Նրա «Վանա կատու» կտավը եւս ձախ ձեռքով է նկարված
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը պարգեւատրվել է RUSSIAN GALLERY XXI միջազգային ամսագրի դիպլոմով՝ ազգային մշակութա-լուսավորչական նախագծերում անձնական ներդրումի համար: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց նկարիչը: Ամսագրում նաեւ հոդված է տպագրվել «Փարավոն Միրզոյան. ներդաշնակության եւ լռության վարպետը» խորագրով:
«Փարավոն Միրզոյանը նկարիչ է, ում համար արվեստը աշխարհաճանաչման միջոց է, լեզու, որով խոսում է հոգին»,- գրված է հոդվածում: Այնտեղ նաեւ նշված է, որ Փարավոն Միրզոյանն իր ստեղծագործական ուղին սկսել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայից, եւ Պետերբուրգի ակադեմիական դպրոցի ու հայրենի հողի էներգիայի ներդաշնակումից ծնվել է բացառիկ գեղարվեստական ինտոնացիա:
«Մեկ տարի առաջ ինձ նամակ ուղարկեցին Մոսկվայից, ասացին, որ բարձր են գնահատում իմ արվեստը եւ այն ցանկանում են ներկայացնել իրենց հեղինակավոր ամսագրում, խնդրեցին մի 30 նկար ուղարկել: Ընտրեցին 21 նկար, որոնք տպագրվեցին այդ ամսագրում, ավելի ուշ ուղարկեցին իմ դիպլոմը… Իրենք ուսումնասիրել էին, որ ես ռուսական դպրոցն եմ անցել, գիտեին, որ իմ ստեղծագործությունները ռուսական 13 թանգարաններում են գտնվում: Իրենք նաեւ առաջարկեցին, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրենց ցուցասրահին, ինչը եւ արեցի», – նշեց Հայաստանի ժողովրդական նկարիչը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում անդրադարձ եղավ նկարչի՝ ծրագրված անհատական ցուցահանդեսին: Նա հույս ունի, որ այն կկազմակերպվի Հայաստանի ազգային պատկերասրահում: Փարավոն Միրզոյանը տեղեկացրեց, որ իր արվեստանոց է այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, եւ խոսել են այդ թեմայով. «Ես այդ ցուցահանդեսին կներկայացնեմ բոլորովին նոր գործեր: Վերջին 4 տարիների ընթացքում նոր ստեղծագործություններ են ծնվել, որոնք նախատեսված են անհատական ցուցահանդեսի համար: Մեր՝ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը ցանկություն ունի ինձ ներկայացնելու որպես արվեստաբան: Պատրաստվում եմ ներկայացնել 40 նոր աշխատանք, մենք միասին կորոշենք՝ ինչ աշխատանքներ ցուցադրել»:
Փարավոն Միրզոյանի արվեստանոցում նկատեցինք նրա վերջին աշխատանքներից մեկը, որ «Վանա կատու» է կոչվում: Սա այն աշխատանքների թվում է, որ նկարիչը նկարել է ձախ ձեռքով: «Վերջերս մի հաղորդում նայեցի, որտեղ Վանա կատուն ներկայացվում էր որպես թուրքական ցեղատեսակ, շատ նեղսրտեցի, ախր Վանա լճի մակարդակն իջել է, հայկական խաչքարեր են դուրս եկել: Աշխարհը գիտի, որ Վանը հայկական քաղաք է, Վանա կատուն էլ հայկական է: Դրանից հետո որոշեցի նկարել վանեցի աղջկան եւ Վանա կատվին: Մի քանի անգամ փոփոխել եմ նկարը:
Ընդհանրապես նոր աշխատանքներ շատ ունեմ, համարյա ամեն օր ստեղծագործում եմ, դա իմ կենսակերպն է, ես ստեղծագործելով եմ ապրում»,- հավելեց նկարիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2026




















































