Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը. «Հետք»

Մարտ 04,2026 17:23 Share

«Հետք». Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։

«Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։

2022 թ․-ից «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն սկսել է բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցել Աբովյան համայնքի վարչական տարածքում։ Երկուսը՝ Աբովյան քաղաքում, մեկը՝ Առինջ գյուղում։ Բացի դրանցից՝ ընկերությունն Առինջում կառուցել եւ շահագործման է հանձնել բնակելի տների թաղամասը(13 հատ երկհարկանի թաունհաուսներ)։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։

Բաբկեն Հովակիմյանը 2023 թ․-ին հիմնադրել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն էր՝ Ավետ Կոնջորյանը։ Նա ընկերության տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին (դրան նախորդել էր «Հետք»-ի՝ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հրապարակումը)։

Առինջի հողերի օտարումը

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ 2020 թ․ հուլիսին, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Առինջ գյուղի ավագանուն էր ներկայացրել Առինջի համայնքապետի պաշտոնակատարին՝ ՔՊ-ական Հայկ Մկրտչյանին (Առինջն այդ պահին Աբովյան համայնքի կազմում չէր)։ Պետրոսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Առինջում հիմնական խնդիրներից է հողազավթումը։ Հայկ Մկրտչյանի նշանակումից երկու ամիս անց սկսվեց 2020 թ․-ի արցախյան պատերազմը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո պետական կառավարման ճգնաժամ էր Հայաստանում, պետական եւ համայնքային ինստիտուտները բնականոն չէին գործում։ Վարչապետը մի քանի օր ընդհատակում էր։ Պատերազմի ավարտից մեկ ամիս հետո` դեկտեմբերին, Առինջի ավագանին սկսեց համայնքի մի շարք հողերի օտարումը։

Համայնքային հսկայական հողատարածքներ շուկայականից բազմապատիկ ցածր գներով օտարվեցին եւ վերջնարդյունքում դարձան շինանյութեր ներմուծող եւ վաճառող Բաբկեն Հովակիմյանի սեփականությունը։ Այդ հողամասերը գտնվում են Առինջ գյուղի՝ «Առինջ մոլից» դեպի Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքն ընկած հատվածում։

Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2020 թ․-ի դեկտեմբերի 9-ի եւ ավագանու դեկտեմբերի 28-ի որոշումներով նախ օրինականացվել է համայնքային հողում ինքնակամ կառուցված 70 քմ մակերեսով շինությունը, ապա այն, զբաղեցրած 200 քմ հողամասի հետ մեկտեղ, վաճառվել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի մորը՝ Ցողիկ Համբարձումյանին։ Ինքնակամ շինության ու համայնքային հողամասի համար գնորդը վճարել է 1.3 միլիոն դրամ։

Առինջի ավագանու 2020 թ․-ի տարեվերջի նույն՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում կայացված որոշմամբ Բաբկեն Հովակիմյանի մորը սեփականաշնորհվել է մոտ 1 հեկտար հողամաս։ Ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության համայնքային հողամասերը (0.33 հա եւ 0.66 հա) վաճառել վարձակալին 32.5 միլիոն դրամով։ Գյուղատնտեսական հողամասի վաճառքի 1 քմ-ի գինը կազմել է 795 դրամ, իսկ արտադրական հողինը՝ 4524 դրամ։

Ավագանու որոշման մեջ բացակայում է հողամասի՝ նախկինում վարձակալված լինելու մասին որեւէ փաստական տվյալ (համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումներ եւ այլն)։ Ընդհանրապես, Առինջի ավագանու՝ մինչեւ 2020 թ․-ի դեկտեմբերի որոշումները հրապարակված չեն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ Առինջի նախկին համայնքապետարանի կայքն անհասանելի է (մինչև խոշորացումը)։

