Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանը ոտնահարում է իմ իրավունքները». Սամվել Գեւորգյան

Մարտ 05,2026 12:00 Share

«Առավոտին» դիմած երեւանաբնակ Սամվել Գեւորգյանն ասաց, որ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՄԻՊ, դատախազություն։ Երեւանաբնակ 79-ամյա Սամվել Գեւորգյանը «Առավոտին» ներկայացրեց իր սեփականության հետ կապված դատական գործընթացները,. ասաց, որ քաղաքապետարանն առանց որեւէ հիմնավորման հրաժարվում է գրանցել իր սեփականության իրավունքը, որի հետեւանքով իրեն պատճառվել եւ պատճառվում է նյութական եւ բարոյական վնաս։ Բազմանդամ ընտանիքի հայրն ահազանգեր է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՄԻՊ-ին, դատախազությանը։

«Քաղաքապետարանի աշխատակազմի՝ կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանի եւ նույն բաժնի աշխատակից Ալբերտ Ստեփանյանի անգործության հետեւանքով շարունակում են խախտվել իմ իրավունքները։ Դիմում եմ քաղաքապետին, նրանց է կրկին մակագրվում բողոքներս, վերջիններս էլ ուղարկում են նույնաբովանդակ պատասխաններ կամ չեն պատասխանում։ Միրոյանի կողմից հանվել է իմ անունը քաղաքապետարանում վերադասության կարգով գրանցվելու, հանդիպման ցուցակից, այսինքն՝ վերջինս վերադասության փոխարեն որոշումներ է կայացնում, ինձ հանելով հանդիպման ցուցակից»,-ասում է Սամվել Գեւորգյանը։

Խնդիրն առնչվում է Երեւանի Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ հասցեում գտնվող հողամասի, շենք-շինությունների նկատմամբ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 28.06.2008թ. ՀՀՕ-117-Ն օրենքի շրջանակներում իրավունքների վերականգնման հետ կապված։

Ս. Գեւորգյանն ասաց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում գտնվող իրենց «ցոգոլային հարկով» տան (բակի կողմից՝ երկհարկանի, փողոցի կողմից՝ մեկ հարկանի-Ռ.Մ.) սեփականատերն է եղել Ս.Գեւորգյանի հայրը, որը 1958թ.-ին կառուցել է այդ տունը, նա մահացել է 1977-ին։ Հորից հետո ժառանգությունն անցել է մորը։

2006-ից սկսած նրանց գործը դատարաններում է, Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանում, ապա վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում։

Դատարանի 07-809 որոշմամբ նշված հասցեում գտնվող տունը եւ հողամասը բաժանվել են զավակների միջեւ, ինքը, իր հետ բնակվող քույրը ստացել են իրենց մասնաբաժինները 1/3-րդ մասով, եղբայրը ստացել է իր բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք, իսկ իրենք՝ ինքը, իր հետ բնակվող զավակները, քույրը, վեց անձ, չեն ստացել սեփականության իրավունք։

Ի դեպ, Ս.Գեւորգյանը ներկայացրել էր բազմաթիվ ապացույցներ, տեղեկանքներ, տան, արբանյակային լուսանկարով արված ինչ-որ շինության վերաբերյալ։   Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանի գրության համաձայն, «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանմանը առ այն, որ անհնար է պարզել նշված տարածքում շինության բացակայությունը կամ առկայությունը, ապա այն չի հավաստում շինության մինչեւ 2001 թ. կառուցված լինելու փաստական հանգամանքը, ուստի վերջինիս իրավունքների վերականգնումը հակասում է 28.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներին»։

Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը Ս.Գեւոգյանի հարցին, շինության կառուցման տարեթվի վերաբերյալ, պատասխանել էր հետեւյալ գրությամբ. «Ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում բոլոր այն շինությունները, որոնք նշված են՝ «տեխնիկապես անհնար է պարզել», ամենեւին չի նշանակում, որ այդ շինություններն առկա չեն եղել, մինչեւ 2001թ.։ «Տեխնիկապես անհնար է պարզել» պատասխանը պայմանավորված է այդ ժամանակվա առկա ստվերավորմամբ եւ ծառածածկով, որի սաղաթը թույլ չի տալիս պարզելու շինության բացակայությունը կամ առկայությունը»։

Տեղեկացանք, որ 2019թ. Ս.Գեւորգյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին «Հանցագործության մասին» հաղորդմամբ, քննիչ Պ. Բաղդասարյանի 2025թ. սեպտեմբերի 1 -ի որոշմամբ Ս.Գեւորգյանը ճանաչվել է տուժող։

Քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ կատարվում է նախաքննություն։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2025թ. .հոկտեմբերի 8-ին ընդունել է որոշում Ս.Գեւորգյանի բողոքը քննարկման ընդունելու մասին։

Ս.Գեւորգյանը ՄԻՊ-ից խնդրել է աջակցություն, ներկայացրել է փաստաթղթեր, որով հիմնավորվում է, որ իր տան հասցեում գտնվող շենք-շինությունները կառուցվել են մինչեւ 2001 թվականը, որը հաստատվում է նաեւ Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերության կողմից տրված տեղեկանքով։ Գործի նյութերում առկա էր նաեւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դ.Կարապետյանի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ «Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ հասցեում գտնվող շենք-շինությունները կառուցվել են մինչեւ 2001 թվականը»։ Գեւորգյանի ջանքերը, վերանայել դիմումներս, հստակեցնել, թե ինչ շինության մասին է խոսքը, նշանակելով «հնագիտական փորձաքննություն»։

Ուշագրավն այն է, որ եղբայրը գրանցելով նույն իրենց հորական տան վրա իր բաժնեմասի սեփականության իրավունքը, կարողացել է անգամ վաճառել այն ու հեռանալ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031