Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների ռեգիստրում անճշտությունները վերացնելու դիմումը անձնագրային բաժանմունք ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ իր անձին չվերաբերող տվյալների վերաբերյալ. ՀՔԱՎ

Մարտ 02,2026 18:11

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղել են քվեաթերթիկների լցոնումների, քվեարկության արդյունքները փոխելու, բացակա անձանց փոխարեն քվեարկելու միջոցով ընտրությունների արդյունքների կեղծման բազմաթիվ դեպքեր։ Այս հավաքական հիշողությունը շատ ազդեցիկ է դարձնում ընտրողների ցուցակների միջոցով ընտրությունների կեղծման մասին պնդումները, մինչդեռ դրանց հիմքերն արդեն չկան։

Անկախ դիտորդական առաքելություններն արձանագրել են, որ նման դեպքեր վերջին անգամ եղել են 2015թ․ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ընտրությունների արդյունքների կեղծման այս գործիքը վնասազերծվել է։ 2016-ին ընդունված նոր ընտրական օրենսգրքով, երբ քաղաքացիական հասարակության և խորհրդարանական ընդդիմության պահանջով նախատեսվել է, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները քվեարկությունից հետո հրապարակվում են։ Հարկ է հիշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրին հասանելի է նաև ընտրողների ռեգիստրը․ այն մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների, և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին:

Ընտրողների ռեգիստրի հիման վրա են կազմվում ընտրողների ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, որոնցում ընդգրկվում են համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ: Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

Ընտրողների ռեգիստրը թարմացվում է տարին երկու անգամ՝ հունիսին և նոյեմբերին: Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինն (ՀՀ ՆԳՆ) ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի ներկայացնում է ԿԸՀ-ին էլեկտրոնային եղանակով քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ և թարմացված՝ 7 օր առաջ: Ռեգիստրը մշտապես հասանելի է ԿԸՀ-ի (https://www.elections.am/Register) էլեկտրոնային կայքում՝ որոնման հնարավորությամբ։

2025թ․ նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես, ինչպես և հիմա տարածվում էին ընտրացուցակների ուռճացման մասին տեղեկություններ, որոնք ստուգելու նպատակով Անկախ դիտորդը դիմել էր ՀՀ ՆԳՆ՝ պահանջելով տեղեկություններ վերջին 5 տարում Վաղարշապատ և Խոյ համայնքներում հաշվառված և հաշվառումից դուրս եկած անձանց վերաբերյալ։ Այդ տեղեկատվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված համայնքներում ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց հաշվառվելու ամենաբարձր թվերն արձանագրվել են 2023թ․ վերջին և 2024թ․ սկզբին, ինչը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման և Հայաստանի Հանրապետությում բնակության հաստատման ժամանակահատվածին։ Միաժամանակ 2025թ․ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին բարձր է հաշվառումից դուրս գալու թիվը, ինչը բնորոշ է ընտրողների ռեգիստրի թարմացման և անճշտությունների վերացման աշխատանքներին։

Ընտրողների ռեգիստրի վաղ հրապարակման նպատակն է բացահայտել և վերացնել անճշտությունները ընտրողների ցուցակում։ Ռեգիստրում անճշտությունները վերացնելու դիմումը անձնագրային բաժանմունք ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ իր անձին չվերաբերող տվյալների վերաբերյալ։

Ընտրությունների բարեվարքությունը յուրաքանչյոր քաղաքացու աշխատանքն է։

 ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031