Մոտ 1 հեկտար հողամասը Առինջ համայնքից ձեռք բերելուց օրեր անց Հովակիմյանի մայրն այն նվիրել է որդուն, որն էլ հողամասի մեծ մասը՝ 0.85 հա-ը տարաժամկետ վճարման պայմանագրով օտարել է իր իսկ ընկերությանը՝ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին։ Պայմանագիրը կնքելիս ՍՊԸ-ի անունից հանդես է եկել Ավետ Կոնջորյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը։ 0.85 հա հողամասը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին է վաճառվել 541 միլիոն դրամով։

Մինչ հողամասի վաճառքը, Բաբկեն Հովակիմյանը կարողացել է փոխել հողամասի կատեգորիան։ Արտադրական եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերը բնակելի կառուցապատման հողամաս են դարձել արդեն Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ, քանի որ 2021 թ․-ին Առինջ համայնքն այլ համայնքների հետ միասին խոշորացել եւ միացել է Աբովյան քաղաքին՝ դառնալով Աբովյան համայնքի Առինջ բնակավայր։ Հողերի կատեգորիայի փոփոխման համար Հովակիմյանն Աբովյան համայնքի բյուջե է վճարել 31 միլիոն դրամ։ Ստացվում է, որ Առինջ համայնքից 1.3 եւ 32.5 միլիոն դրամով գնված, ապա 31 միլիոն դրամով կատեգորիաները փոխած հողամասերը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին վաճառվել են 541 միլիոն դրամով՝ ավելի քան 1 միլիոն դոլարով։

Մոտ 1 հեկտար հողամասի մի հատվածի վրա կառուցվել է 13 հատ երկհարկանի թաունհաուս (մի քանիսի կառուցումը նոր է սկսվել), իսկ մյուս՝ ավելի մեծ հատվածի վրա ավարտին է մոտենում բազմաբնակարան շենքի կառուցումը։

Բացի նշված հողամասերից՝ Բաբկեն Հովակիմյանի ընտանիքի անդամները կարողացել են այլ հողամասեր էլ սեփականաշնորհել նույն՝ Առինջ համայնքում։ Բոլորը ձեռք են բերվել Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ։

Աբովյանի զբոսայգու մի մասը եւս օտարվել է

«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը կարողացել է միավորել ՔՊ-ականներին եւ Աբովյանի ԲՀԿ-ական համայնքապետ Էդուարդ Բաբայանին։ Աբովյանի ավագանու 2021 թ․-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Ընտրության օրը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ՔՊ Աբովյանի տարածքային կառույցի անդամ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե բացառել էր ԲՀԿ-ի հետ հետընտրական համագործակցությունը։ Ընտրություններից հետո ՔՊ-ն եւ ԲՀԿ-ն պաշտոնապես չեն համագործակցում, սակայն յուրահատուկ եւ ամուր բիզնես համագործակցություն է հաստատվել այդ ուժերը ներկայացնող անձանց միջեւ։ Համագործակցության առարկան Աբովյանի համայնքային հողերն են, այդ թվում՝ Աբովյանի զբոսայգու մի մասը։

Աբովյանի համայնքապետարանի շենքից 500 մետր հեռավորության վրա՝ Բարեկամության հրապարակ 5/1 հասցեում, ընթանում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող եւս մեկ բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարություն։ Արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ շինհրապարակի տեղում տարիներ առաջ զբոսայգի է եղել։

Թույլտվությունները եւ փորձաքննությունները՝ «արագացված» կարգով

Հայաստանում խոշոր քաղաքաշինական ծրագրերն արագ չեն իրականացվում։ Կառուցապատողները շինթույլտվություններն ու անհրաժեշտ փորձաքննությունները ստանալու համար, սովորաբար, երկար են սպասում։ Օրինակ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կամ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություններն ամենաժամանակատարներն են։ «Միլոն մայնինգ» ընկերությունը նման խնդրի չի բախվել, երկու փորձաքննությունն էլ ստացել է կարճ ժամանակում։ Իսկ համայնքի ղեկավարի կողմից տրվող նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ավարտական ակտերի որոշումները ստացել է հաշված օրերի ընթացքում։ Նման բազմաթիվ թույլտվությունների վերբերյալ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք սովորաբար տևում են ամիսներ (որոշ դեպքերում մեկ տարուց ավել): Իրավունք վերապահող նման փաստաթղթերի արագ ստացումը կարող է քաղաքաշինական, տեխնիկական անվտանգության եւ այլ կարևոր նորմերը շրջանցելու ռիսկեր պարունակել։

