Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դեպքում աշխատանքային միգրանտը կարող է արտաքսվել Ռուսաստանից

Մարտ 04,2026 13:09 Share

«Այն փոփոխությունները, որոնց մասին խոսելու ենք, ուղիղ շարունակությունն են 2025թ. փետրվարի 5-ից ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի եւ վերահսկվող անձանց ռեեստրի: Հիշեցնեմ, որ 2025թ փետրվարի 5-ից Ռուսաստանում ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստր, ինչը նշանակում էր, որ եթե անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, նրա բանկային հաշիվները սառեցվում են, եւ որեւէ պետական գերատեսչություն նրան ծառայություն չի մատուցվում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը՝ խոսելով ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններից:

Նրա խոսքով. «Մարտի 1-ից սկսած՝ մյուս գերատեսչություններին միացել է նաեւ հարկայինը: Նախ` փոխվել է հարկային ծառայությունների տեղեկանքի ձեւը, այն այլեւս թղթային տարբերակով չէ, եւ տրվելու է որպես էլեկտրոնային քաղվածք: Հարկերի չվճարումը կամ նման բանի հայտնաբերումը եւս կարող է հիմք հանդիսանալ, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում: Ուզում եմ մեր աշխատանքային միգրանտների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը շատ էական նշանակություն ունի՝ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելու առումով:

Երբ մեր քաղաքացիները ՌԴ-ում կնքում են աշխատանքային պայմանագիր, հաճախ գործատուն, որպեսզի շատ հարկեր չվճարի, կամ երբ ֆիզիկական անձի հետ է կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, որպեսզի շատ հարկեր չվճարի, պայմանագրում նշում է մի աշխատավարձ, աշխատողը ստանում է մեկ այլ գումար: Եվ երբ իր աշխատավարձի չափով կամ ավելին փորձում է ուղարկել Հայաստան՝ իր հարազատներին, աշխատանքային միգրանտի տվյալները միանգամից փոխանցվում են միգրացիոն ծառայություն, եւ ոստիկանությունն էլ հասանելիություն է ունենում դրան, անձը պետք է հիմնավորի, թե որտեղից են այդ գումարները, այլապես կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում եւ կարող է արտաքսվել»:

Տաթեւիկ Բեժանյանի տեղեկացմամբ, սա վերաբերում է նաեւ այն անձանց, որոնք իրենց ամբողջ բրիգադի գումարը հավաքում եւ մեկ ձեռքից բանկով փոխանցում են բրիգադի անդամների ընտանիքներին. «Սա նույնպես կարող է հանգեցնել նրան, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում: Ստացվում է, որ մարդն իր ունեցած աշխատավարձից բազմակի անգամ մեծ գումար է փորձում փոխանցել, անգամ եթե դա անում է տարբեր մարդկանց անուններով: Ուստի պետք է խնդրեմ, որ յուրաքանչյուրն իր գումարը փոխանցի, որպեսզի չհայտնվի այս խնդիրների առաջ, չընկնի քաշքշուկների մեջ, երկար պարզաբանումներ տա՝ որտեղից է իր գումարների ծագումը, արդյոք դա կապ ունի ահաբեկչական գումարների հետ եւ այլն: Լավ կլինի, որ այն աշխատավարձը, որ իրապես ստանալու եք, ֆիքսվի ձեր պայմանագրում: Գործատուն թող հարկեր վճարի այդ գումարից, որպեսզի չունենաք խնդիրներ, կարողանաք հանգիստ գործունեություն ծավալել»:

Մանրամասն՝ տեսանյութում 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031