Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դիմողի հարցը կապված էր Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի անվան հուշ-հիշատակի պահպանման հետ

Մարտ 05,2026 12:30 Share

«Այդ անվանումը ունի ոչ միայն պատմական, այլեւ հուշային եւ բարոյական արժեք, անմիջականորեն առնչվում է իմ՝ Արմեն Հակոբյանիս անձնական պատմությանը, արժանապատվությանը, իմ հարազատի հիշատակի պահպանման իրավունքին»,-անհատական դիմումով դիմելով ՍԴ-ին՝ գրել էր Ա. Հակոբյանը, պահանջելով՝   ստորադաս դատարանների կողմից հայցը բովանդակային քննության չառնելը եւ 2009 թ. ընդունված կանոնադրությունը ոչ իրավական ակտ որակելը ճանաչել հակասող՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին, Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներին:

Սահմանադրական դատարան դիմած Արմեն Հակոբյանը հայտնել էր, որ 1987 թ. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից իր պապիկի՝ Գեւորգ Հակոբյանի նախաձեռնությամբ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը պաշտոնապես անվանակոչվել է հերոս Գրիգոր Հակոբյանի անունով։ Ըստ դիմումատուի՝ 2025 թ. հոկտեմբեր ամսվա կեսերին իրեն հայտնի է դարձել, որ առանց հարազատներին նախապես տեղեկացնելու եւ առանց նրանց համաձայնությունը հաշվի առնելու՝ դպրոցի անվանակոչվելուց հեռացվել է «Գրիգոր Հակոբյան» անվան ձեւաչափը, նոր ընդունված 2009 թ. կանոնադրությունից: Այն հանվել է այդ ժամանակվա տնօրեն Ռազմիկ Սիմոնյանի գլխավորությամբ եւ շարունակվում է նույն իրավական վիճակը մինչ օրս, ներկայիս տնօրեն Համեստ Մելիքյանի իմացությամբ: Դիմողը գտնում է, որ քննարկվող համատեքստում ՀՀ դատական ատյանների կողմից խախտվել են Սահմանադրության 3, 28, 61 եւ 63-րդ հոդվածները։

Դիմողը նշել է, որ դատարաններն իր դիմումը բովանդակային քննության չեն առել եւ մերժել են այն՝ պատճառաբանելով, թե 2009 թ. ընդունված կանոնադրությունը համարվում է ոչ իրավական ակտ, եւ դատարաններն այն չեն ճանաչել որպես դատարանի կողմից քննելի վարչական ակտ, որ դիմողը չունի շահագրգռվածություն տվյալ գործով, այսինքն՝ չի հանդիսանում տվյալ վարչական վեճում իրավական շահ ունեցող անձ եւ դատարանների գնահատմամբ՝ իր կապը Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի հետ չի ճանաչվել ակնհայտ եւ բավարար կերպով հիմնավորված:

Բնականաբար, դիմողը համաձայն չէ դատարանների գնահատականին, այն համարում է անհիմն։ Դիմողը նշել էր, որ. «Իմ շահը ոչ ենթադրական է, ոչ էլ վերացական: Այն ունի անձնական, անմիջական եւ իրավական բնույթ: Դատարանների սխալը եղել է այն, որ նրանք շահը ընկալել են միայն գույքային կամ վարչական ենթակայության տեսանկյունից, մինչդեռ Սահմանադրությունն ու դատարանների պրակտիկան ճանաչում են նաեւ ոչ գույքային (բարոյական) շահը։ Իմ իրավական շահը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես հանդիսանում եմ Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի հարազատը, ում անունով էլ պետական կրթական հաստատություն է անվանակոչվել»։

Ըստ նրա՝ «Նշյալ դպրոցի 2009 թ. ընդունված նոր կանոնադրությունը հանդիսանում է կառավարության որոշումից բխող եւ դրա կատարման նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտ, եւ որպես այդպիսին այն ենթակա է դատարանում դատական վիճարկման։ 2009 թ. կրթական հաստատության անվանումը փոփոխելու կամ հեռացնելու համար չկար առանձին, օրենքով սահմանված ընթացակարգ, եւ որեւէ փոփոխություն կարող էր կատարվել միայն այն կառավարական որոշման շրջանակում եւ սահմաններում, որի հիման վրա իրականացվել է դպրոցների վերակազմավորումը: Հետեւաբար՝ առանց իրավական հստակ հիմքի եւ առանց իրավաչափ վարչական ակտի իրականացված անվանման հեռացումը չի կարող համարվել օրինական եւ ենթակա է դատական վիճարկման»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։

Ըստ ՍԴ դատական կազմի՝ դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես, վերոնշյալ վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2025 թ. դեկտեմբերի 23-ին կայացրած՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որոշել է. «Վերադարձնել թիվ ՎԴ/18080/05/25 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.12.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը: Սույն որոշմամբ նշված սխալը շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել տվյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում շտկել Վճռաբեկ դատարանի կողմից նշված սխալը եւ կրկին ներկայացնել վճռաբեկ բողոք՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը: Մինչդեռ, սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված սխալը շտկելու եւ կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, չի օգտվել տվյալ իրավական հնարավորությունից եւ կրկին չի ներկայացրել վճռաբեկ բողոք՝ դրանով իսկ չիրացնելով իր ենթադրյալ խախտված իրավունքների եւ (կամ) ազատությունների վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելու պահանջը»:

Վճռաբեկ դատարանի վերջին դատական ակտը 2025 թ. դեկտեմբերի 23-ի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն է, որի բովանդակությունից բխում է, որ այն չի կարող համարվել դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031