Ովքեր բնակարաններ եւ տարածքներ ունեն «Միլոն մայնինգ»-ի շենքերում

Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ մատչելի պայմաններով ձեռք բերած տան (թաունհաուս) մասին 2025 թ․-ի դեկտեմբերին ենք գրել։ Հայկ Կոնջորյանը թաունհաուսը գնել էր շուկայականից եւ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ 1 քմ-ն ընդամենը 300 հազար դրամով (վաճառքի գինը՝ 1 քմ-ն 420.000)։ Պարզվում է՝ այս կառուցապատողից բնակարան են գնել նաեւ Հայկ Կոնջորյանի մայրը եւ քույրը՝ Արմինե Կոնջորյանը եւ Օֆելյա Կոնջորյանը։ Նրանց ձեռք բերած բնակարանը գտնվում է Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դեմ դիմաց կառուցված շենքում։ Երեք սենյականոց բնակարանի մակերեսը 81 քմ է (մայրը եւ քույրը համասեփականատեր են)։

Հայկ Կոնջորյանի 180 քմ մակերեսով թաունհաուսի հարևանությամբ թաունհաուս է ձեռք բերել նաեւ Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը։ Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը, 118 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերել Աբովյանի Բարեկամության հրապարակ 5/1 հասցեում կառուցվող շենքում։ Այս շենքը կառուցվել է Աբովյանի զբոսայգու մի հատվածում, որը սեփականաշնորհել էին Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամները եւ հետագայում օտարել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին։

Կոտայքի մարզպետի տեղակալ, Առինջի համայնքապետի նախկին պաշտոնակատար, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանն էլ բնակարան է ձեռք բերել Աբովյանի Օգոստոսի 23 փողոցում կառուցված շենքում (Բաբկեն Հովակիմյանի կառուցած): 80.8 քմ մակերեսով բնակարանի արժեքը 31 մլն դրամ է։ Այն գնելու համար փոխմարզպետը 20 մլն դրամ վարկ է վերցրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Մկրտչյանը տեղեկացրել է, որ բնակարանի արժեքի մյուս մասը՝ 11 մլն դրամը վճարել է որպես կանխավճար(իր միջոցներից)։

Աբովյանի համայնքապետ, ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանի մայրը՝ Լյուբա Բաբայանը, դարձել է Աբովյանի Օգոստոսի 23 հասցեի շենքում (Բաբկեն Հովակիմյանի կառուցած) հասարակական տարածքների սեփականատեր։ Լյուբա Բաբայանի անունով գրանցված են 887 եւ 930 քմ (ընդհանուր՝ 1817 քմ) մակերեսով տարածքներ։ Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանի մայրն ու կինը մինչ այդ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին էին վաճառել Աբովյանի զբուսայգու տարածքից կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված 6300 քմ հողամասը։

Պտղնիի (2021-ից ներառված է Աբովյան խոշորացված համայնքի կազմում) նախկին համայնքապետի հետ կապված գործարար Մհեր Բաղդասարովը եւ նրա կինը «Միլոն մայնինգի» եւ Բաբկեն Հովակիմյանի կառուցած շենքերում ունեն 16 անշարժ գույք ( 40-ից մինչեւ 121 քմ մակերեսներով բնակարաններ)։ Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը մեղադրվում է համայնքային բազմաթիվ հողեր կեղծ աճուրդներով վաճառելու եւ փողերի լվացման մեջ:

