Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից Հոկտեմբերի 27-եր կլինեն, քանի դեռ չեն բացահայտել». Գրիգոր Հարությունյան. «Ա1+»

Մարտ 02,2026 21:21

«Ա1+». Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը զարմանում է, որ իրավապահ մարմինները ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ և Կենտրոնի նախկին ոստիկանապետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել միայն 2008թ․ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։

Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Հովհաննես Թամամյանն «առանց որևէ հիմնավորման 2008թ․ մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»։ Եվ Թամամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով կամ պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը մեղադրանքով։

Գրիգոր Հարությունյանը զարմանում է, որ իրավապահ մարմինները չեն հիշել, օրինակ, 2004թ․ ապրիլի 12-ի դեպքերը, երբ Թամամյանի ղեկավարած ծառայողները ներխուժել են ՀԺԿ գրասենյակ, ծեծի ենթարկել կուսակիցներին, ջարդել գույքը։ Նա պնդում է, որ իրավապահները Թամամյանի գործի մեջ պետք է ավելացնեն նաև այս դրվագները։

ՀԺԿ փոխնախագահն իրավապահ մարմիններից շատ դժգոհ է նաև մեկ այլ հարցի պատճառով՝ առաջ չի գնում Հոկտեմբերի 27-ի գործից անջատված՝ կազմակերպիչների մասով գործի քննությունը։

«Ասացին, թե կազմակերպիչների գործով՝ անջատված մասով քննություն ենք անում, բայց ոչ մի բան չարեցին։ Տուժողներից մեկը ես եմ, ինձ ե՞րբ են մի բան հարցրել։ Ոչինչ էլ չեն արել։ Շատ դժգոհ ենք դատախազության, իրավապահ մարմինների գործունեությունից»,- բարկանում է նա։

Ընդ որում՝ Գրիգոր Հարությունյանն ընդգծում է, որ անջատված մասի կամ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտման հարցում ինքը ոչ թե անձնական շահագրգռվածություն է դրսևորում, այլ պնդում, որ դա կօգնի խուսափել նման դեպքերի կրկնությունից։ Եվ հավելում է, որ մինչև Հոկտեմբերի 27-ի իրադարձություններն ամբողջությամբ չբացահայտվեն, մեր երկիրը չի կարողանա առաջ գնալ։

«Նորից Հոկտեմբերի 27-եր կլինեն։ Հիմա էլ չի բացառվում, որ երկրում այդպիսի տեռոր լինի, որովհետև այդ ձևով իշխանափոխություն անելու սովոր են։ Ով ասաց, որ ժողովրդավարության ուղին բռնած երկրում նման մի բան չի լինի։ Հատկապես երբ փաստեր կան, որ նման խմբեր են եղել, և փառք Աստծո, որ բացահայտվել են։ Լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են գնում, այսօր Հարավային Կովկասը եռացող կաթսա է։ Այստեղ աշխարհաքաղաքական լուրջ բախումներ են գնում»,- եզրափակում է Գրիգոր Հարությունյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031