«Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, եւ Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստեր ու արբանյակային լուսանկարներ։
Թաթոյանը փաստեր ներկայացրեց, ըստ որոնց՝ Գեղարքունիքի մարզում Վարդենիսում ադրբեջանական նոր դիրքի տեղակայում եւ ՀՀ տարածք ներխուժման դեպք է արձանագրվել։ «Մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ն այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Եվ արբանյակային լուսանկարներով մենք տեսնում ենք, որ այս դիրքի տեղակայում տեղի է ունեցել մինչեւ օգոստոսի 19-ը։ Տեսնում ենք, որ սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է»,- ասաց նա։
Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները ՀՀ տարածքում հատուկ կոմունիկացիոն ճանապարհներ են կառուցել, որոնցով բարելավում են նաեւ իրենց կոմունիկացիաները։ «Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ թաքստոցներ, կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար։ Ճանապարհի անմիջական հարեւանությամբ այս թաքստոցներն են, ընդ որում՝ ակնհայտ է, որ սա կարող են ակնհայտորեն օգտագործել նաեւ հարձակվողական նպատակներով։ Սրանք ուղիղ վերահսկողության տակ են պահում մեր գյուղերը։ Նորից մինչեւ 2025-ի հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցիների առաջխաղացումները, ամրաշինական ու ինժեներական աշխատանքները միայն Գեղարքունիքի մարզում չեն, նաեւ Վայոց ձորում են, մասնավորապես, Ջերմուկի տարածքում։ «Սա Ջերմուկն է, արբանյակային լուսանկարներով տեսնում ենք, որ սրանք մինչեւ 2025-ի օգոստոս տեղի ունեցած նոր բարելավումներն են եւ վերահսկողության ընդլայնում ու ներխուժում ՀՀ տարածքի մեջ։ Նրանք այստեղ կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր։ Սրանք արված են հատուկ նպատակով՝ Ջերմուկի անմիջական հարեւանությամբ, ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Թաթոյանն ասաց՝ ակնհայտ է, որ այստեղ կարմիր թելով գնում է Արցախի սցենարը։ «Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական զինված ուժերն ու իշխանությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես, 2021 թվականից սկսած։ Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները՝ ճանապարհներ, դիրքերի բարելավումներ։ Այն տեղակայումները, որոնք թաքստոցներ են, մեր փորձագետների գնահատմամբ, դրանք կարող են հնարավոր գործողությունների դեպքում օգտագործվել ՀՀ ներթափանցելու համար։ Այս դիրքերը նաեւ ամբողջությամբ խաթարում են մեր բնակչության անվտանգությունը, հնարավորություն չեն տալիս, որ մարդիկ նորմալ կյանքով ապրեն։ Նրանք Արցախում նույնպես այդպես էին անում՝ անընդհատ ահաբեկելով մարդկանց եւ նախապատրաստվելով գործողությունների։ Այստեղ հատուկ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ իշխանությունները թաքցրել են այս փաստը մեր հանրությունից՝ դրանով փորձելով կոծկել իրենց ձախողումները»,- նշեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Թաթոյանը հարցադրում արեց՝ եթե Ադրբեջանի իշխանությունը նպատակ ունի խաղաղություն հաստատել, այսպե՞ս է խաղաղության պատրաստվում, արագ նախապատրաստվում է, որպեսզի կարողանա ռազմավարական առումով Հայաստանի անվտանգության համակարգը խաթարե՞լ։ «Ադրբեջանական իշխանությունը շարունակում է սալյամիի պես մեր երկրի սուվերեն տարածքները վերահսկողության տակ վերցնել, նորից ներխուժել ու կտրատել։ Սա այն գինն է, որն այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է։ Այսինքն՝ գնում են հանդիպումների, Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորված քննարկումների, ի՞նչ է տեղի ունենում՝ գաղտնի, մեր ժողովրդի թիկունքի հետեւում այսպիսի ներխուժումներ, դիրքային բարելավումներ են տեղի ունենում։ Հետո դրա գինն այն է, որ ասում են՝ Ադրբեջանը չի կրակում»,- ընդգծեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































