Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնեդուռ

Մարտ 04,2026 14:36 Share

Հավատո՞ւմ ենք մենք Աստծուն, իսկ Աստված մե՞զ․ Այո։ Իսկ հավատքն առանց գործերի մեռած է

Խաչիկ Հարությունյան

 

Կարծես թե դադարել է, կամ նվազագույնը նվազեցվել է, կամ ժամանակավորապես դադարել է այն ամենն, ինչը իմ մոտ հակակրանք, տարակուսանք ու նաև նողկանք էր առաջացնում․․․պատարագների ընթացքում Կաթողիկոսի անվան զեղչում։ Կարծես թե դադարել է այդ ամենը։

Բնականաբար, միանշանակ դեմ լինելով այդ ամենին և ինձ համարելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ՝ մեղավորների մեղավոր, բայց զավակ, ու կասկածի չառնելով Վեհափառի լեգիտիմությունը, սակայն այնուամենայնիվ կցանկանամ իմ նվաստ կարծիքս հայտնել առ այն, որ իսկապես մեր Եկեղեցու նորոգության-վերափոխման կարիքը կա։

Քրիստոսի և Քրիստոսի Խոսքի քարոզ

Նորոգություն ասելով նկատի չունեմ բնավ, թե որ հոգևորականն է մեղանչել, իսկ որը՝ ոչ։ Գիտեք, դա անիմաստ զբաղմունք է։ Սակայն կա շատ կարևոր մի բան, որ մեր հոգևորականությունն իսկապես պետք է աշխատի այդ ուղղությամբ, և հենց Վեհափառի անմիջական ղեկավարությամբ ու առաջնորդությամբ․ Դա Քրիստոսի Խոսքի ակտիվ քարոզն է նվազագույնը սկզբից Հայաստանի հասարակության շրջանում։

Քրիստոսի Խոսքը պետք է քարոզվի արդյունավետ կերպով։ Կարծում եմ արժե Աստվածաշնչի ընթերցանության համար տպագրել նաև պարզ, գրական արևելահայերենով նաև ուղեցույց Նոր Կտակարանի ընթերցման համար՝ առաջին հերթին։

Պետք է Քրիստոսի Խոսքն այնպես մատուցել մարդկանց, որ մարդիկ հասկանան, որ իրենց համար պարզ լինի։ Պետք է Քրիստոսի Խոսքը մտնի մարդկանց տները՝ հեռուստացույցից, համացանցից՝ ՏիկՏոկից, Տելեգրամից, Ինստագրամից․․․գրամ առ գրամ պետք է Քրիստոսի Խոսքով լցվեն մարդկանց սրտերը և տները։

Բայց ինչպես ամերիկացի ձեռներեցներն են շատ սիրում միշտ ասել, լավագույն վաճառքի եղանակը դա Door-to-door ` դռնեդուռ, եղանակն է։ Այն միշտ ակտուալ է, և այն միշտ ամենից արդյունավետն է։

Պետք է մեր հոգևորականները՝ այո առաջին հերթին հենց Կաթողիկոսի գլխավորությամբ, ընկնեն դռնեդուռ և քարոզեն Քրիստոս։ Այն նույն Քրիստոսին, ով երեկ, այսօր և վաղը նույնն է, այն Քրիստոսին, որ ինքը դռնեդուռ քարոզում էր Երկնքի Արքայությունը, այն նույն Քրիստոսին, որ ասում էր՝ Ինքը տեղ չունի գլուխը դնել և մի քիչ ննջել, այն նույն Քրիստոսին, որն ասաց, որ եկել է մեզ օրինակ ցույց տալու և ծառայելու, այն նույն Քրիստոսին, ով եկավ և լվաց իր աշակերտների ոտքերը․․․․

Վեհափառ Տեր, խնդրում եմ սկսիր Քրիստոս քարոզել դռնեդուռ, անդադար, անդուլ, ու հրամայիր ողջ հոգևորականությանը դռնեդուռ Քրիստոս քարոզել։ Դա նա է, որ պետք է անել, ու միշտ անել։

Այս ժողովուրդը կարոտ է թե՛ Քրիստոսին, և թե՛ Քրիստոսի խոսքին։ Վեհափառ, Ձեր մեջ ժողովուրդը պետք է տեսնի Քրիստոսին, պետք է տեսնի ու պատկերացնի այն Քրիստոսին, որն անդադար քարոզում էր Երկնքի Արքայությունը։

«Ժամանակակից Քրիստոնեայի Արագացված 30 ժամյա դասընթաց»

Երկրորդն, ինչ պետք է անել՝ ստեղծել արագացված դասընթացներ՝ ժամանակակից մարդու համար՝ դառնալու ժամանակակից Քրիստոնեա։ Մարդկանց պետք է տալ հիմքերը ու հիմունքները, նվազագույնը, տարրականը, բայց ոչ միայն ֆիզիկապես Եկեղեցիների հովանու ներքո գործող ակումբներում, այլ համացանցով ու ակտիվ եղանակով։

Ու այո Վեհափառ, դա կրկին Դուք պետք է առաջնորդեք ու Դուք պետք է դառնաք ակտիվ հանրային կերպար։ Ձեզ նայելով պետք է տեսնեն մարդիկ Քրիստոսի անուրաց հետևորդի, որը սիրում է Քրիստոսին ու ով չի ամաչում Քրիստոսից, ու որի կյանքի համար իդեալը հենց Քրիստոսն է։

Վեհափառ, որդիաբար Ձեր ներողամտությունն եմ հայցում այս ամենը գրելու համար, սակայն համոզված եղեք, որ միտում և ցանկություն չունեմ Ձեզ քննադատելու, այլ միայն ցանկությունս է, որ ժողովուրդը հայ դառնա ավելի ուժեղ Քրիստոնեա, որ Հայաստանում լցվի հավատը և սերը և բարեպաշտությունը, որ մարդկանց սրտերը լցվեն Քրիստոսի սիրով և հույսով և հավատքով։

Պետք է ստեղծել նոր ինստիտուտ՝ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ

Գիտեք, ոչ բոլորն են պատրաստ իրենց վրա վերցնել, Քահանայության ծանր բեռը․․․շատերն իրենց արժանի չեն համարում, բայց դրանցից շատերը սիրում են և պատրաստ են խիզախորեն և առանց հոգնելու քարոզել Քրիստոս և Քրիստոսի Խոսք։

Պետք է ստեղծել այս նոր ինստիտուտը մեր Եկեղեցու ներսում՝ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ։ Մարդիկ, ովքեր Եկեղեցու պատերի ներսում կսովորեն այն ամենն, ինչ անհրաժեշտ է Քրիստոս քարոզելու համար, և կրկին՝ Վեհափառ Ձեր առաջնորդությամբ կընկնեն դռնեդուռ Քրիստոս քարոզելու։

Դռնեդուռ․․․մի՞թե, երբ Քրիստոս հարյավ ի մեռելոց (իսկապես հարյավ և օրհնյալ է Հարությունը Քրիստոսի), մարդիկ հենց դռնեդուռ չէին վազում ու խփում դռները և ուրախությամբ հայտնում «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031