Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմի ծակող հայելին. Իրանի երկփեղկվածությունը եւ մեր դասերը

Մարտ 03,2026 14:00 Share

Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները վեր հանեցին համակարգային մի ճեղքվածք, ամերիկա-իրանական անուղղակի բանակցությունների եւ դրանց զուգահեռ սանձազերծված պատերազմի ֆոնին ակնհայտ դարձավ Իրանի իշխանության երկփեղկվածությունը։ Իրանի նախագահն ու արտգործնախարարը փորձում են առաջնորդվել ռեալ քաղաքականությամբ։ Նրանք պատրաստ են ընկալել ԱՄՆ փաստարկները, գործնական քաղաքական լուծումներ գտնել, սակայն բախվում են հոգեւոր ղեկավարության սահմանած պատնեշին։

Հայկ Միրզոյան

Պոպուլիզմը պետականության ինքնակործան գործիք է։ Տարիներ շարունակ Իրանի հոգեւոր իշխանությունը հասարակությանը սնել է պոպուլիստական հայտարարություններով, թշնամանքով եւ վրեժով, ժողովրդին ստիպել են վանկարկել՝ «Մա՛հ Ամերիկային»։ Այդ խոսույթը խրախուսվել է նաեւ Արեւմուտքի հակառակորդների կողմից՝ ծառայեցնելով սեփական շահերին։

Իրանի աշխարհիկ իշխանությունը, քաղաքական համայնքի բազմաթիվ միավորներ, համարժեք գնահատելով իրականությունը, պատրաստ են ընդունել ԱՄՆ-ի առաջարկները եւ քաղաքական լուծումներ գտնել։ Եվ եթե ժողովրդական ընկալումներում արմատացած պոպուլիստական կաղապարները չլինեին, ապա Իրանը կարող էր առանց ցավալի զոհերի՝ հաղթահարել թշնամանքն ԱՄՆ-ի, Իսրայելի, ժողովրդավարական երկրների նկատմամբ, նպաստել տարածաշրջանի խաղաղությանը։

Ցավով պետք է արձանագրենք, որ նույն իրավիճակը եղել է մեզ մոտ, եւ ինչ-որ չափով առկա է նաեւ այսօր։ Մենք նույնպես տարիներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես է ռացիոնալ պետական շահը զոհաբերվում ամբոխահաճ լոզունգներին։ Հանրության մեծ մասն այսօր հասկացել է, որ երբ ժողովրդին սնում ես պատրանքներով ու իռացիոնալ ակնկալիքներով, դու ինքդ քեզ զրկում ես բանակցային սեղանի շուրջ մանեւրելու հնարավորությունից։ Պոպուլիզմը ստեղծում է մի փակ շղթա, որտեղ իշխանությունը դառնում է իր իսկ քարոզչության պատանդը։

Մենք արդեն կրել ենք ծանրագույն կորուստներ այն պատճառով, որ քաղաքական որոշումները ընդունվել են ոչ թե սթափ հաշվարկով, այլ հուզական ֆոնի ազդեցությամբ։ Իրանական այսօրվա ճգնաժամը մեզ համար վերջին նախազգուշացումն է. եթե պետությունը չի կարողանում իրագործել իր պայմանավորվածությունները՝ հասարակության իռացիոնալ ընկալումների պատճառով, ապա պետությունը հայտնվում է անդունդի եզրին։

Իրանի օրինակը ուսուցանում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ազգակործան պոպուլիզմից, դուրս գա աղետալի շրջապտույտից։ Մեզ անհրաժեշտ է պետական շահի եւ ռեալ քաղաքականության վրա հիմնված իդեալ, ռազմավարություն, որ վերջնական չխեղդվենք պոպուլիստական վրեժխնդրության կամ անիրական խոստումների ճահճում։

Կարճ ասած՝ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդին գաղափարական թույնով սնելը վերջում սպանում է հենց այդ պետության ապագան։

 

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ընդհանուր առմամբ, այո, բայց լավ կլիներ հստակեցվեին ասելիքի «+» և «-» բևեռները, այլապես բոլորը իրենց ձևով կնկալեն, կհամաձայնեն, բայց կոնկրետ ինչին՝ չեն իմանա։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031