Ժողովրդավարությունը միայն պետական կառուցվածք չէ, այն առաջին հերթին կրթական ու արժեհամակարգային մշակույթ է։ Հայաստանի ներկայիս մարտահրավերների պայմաններում առանցքային է դառնում հարցը՝ ինչպե՞ս է կրթությունը ձևավորում գիտակից քաղաքացի և ամրապնդում վստահությունը՝ պետական ինստիտուտների նկատմամբ։
Կրթական բարեփոխումներ. Տեսությունից դեպի քաղաքացիական վարքագիծ
Կարդացեք նաև
Կրթության պետական քաղաքականության մակարդակում ժողովրդավարական կրթության կարևորության մասին խոսելիս՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրերում հստակ նպատակ կա ձևավորելու ժողովրդավարական կարողունակություններ։
«Մենք չենք ուզում միայն տեսական գիտելիք փոխանցել։ Մենք ուզում ենք, որ երեխաներն ու երիտասարդները հենց կրթական գործընթացում դառնան այն քաղաքացիները, որոնց ուզում ենք տեսնել ապագայում»,- նշում է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը կարևորում է սովորողների գործնական մասնակցությունը՝ նախագծային աշխատանքների, համայնքային խնդիրների վերհանման և մասնակցային բյուջետավորման միջոցով։ Նրա խոսքով՝ երեխաները պետք է կարողանան հասկանալ, թե որ խնդրի համար որ մարմինն է պատասխանատու, կարողանան հարցեր տալ, քննադատել և առաջարկներ ներկայացնել։ «Սա արդեն կրթության մաս է»,- ընդգծում է նա և հավելում,- «Մեզ պետք է համբերություն և հետևողական աշխատանք: Մշակույթի ձևավորումը մի քայլանի գործընթաց չէ»:
Որպես ուղիղ երկխոսության օրինակ՝ նախարարը մատնանշում է իր կողմից ներդրված «բաց դռների» ձևաչափը, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է առանց միջնորդների ներկայացնել իր խնդիրները՝ դառնալով քաղաքականության ձևավորման անմիջական մասնակից:
Քաղաքացիական գիտակցությունը՝ պետականության անկյունաքար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Խերանյանը կրթության դերը դիտարկում է ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետությունը ուղիղ համեմատական է այնտեղ գործող անհատների կրթական ու արժեհամակարգային մակարդակին:
«Ժողովրդավարական ինստիտուտները գործում են որպես կառույցներ, սակայն դրանց հիմքում կանգնած են մարդիկ, և նրանց կրթությունից է կախված այդ համակարգի արդյունավետությունը։ Կրթական քաղաքականությունը պետք է միտված լինի՝ ձևավորելու անաչառ, ազատ, բարեկիրթ, քննադատական մտածողություն ունեցող քաղաքացիների»,- շեշտում է Խերանյանը:
Անդրադառնալով ներկայիս մարտահրավերներին՝ պատգամավորը ցավով փաստում է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահությունը խաթարված է՝ խոսքի ազատության և հանդուրժողականության հարցում դրսևորվող ընտրովի մոտեցումների պատճառով։ Որպես հիմնարար լուծում՝ Արմինե Խերանյանը մատնանշում է ժողովրդավարական կրթությունը՝ այն դիտարկելով որպես ազգային անվտանգության անկյունաքար. «Որքան գիտակից է քաղաքացին, այնքան պաշտպանված է թե՛ անհատը, թե՛ հասարակությունն ու պետությունը»։
Արժեքային հենք. Բարոյականությունը՝ որպես ժողովրդավարության նախապայման
Կրթության և ժողովրդավարության կապի մասին խոսելիս փորձագետ Սերոբ Խաչատրյանի ձևակերպումը հստակ է. «Չկա ժողովրդավարություն՝ առանց կրթված հասարակության»։
Եթե քաղաքական գործիչները խոսում են ինստիտուտների մասին, ապա Խաչատրյանը վեր է հանում ավելի հիմնարար խնդիր՝ ժողովրդավարության բարոյական հիմքերը։ Նրա դիտարկմամբ՝ այսօրվա հասարակական իմպուլսիվ վարքագիծն ու բռնության դրսևորումները, որոնք հասնում են անգամ երկրի թիվ մեկ ամբիոն, կրթական ցածր մակարդակի ուղղակի հետևանքն են։
«Ժողովրդավարությունը ենթադրում է ազատություններ և ակտիվ մասնակցություն։ Եթե մարդը կրթված չէ, այդ ազատությունները կարող են վտանգավոր լինել»,- նշում է փորձագետը։
Խաչատրյանի խոսքով՝ կրթական համակարգի գլխավոր առաքելությունը պետք է լինի բարոյականության և ազնվության վերականգնումը, քննադատական մտածողությամբ զինելը։ Առանց արդարության և հանդուրժողականության, առողջ քննադատության սերմանման, ժողովրդավարական ցանկացած գործընթաց դատապարտված է ձախողման, քանի որ անարդարությունը ծնում է միայն չարություն և դժգոհություն։
Ի վերջո, հոդվածի երեք բանախոսների տեսակետները հատվում են մեկ առանցքային կետում. ժողովրդավարությունը ոչ թե տեսական գիտելիք է, այլ ամենօրյա վարքագիծ ու պատասխանատվություն։ Կրթական բարեփոխումները, քաղաքական կամքն ու բարոյական արժեքները պետք է գործեն սինխրոն, որպեսզի դպրոցական նստարանից ձևավորվող քաղաքացին վստահի պետությանը, իսկ պետությունը՝ քաղաքացուն։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Կարեն Կոլոսով, Հարություն Սարգսյան, Անի Ավանեսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան





















































