«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը մտահոգված է կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում վերջերս արձանագրված կենսաբանական մահվան դեպքերով, որոնք տեղի են ունեցել այն պարագայում, երբ անձանց առողջական վիճակը փաստացի գնահատվել է անհամատեղելի անազատության հետ, սակայն օրենքով երաշխավորված ազատման կամ այլ համապատասխան մեխանիզմները չեն գործել՝ բյուրոկրատական քաշքշուկների կամ մի շարք այլ պատճառներով։
Մասնավորապես, բաց աղբյուրներում առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ 2025 թվականի դեկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է ազատազրկված անձի մահն այն դեպքում, երբ նրա առողջական վիճակը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից գնահատվել է անազատության հետ անհամատեղելի։ Սակայն մինչև համապատասխան դատական նիստի կայացումն արձանագրվել է անձի կենսաբանական մահը։ Նմանատիպ դեպք արձանագրվել է նաև 2026 թվականի փետրվարին, երբ պալիատիվ բուժօգնության կենտրոնում մահացել է կալանավորված անձը, ում առողջական վիճակը նույնպես միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է անազատության հետ անհամատեղելի։ Սակայն դատարանը չի կայացրել ազատման վերաբերյալ որոշում, և անձը մահացել է՝ փաստացի լինելով անազատության մեջ։
Մտահոգիչ է նաև 2026 թվականի հունվարին Գ․Խ․-ի կողմից Կազմակերպությանն ուղարկված ահազանգը։ Անձի փոխանցմամբ՝ իր մոտ ախտորոշվել են այնպիսի հիվանդություններ, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 7-ի եզրակացության համաձայն որակվել են որպես պատժի կրման հետ անհամատեղելի։ Նշվածի նկատառմամբ՝ առաջին ատյանի դատարանի 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ անձն ազատվել է պատժի կրումից։ Սակայն դատախազության կողմից բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունվարի 30-ի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ 2025 թվականի օգոստոսի 5-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել անձի միջնորդությունը՝ իրեն հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատելու վերաբերյալ։ Դատարանը քրեակատարողական հիմնարկի պայմաններում անձի մոտ ախտորոշված հիվանդության խնամքի և բուժման կազմակերպման հնարավորության կամ անհնարինության մասին եղրակացություն ստանալու համար դիմել է ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 6-ին կայացրել է եզրակացություն առ այն, որ Գ․Խ․-ի ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ նախատեսված պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին, և նշված հիվանդության բուժումը հնարավոր չի իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ անձը հիվանդության հիմքով ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
Կարդացեք նաև
2026 թվականի հունվարին անձն ահազանգել է Կազմակերպությանը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բերակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ, և Գ․Խ․ի միջնորդությունն իրեն հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին մերժել։
Այս համատեքստում Կազմակերպության դիրքորոշումն այն է, որ հիվանդության հիմքով ազատման ինստիտուտի և պատժի կամ կալանքի նպատակների փոխկապակցվածությունը պետք է գնահատվի քրեական արդարադատության հիմնարար սկզբունքների շրջանակում։ Պատժի նպատակները դասական առումով ներառում են սոցիալական արդարության վերականգնումը, հանցագործությունների կանխարգելումը և դատապարտյալի վերասոցիալականացումը։ Կալանքի՝ որպես խափանման միջոցի նպատակն է ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը, կանխել մեղադրյալի փախուստը, նոր հանցագործության կատարումը կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։ Սակայն այդ նպատակների իրականացումը չի կարող ապահովվել մարդու հիմնարար իրավունքների հաշվին։ Ծանր հիվանդության հիմքով ազատման հարցը ծագում է, երբ անձի առողջական վիճակը դառնում է անհամատեղելի անազատության պայմանների հետ։ Այս իրավիճակում պատժի կամ կալանքի նպատակները տեսականորեն պահպանվում են, սակայն դրանց իրագործման միջոցը՝ ազատությունից զրկումը, այլևս չի համապատասխանում համաչափության և անհրաժեշտության սկզբունքներին։ Եթե անազատության մեջ գտնվելն անձի կյանքի կամ առողջության համար ստեղծում է իրական և լուրջ վտանգ, ապա նրան անազատության մեջ պահելը կորցնում է իր գործնական նպատակահարմարությունը և իրավական հիմնավորումը։


















































