«Պոստմոդեռնիստական» արդարացումների սնանկությունը
Ինչպես հայտնի է, աշխարհում կան հազարավոր մարդիկ, որոնք վստահ են, որ Երկրագունդը տափակ է: Արդեն 70 տարի գոյություն ունի այդ մարդկանց միավորող կազմակերպություն (Flat Earth Society), հրապարակվում են գրքեր եւ հոդվածներ, գործում են սոցցանցային խմբեր, որոնք միավորում են այդ տարօրինակ գաղափարին հավատացող մարդկանց: Տեսականորեն այդ մարդիկ կարող են ապրել տեղեկատվական փուչիկի մեջ, տվյալ թեմայով շփվել միայն իրար հետ, եւ նորանոր «փաստարկներ» գտնել, որոնք հաստատում են իրենց այդ համոզմունքը:
Հիմա ո՞րն է իմ` լրագրողի առաքելությունը, եթե ես ցանկանամ գրել այդ թեմայով: Արձանագրելուց հետո, որ այս հարցում կա երկու կարծիք, ես պետք է գամ եզրակացության, որ Երկրագունդը մի քիչ կլոր, մի քիչ տափա՞կ է, կամ մի փոքր տափակավուն է, մի փոքր էլ՝ կլորավո՞ւն: Արդյո՞ք այդպիսի «անաչառ» եզրակացությամբ ես, իմ հերթին, չեմ խաբի իմ ընթերցողներին:
Տափակ Երկրագնդի կողմնակիցների շարժումը, թերեւս, հարկ է պարզապես կուրյոզ համարել, ծիծաղաշարժ, անմեղ մոլորություն, որի առիթով կարելի է ուսերը թոթվել, ժպտալ եւ առաջ անցնել: Բայց կան ստեր, որոնցով միտումնավոր կերակրում են հազարավոր, միլիոնավոր մարդկանց: Այդ ստերը հավաքվում, կուտակվում են իրար գլխի, որովետեւ մեկ անգամ սուտ խոսողը պետք է դրանից հետո անընդմեջ ստեր հորինի, որպեզի փուչիկի մեջ պահի իր ազդեցության տակ գտնվող մարդկանց փակ շրջանակը:
Կարդացեք նաև
Ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաեւը դեռեւս նախորդ դարի 20-30-ական թվականներին գրում էր այն մասին, որ հեղափոխական եւ տոտալիտար ռեժիմները ստեղծում են միֆերի փակ համակարգ, որտեղ սուտը պետական նորմ է դառնում, ճշմարտությունը փոխարինվում է «քաղաքական ճիշտ գծով», իսկ մարդը ստիպված է ապրել ստի մթնոլորտում: Այդ ամենը՝ սոցցանցերից, «ինֆորմացիոն փուչիկներից» եւ «պոստմոդեռնիզմից» 100 տարի առաջ:
Չնայած Բերդյաեւի քննադատության հիմնական թիրախը կոմունիզմն էր, նա, ըստ ամենայնի, հասկանում էր, որ մեկ գաղափարախոսությամբ ստի հաղթարշավը չի սահմանափակվելու, եւ նշում էր, որ «բուրժուական աշխարհը» նույնպես կարող է կառուցված լինել ստի վրա, եթե հիմքում դրված են ոչ թե աստվածային ճշմարտություններ, այլ կուռքերը՝ փողը, ազգը, պետությունը:
…Այսօրվա Հայաստանի իշխանությունը նույնպես ստեղծել է առասպելների փակ համակարգ, որի ամեն մի բաղադրիչ պակաս անհեթեթ չէ, քան Երկրագնդի տափակ լինելու մասին տեսությունը: Ստի բազմաթիվ շղթաներից բերեմ երկուսը: 44-օրյա պատերազմում պարտության համար մեղավոր են «նախկինները», որոնք թալանում էին բանակը եւ զենք չէին գնում, ռուսները, Ռուսաստանի 5-րդ շարասյունը, դավաճան գեներալները, 11 հազար դասալիքները եւ այլն: Բացի այդ՝ եթե մենք հաղթեինք պատերազմում, ապա մեծ կախում կունենայինք Ռուսաստանից:
Երկրորդ շղթան. կաթողիկոսը ռուսական գործակալ է, կաթողիկոսն ուզում է Մայր աթոռը տեղափոխել այլ երկիր, կաթողիկոսը պատրաստվում է թալանել Էջմիածնի գանձերը, եպիսկոպոսները մանկապիղծ են եւ այլն:
Տասնյակ հազարավոր հայաստանցիներ ապրում են այդ առասպելաբանության փակ համակարգի մեջ. պաշտոնական ստի քանակն այնքան մեծ է, որ ճշմարտությունն ասելը գրեթե անիմաստ է դառնում: Մյուս կողմից, ինչպես եւ «տափակ Երկրագնդի դեպքում», ասել՝ «մի քիչ այսպես է, մի քիչ էլ այնպես, կարող է այսպես կամ այնպես լինել» կնշանակի՝ ապրել նույն «պոստմոդեռնիստական» համակարգում: Իսկ ավելի պարզ՝ ստի թագավորությունում:
…«Ի՞նչ է ճշմարտությունը», – հարցնում է Պոնտացի Պիղատոսը (Հովհ.,18:37–38): Հոգնած, հիասթափված, օտար երկրի բարքերից գլուխ չհանող, ինչ-որ տեղ իրեն կորցրած մարդու հարց է: Եթե նրա ասածը թարգմանենք ժամանակակից խոսակցական հայերենի, կլինի մոտավորապես այսպես՝ «տո լավ է, ախպոր պես, ճշմարտությունը ո՞րըս է»: Պոստմոդեռնիստական հարց է, որը պատասխան չի պահանջում: Ձեռքերը լվալու «գեղեցիկ» արդարացում:
Բայց «ստի թագավորության» մեջ ապրելն այնքան էլ անմեղ զբաղմունք չէ: «Դուք ասացիք… եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք» (Եսաի, 28:15): Մարգարեն գտնում էր, որ այդպես հնարավոր չէ պաշտպանվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2026



















































«…Այսօրվա Հայաստանի իշխանությունը նույնպես ստեղծել է առասպելների փակ համակարգ, որի ամեն մի բաղադրիչ պակաս անհեթեթ չէ, քան Երկրագնդի տափակ լինելու մասին տեսությունը: Ստի բազմաթիվ շղթաներից բերեմ երկուսը: 44-օրյա պատերազմում պարտության համար մեղավոր են «նախկինները», որոնք թալանում էին բանակը եւ զենք չէին գնում, ռուսները, Ռուսաստանի 5-րդ շարասյունը, դավաճան գեներալները, 11 հազար դասալիքները եւ այլն: Բացի այդ՝ եթե մենք հաղթեինք պատերազմում, ապա մեծ կախում կունենայինք Ռուսաստանից: Երկրորդ շղթան. կաթողիկոսը ռուսական գործակալ է, կաթողիկոսն ուզում է Մայր աթոռը տեղափոխել այլ երկիր, կաթողիկոսը պատրաստվում է թալանել Էջմիածնի գանձերը, եպիսկոպոսները մանկապիղծ են եւ այլն»:
Այս ամենը սուտ է, իհարկե, որովհետև հրապարակման մեջ ներկայացվում է այդ նույն իրականի՝ գրոտեսկային ձևով, լավ հայտնի հնարք՝ արագ անվրեպ գործող․․․ բայց սոսկ այս մանրուքը չհասկացողների համար։