Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ուրախ է ողջունել Արմեն Սահակյանին՝ որպես Հայաստանի գրասենյակի տնօրեն, և Սոֆիա Բադալյանին՝ որպես Վաշինգտոնում գրասենյակի հասարակայնության հետ կապերի և թվային ներգրավվածության կառավարիչ։
Համագումարը շարունակում է ամրապնդել իր ներկայությունը թե՛ Երևանում, թե՛ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և համայնքային քարոզչությունն առաջ մղելու նպատակով։
Մեկ տասնամյակից ավել փորձ ունեցող միջազգային քաղաքական տնտեսության մասնագետ Արմեն Սահակյանը լայնածավալ աշխատանք է իրականացնել Միացյալ Նահանգներում, Հայաստանում և ավելի լայն տարածաշրջանում՝ ժողովրդավարական զարգացման, համայնքային քարոզչության և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ։
Որպես Հայաստանի գրասենյակի տնօրեն՝ Սահակյանը կվերահսկի Համագումարի կողմից երկրի ներսում իրականացվող նախաձեռնությունները և պաշտոնյաներին ու քաղաքացիական հասարակության գործընկերներին կհաղորդի Համագումարի քարոզչության և քաղաքականության առաջնահերթությունները Վաշինգտոնում։
Կարդացեք նաև
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Ամերիկայի հայկական համագումարին»,- ասաց Սահակյանը: «Ես անհամբեր սպասում եմ առաջ մղել ընդհանուր արժեքների վրա հիմնված ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները»:
2021թ․-ին Հայաստան վերադառնալուց հետո Սահակյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Վեստմինստերի ժողովրդավարության հիմնադրամի և Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի Հայաստանի տնօրենի պաշտոնը, որտեղ նա ղեկավարել է բարձր մակարդակի համագործակցություն քաղաքական շահագրգիռ կողմերի, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության գործիչների հետ։
Հայաստանում իր մասնագիտական գործունեությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկ անվտանգությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, երիտասարդության հզորացումը, մասնակցային քաղաքականության մշակումը և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության առաջխաղացումը։
Սահակյանն ունի միջազգային հարաբերությունների և միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Ջոնս Հոփկինսի համալսարանի Առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցից (SAIS)։
Համագումարը նաև ուրախ է ողջունել Սոֆիա Բադալյանին՝ որպես Վաշինգտոնում իր հասարակայնության հետ կապերի և թվային ներգրավվածության կառավարչի։
Բադալյանը փորձ ունի ոչ առևտրային կազմակերպությունների հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի ոլորտում, վերջերս աշխատել է որպես հաղորդակցության պատասխանատու The HALO Trust-ում (ԱՄՆ), որտեղ նա աջակցել է քարոզչությանը, նվիրատուների ներգրավմանը և հաղորդակցության՝ մարդասիրական ականազերծման ծրագրերի համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։
Այս պաշտոնում Բադալյանը կվերահսկի Համագումարի հասարակայնության հետ կապերը՝ ամրապնդելով Համագումարի թվային ներկայությունը և առաջ մղելով դրա առաքելությունը՝ պարզ, համոզիչ շարադրանքների միջոցով։
Բադալյանն ունի բակալավրի աստիճան Ջորջ Վաշինգտոնի համալսարանից, որտեղ ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ և միջմշակութային հաղորդակցություն։ Նա սերտորեն համագործակցել է Վաշինգտոնի ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ինչպես նաև նախկինում եղել է Համագումարի փորձնակ։
«Ես ուրախ եմ միանալ Ամերիկայի հայկական համագումարին»,- ասաց Բադալյանը,- «Այս կազմակերպությունը կազմավորող դեր է խաղացել՝ օգնելով ինձ դառնալ վստահ քարոզիչ։ Ես անհամբեր սպասում եմ աջակցել և ամրապնդել Համագումարի հաղորդակցությունը՝ մինչ մենք շարունակում ենք առաջ մղել մեր առաքելությունը»։
Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հավելեց. «Արմենն ու Սոֆիան՝ յուրաքանչյուրը մեր առաքելությանը բերում են արժեքավոր փորձ ու նվիրվածություն։ Համագումարը ընդլայնում է իր թիմը թե՛ Հայաստանում, թե՛ Վաշինգտոնում, և միասին մենք կշարունակենք ակտիվացնել մեր քարոզչության և ներգրավվածության ջանքերը»։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար


















































