ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումներին։
Նախարարին ուղեկցել են Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրա բազմաշերտ նշանակությունը․
Կարդացեք նաև
«Առաջնության անցկացմամբ միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծվում․ նախ՝ Հայաստանն ամրապնդում է իր դիրքը միջազգային սպորտային քարտեզում։ Նման մրցաշարերը մեր մարզիկներին տալիս են հավելյալ վստահություն՝ իրենց հայրենիքում մասնակցելու բարձրակարգ առաջնությունների և հավակնելու Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնի կոչման։ Ուրախալի է, որ հրաձգության դեպքում արդեն ունենք չեմպիոններ ու մեդալակիրներ, թեև առաջնությունը դեռ ընթացքի մեջ է, և մենք նոր մեդալների ակնկալիք ունենք»։
Նախարարի խոսքով՝ Երևանում հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացումը խթան կհանդիսանա մարզաձևի հետագա զարգացման համար։
Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները բարձր է գնահատել առաջնության կազմակերպչական մակարդակը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին մեծածավալ և պատասխանատու աշխատանքի համար։
Նրա խոսքով՝ թե՛ բացման տպավորիչ արարողությունը, թե՛ մրցումների անցկացման բարձր մակարդակն ու ստեղծված պայմանները արժանացել են մասնակից երկրների դրական գնահատականին։ Ռատներն ընդգծել է՝ Երևանում անցկացված առաջնության բացման արարողությունը եզակի է՝ ձևաչափով, բովանդակությամբ և սահմանած նշաձողով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն



















































