«Այս իրականության մեջ շատ նորմալ է, որ բիզնես կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ-ում մի քաղաքական ուժի կառավարման օրոք, որոնք իրենց հարկային տեռորի չեն ենթարկում, չեն գողանում, անգամ մեկ բաժակ սուրճ չեն ուզում՝ որպես կաշառք այդ ապրանքներն անցկացնելու համար, այլ փաստաթղթավորում են այնպես, ոնց կա, շատ նորմալ է, որ այդ կազմակերպությունները պետք է իրենց աջակցությունը հայտնեն՝ այս դեպքում նվիրատվության տեսքով այն քաղաքական թիմին, որն ապահովում է այն միջավայրը, որտեղ նրանք ազատ ու անկաշկանդ աշխատում են, կարողանում են ներկրումներ և արտահանումներ անեն»,-ԱԺ նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ մաքսատուրքից ազատված մի քանի գործարարներ նվիրատվություններ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» հիմնադրամին։
ՔՊ խմբակցության քարտուղարի կարծիքով՝ զարմանալու բան չկա, որ ՀՀ բիզնես միջավայրն աջակցում է այն քաղաքական թիմին, որը ըստ նրա՝ ստեղծել է միջավայր այդ բիզնեսի ազատ գործունեության համար օրենքի դաշտում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ համարում է՝ զարմանալին այն չէ, որ 2023-2025-ին ՀՀ կառավարությունը 202 ընկերությունների տվել է 149 միլիարդ դրամի մաքսատուրքերից ազատման արտոնություն և այդ ընկերություններից 11-ն են նվիրատվություն կատարել կամ ՔՊ-ին կամ «Իմ քայլը» հիմնադրամին, այլ զարմանալին այն է, որ մյուս 191-ը չեն կատարել․ «Էդ ո՞նց է կառավարությունը ճնշել էդ ընկերություններին, թե՝ բոլորին ճնշել է, 11-ն են կոտրվել։ Փոխանակ ասեն՝ կառավարությունը 202 ընկերության տվել է մաքսային արտոնություն և ընդամենը 11-ն է իշխանական կուսակցությանը նվիրատվություն կատարել, իսկ 191-ը չի կատարել, ահա այս 149 միլիարդ դրամի արտոնություն ստանալուց հետո, ասում են՝ ո՞նց է եղել 202-ից 11-ը կատարել է․․․․Ցանկացած 202 սուբյեկտ վերցրեք՝ կարող է 11-ը նվիրատվություն կատարած լինի այս կամ այն կուսակցությանը։ Լավ, 11-ը կատարել են, ինչքանի՞ նվիրատվություն են կատարել՝ ՔՊ-ին՝ 12 միլիոն 150 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ կառավարությունը տվել է 149 միլիարդ դրամի մաքսատուրքերից ազատման արտոնություն։ Սա նույնն է, որ մաքսավորն ասի՝ երեք վագոն սուրճն անցկացնեմ, ինձ մի բաժակ սուրճ կդնես, կխմեմ։ Սա հո գժանոց չի՞, Տեր-Պետրոսյանի ասած՝ մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է»։
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































