ին դա պետք էր Իրանի դեմ և եթե այո, արդարացվա՞ծ ռիսկ էր նման գործարքի գնալը։ Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում, եթե ԱՄՆ-ը չհաղթի այս պատերազմում։ Ակնհայտորեն, այդ պնդումն անողները պարզապես համոզված են, որ ԱՄՆ-ը հաղթելու է, որ ԱՄՆ-ն ընդհանրապես «ապագայի ալիքն» է ու, որ հետևաբար պետք է լծվել ԱՄՆ-ի կառքին՝ անկախ ամեն ինչից։ Բայց դա ավելի շատ որոշակի կանխակալությունների, քան վերլուծության վրա հիմնված տեսակետ է։

 

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031