Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի պլաններում չկան ցամաքային գործողություններ, և հիմնական շեշտադրումը դրվում է Իրանի ներսում վարչակարգից դժգոհ հասարակական զանգվածի վրա»․ Արմեն Պետրոսյան

Մարտ 02,2026 19:40

«Ընդհանրապես երկարատև պատերազմում անմիջապես ներգրավված կողմերի շահերից չի բխում, որ այն երկար տևի։ Տվյալ դեպքում թե′ ԱՄՆ-ի, թե′ Իսրայելի, թե′ Իրանի շահերից են բխում, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը գուցե շաբաթներ տևի, սակայն կան կարծիքներ, որ դա նրա շահերից չի բխում, այսպես արձագանքեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ միայն կողմնակի դերակատարներին է ձեռնտու այս պատերազմի երկարաձգումը․ «Նման դեպքերում կողմնակի դերակատարներ են լինում, որոնց ձեռնտու է պատերազմը, որովհետև այդ պատերազմի ընթացքում հյուծվում են նրանց հակառակորդներն ու մրցակիցները։ Այս պարագայում որքան ձգվի պատերազմը, այդքան դա կարող է ձեռնտու լինել ՌԴ-ին, Չինաստանին, որոնք ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակիցները, հակառակորդներն են, և նրանց շահերից է բխում, որ ԱՄՆ-ն երկար ու հյուծիչ պատերազմի մեջ մտնի Իրանում»։

Խոսելով բուն կողմերի շահերի մասին՝ Արմեն Պետրոսյանը փաստեց՝ կա սահմանված վերջնանպատակ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից․ դա Իրանում գործող կրոնապետական վարչակարգի տապալումն է․ «Թե երբ դա տեղի կունենա, պայմանավորված է ոչ միայն բուն ռազմական գործողություններով, այլև Իրանի ներսում վարչակարգի դիմադրողականությունից։ Իսկ վարչակարգը որոշակի դիմադրողականություն ունի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի պլաններում չկան ցամաքային գործողություններ, և հիմնական շեշտադրումն այս հարցում դրվում է Իրանի ներսում վարչակարգից դժգոհ հասարակական զանգվածի վրա, այդ առումով մի քիչ հարցը բարդանում է։ Այնուամենայնիվ, երկրի ներսում, գետնի վրա հասարակությանը, բողոքական հատվածին դիմադրելն ու զսպելն ավելի հեշտ է։

Ռազմական, տնտեսական, քաղաքական ներուժի առումով էականորեն թուլացել է Իրանում գործող վարչակարգը՝ հեղինակության առումով, այնուամենայնիվ, համակարգը գլխատվել է, բայց դեռ ունակ է երկրի ներսում իշխանություն պահելու։ Եթե գնում ենք այն տրամաբանությամբ, որ հարձակվող խաղացողների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար անհրաժեշտ է, որ հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը, վարչակարգը փոխվի, բնական է, որ նրանց հակառակորդներն էլ իրենց պատասխան մարտավարությունը մշակելով և իրականացնելով՝ աշխատելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորինս ձգձգեն պատերազմը, որ հյուծվեն նրանց հակառակորդները և որոշում կայացնեն դադարեցնել պատերազմը։

Հետևաբար, մենք առաջիկա շաբաթների ընթացքում պետք է ականատես լինենք այդ գործընթացին։ Ես իրավիճակը գնահատում ու վերլուծում եմ՝ որպես փորձագետ, բայց ռազմական գործողությունների պլանավորման առումով երկու ազդեցիկ երկրների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հսկայական ինստիտուտներ են աշխատել․ եթե սկսել են պատերազմը, ուրեմն չափումներ ունեցել են, որ որոշակի ժամանակահատվածում կհասնեն իրենց նպատակին։ Հետևենք առաջիկա զարգացումներին, հատկապես Իրանի ներսում հնարավոր զարգացումներով պայմանավորված ավելի կանխատեսելի կլինի պատկերը»։

Հետաքրքրվեցինք, տարածաշրջանում այժմ ինչպիսի՞ն է ուժերի հարաբերակցությունը, Արմեն Պետրոսյանը նկատեց․ «Այս հարցում 2023-ի հոկտեմբերից ականատես ենք տարածաշրջանում ուժային բալանսի փոփոխությանը, որի շրջանակում ակնհայտորեն երևում է Իսրայելի գերակա դիրքավորումը։ 2023-ից, երբ Իսրայելն աստիճանաբար թուլացրեց իրանական տարբեր պրոքսի դերակատարների ազդեցությունն իր հարևանությամբ, դեռ 2025-ի սկզբին կանխատեսելի էր, որ արդեն Իսրայել-Իրան հեռավար դիմակայությունը տեղի է ունենալու բուն Իրանի տարածքում։

Այդ կանխատեսումը երկար սպասեցնել չտվեց․ 2025-ի հունիսին տեղի ունեցավ 12-օրյա պատերազմը։ Նման ավարտից հետո ակնհայտ էր, որ հաջորդ պատերազմն էլ երկար սպասեցնել չի տալու, և մի քանի ամիս հետո արդեն տեղի ունեցավ այս պատերազմը։ Այս պարագայում ակնհայտ է, որ 2023-ից սկսած՝ Մերձավոր Արևելքում ուժային բալանսն արագ թափով փոխվում է՝ հօգուտ Իսրայելի։ Դա տեղի է ունենում Իրանի ազդեցության թուլացման հետևանքով, բայց դրա հետևանքով տարածաշրջանում այլ ազդեցիկ դերակատարների հնարավորությունը մեծանում է․ խոսքը հատկապես Թուրքիայի մասին է։

Այս պահին և կանխատեսելի ապագայում տարածաշրջանում հիմնական մրցակցությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Իսրայելի միջև։ Ապագա տարածաշրջանային հակամարտությունը մեծ հաշվով գնահատվում է հենց այս դիմակայության տրամաբանության մեջ։ Առանձին խաղացողներ ևս կան, որոնք օգտվում կամ օգտվելու են այս իրավիճակից․ արաբական երկրներն են տարածաշրջանում, որոնք այս պահին հիմնականում տուժում են հակամարտությունից, բայց ռազմավարական առումով Իրանի թուլացումից հետո նրանց ազդեցությունը ևս ավելի մեծանալու է տարածաշրջանում, քանի որ Իրանը հիմնական մրցակիցն էր, որն ուներ գաղափարական, տնտեսական և քաղաքական լծակներ իր այս մրցակցության մեջ իր դիրքերն առաջ մղելու նպատակով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031