Հակակոռուպցիոն դատարանում Պտղնի համայնքի նախկին ղեկավարին եւ նրա հետ կապ ունեցող մի խումբ անձանց (այդ թվում՝ ընտանիքի անդամների) վերաբերյալ երկու գործ է քննվում։ 2025 թ․-ի օգոստոսին դատարան ուղարկված գործով նախկին համայնքապետ Առաքել Վիրաբյանը եւ նրա հետ փոխկապակցված անձինք մեղադվում են մի քանի հանցագործության մեջ (պետական գույքի հափշտակություն, փողերի լվացում)։ 2025 թ․-ի դեկտեմբերին դատարան ուղարկված գործով միայն Առաքել Վիրաբյանն ու Քրիստինե Ասատրյանն (Մհեր Բաղդասարովի կինը) են ամբաստանյալի կարգավիճակում (պաշտոնական կեղծիք կատարելու եւ դրան օժանդակելու համար)։ Դատական գործերի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Քրիստինե Ասատրյանը եւ Պտղնի համայնքի նախկին ղեկավար, 78-ամյա Առաքել Վիրաբյանը խնամիական կապ ունեն։

Պտղնի համայնքի կազմակերպած աճուրդներում շուկայականից անհամեմատ ցածր գնով մի քանի անգամ հողամասեր է գնել նաեւ Մհեր Բաղդասարովը, որոնցից մեկը հետագայում փոխանակել է կնոջը՝ Քրիստինե Ասատրյանին պատկանող՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի հետ։ Մհեր Բաղդասարովի ձեռք բերած մեկ այլ հողամաս գնել է «Միլոն մայնինգ» ընկերության սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը՝ 200 մլն դրամով (տարաժամկետ վճարման պայմանով)։ Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում է Մհեր Բաղդասարովի եւ Քրիստինե Ասատրյանի միջեւ կնքված պայմանագիրը՝ փորձելով հողամասը վերադարձնել համայնքին։ Այս ընթացքում Բաբկեն Հովակիմյանը փորձում է վաճառել իր գնած հողատարածքը։

Պարզաբանումների համար դիմել ենք Էդուարդ Բաբայանին, Հայկ Մկրտչյանին, Բաբկեն Հովակիմյանին և Նաիրի Հակոբյանին: Ստացել ենք նրանց պատասխանները։ Աբովյանի զբոսայգու տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ Աբովյան համայնքի ղեկավարի պարզաբանումն իրականությանը չի համապատասխանում։ Բաբայանի մեկնաբանությունների մյուս մասը մեջբերումներ են տարբեր իրավական ակտերից։

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանն էլ հայտնել է, որ Առինջ համայնքը ղեկավարելիս գործել է իր լիազորությունների սահմաններում։ «Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում հողամասերի օտարման, ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացները, ինչպես նաև ինձ վերապահված լիազորությունները իրականացվել են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով և սահմանված պահանջներին համապատասխան»,- գրավոր պատասխանում նշել է Հայկ Մկրտչյանը:

Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն էլ պարզաբանել է, որ «Միլոն մայնինգ» ընկերությունում աշխատում է 2016 թ․-ից (մինչդեռ 2021 թ․-ին ԿԸՀ-ում ներկայացել է որպես Նաիրի Հակոբյան ԱՁ-ի տնօրեն, ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում եւս ՍՊԸ-ում աշխատելու մասին չի հիշատակել), իսկ ավագանու անդամ է դարձել 2021 թ․-ին։ Ըստ նրա, որևէ կերպ չի միջամտել եւ չի միջամտում համայնքապետարանի աշխատանքին։ «Որպես «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, տարբեր կառույցներում ներկայացնում եմ ընկերությունը եւ հանդես եմ գալիս վերջինիս անունից»,- նշել է Հակոբյանը՝ հավելելով, որ Աբովյանի համայնքապետարան դիմող յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով է ստանում այս կամ այն թույլտվությունը։ Նաիրի Հակոբյանը տեղեկացրել է, որ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաունհաուսը վարկով է գնել, իսկ նույն ընկերության կառուցած բազմաբնակարան շենքում 101 քմ մակերեսով բնակարանն իր կինը ձեռք է բերել տարաժամկետ վճարման պայմանով։ Բաբկեն Հովակիմյանին համայնքային հող օտարելու՝ Աբովյանի ավագանու որոշումներին կողմ քվեարկելու վերաբերյալ մեր հարցին Նաիրի Հակոբյանը պատասխանել է, որ համայնքապետարանի աշխատակազմը հարցը ավագանու նիստին ներկայացնուց առաջ ստուգումներ է արել, իսկ ինքը գործել է բարեխղճորեն (թե ինչպես է դրսևորվել իր բարեխղճությունը, Հակոբյանը չի հայտնել)։

«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, անդրադառնալով Առինջի հողերի ձեռքբերմանը, հայտնել է, որ դրանք իր ընտանիքը 1990-ականներից է գյուղատնտեսական նպատակով օգտագործել, որից հետո գնման նախապատվության իրավունքով վաճառվել են իրենց՝ կադաստրային արժեքից բարձր գնով։ Ինչպե՞ս է ստացվել, որ 1.3 եւ 32.5 միլիոն դրամով գնված, ապա 31 միլիոն դրամով կատեգորիաները փոխած հողամասերը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ին վաճառվել են 541 միլիոն դրամով։ Այս հարցին ի պատասխան՝ Բաբկեն Հովակիմյանն ասել է, թե գործարքի համար «հիմք է հանդիսացել տվյալ պահին ձևավորված շուկայական արժեքը»։ Հովակիմյանը չի արձագանքել Աբովյանի զբոսայգու տարածքի ձեռքբերման փաստին։ Անդրադառնալով իրենց կառուցած տները եւ շենքերի բնակարանները ցածր գներով օտարելուն, Բաբկեն Հովակիմյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում, կախված գործարքների առանձնահատկություններից, դրանք կարող են վաճառվել զեղչով։ Կառուցապատմանը նախորդած փորձաքննությունների վերաբերյալ մեր հարցերն առաջարկել է ուղղել պետական և համայնքային կառույցներին։ Բաբկեն Հովակիմյանը տեղեկացրել է նաև, որ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը 2025 թ․-ին իր որոշմամբ է ազատվել «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից։

Հ․Գ․Այս պատմությունն ուսումնասիրելիս նաեւ պարզեցինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի քանի տարի շարունակ չէր վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի գույքահարկը (2022 թ․-ին է գնել մեքենան)։ Մեր հարցումներից հետո Հայկ Կոնջորյանը վճարեց 244.000 դրամ պարտքը։ Ի դեպ, եթե ավտոմեքենայի գույքահարկը քաղաքացիները չեն վճարում, չեն կարող մեքենայի տեխզննում անցնել, իսկ առանց տեխզննման վարելը վարչական իրավախախտում է։ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքվեցինք, արդյոք Կոնջորյանին պատկանող մեքենան անցել է տեխզննում, թե ոչ և արդյոք տուգանվել է տեխզննում չանելու համար: ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայկ Կոնջորյանը չի տուգանվել, քանի որ պարեկները չեն հայտնաբերել խախտում: ՆԳՆ-ից նաև տեղեկացրին, որ մեքենան արդեն անցել է տեխզննում, թե կոնկրետ երբ, նախարարությունը չի նշել: Հայկ Կոնջորյանի տան (թաունհաուս) գործարքի մասին մեր նախորդ հրապարակումից հետո՝ հունվարի 5-ին (2026 թ․-ի առաջին աշխատանքային օրը), պատգամավորի եղբայրը լքել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը:

Արմեն Ղազարյան
Տիրայր Մուրադյան
Սարո Բաղդասարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031