Լրահոս
Օրվա լրահոսը

Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել. «Փաստ»

Մարտ 05,2026 09:30 Share

Տեսնելով, որ էլի «թոշակի թեմայի տակ» է մնում, նախօրեին «արագի մեջ» բեմականացվեց առաջիկա ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանի հանդիպումն իր կարկառուն զինակից, առայժմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ հանդիպման բուն նպատակը թոշակառուների սրտերն ու տրամադրությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելն ու շահելն էր, նախորդ հայտարարությունները սվաղելը կամ լղոզելը, թե ինքն, իբր, այլ բան է նկատի ունեցել: Բայց հանրագումարում ավելի վատ ստացվեց: Այսինքն, ուզում էր լինի լավ (բնականաբար, իր համար), ստացվեց… ինչպես միշտ: Նման դեպքերում ընդունված է ասել, որ նա կորցրեց լռելու հրաշալի հնարավորություն:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեքստային հատվածում Փաշինյանի «կռուտիտները», թե ինչ էր նկատի ունեցել կամ ինչու էր նման բան ասել, ընդհանրապես չեն արտացոլվել: Իսկ Փաշինյանը տեսախցիկի առաջ իր նախարարին պատմում էր, որ երբ իրեն ներկայացրել են թոշակառուների անկանխիկ գնումների վերլուծությունը, ինքը տեսել է, որ նրանք շատ գումար են ծախսում ծխախոտ գնելու վրա: Ու Փաշինյանը խիստ նեղվել է այդ հանգամանքից ու որոշել, թե՝ էլ ինչո՞ւ թոշակները բարձրացնենք, եթե ծխախոտի վրա են ծախսում: Ավելի լավ է՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանը 10000 դրամ դնեն ու ասեն, թե թոշակառուներին լավություն են անում, որովհետև թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն (10000 դրամն էլ, կարծես, մի երևելի թիվ է, էլի): Մի խոսքով, արդեն սովորական դարձած փաշինյանական «մտավարժանքներ»:

Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը:

Մեկ այլ հանգամանք. Հայաստանի մոտ 600 հազար թոշակառուների առնվազն կեսը կանայք են, ընդգծենք՝ 60 տարեկանն անց կանայք: Ու՝ ի՞նչ: Այդքան հաճա՞խ եք բակերում, շքամուտքերի մոտ, ձեր շրջապատում հանդիպում ծխող տատիկների: Լո՞ւրջ: Թե՞ կանանց դեպքում էլ Փաշինյանը նայել ու նեղվել է, որ տատիկները շրթներկի վրա են թոշակից գումար ծախսում:

Դե լավ է, էլի: Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել: Գիտեք, ի լրումն ամենի, սա մարդու անձնական կյանքի, անձնական տվյալների, բանկային գաղտնիքի հետ կապված բաներ են, ու, ինչպես մեզ է թվում, այստեղ այդ նուրբ իրավունքի խախտման տարրեր են ենթադրվում: Ի վերջո, նա չի ասում, որ ծխախոտի վաճառքն ավելացել է ընդհանրապես, նա կոնկրետ նշում է, որ թոշակառուներն իրենց թոշակային քարտերով… ծխախոտ են գնում: Հզոր է, չէ՞:

Մի խոսքով, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ 5 տարի գրեթե ոչինչ չանելուց հետո կենսաթոշակը ընտրությունների նախաշեմին մի ինչ-որ 10000 դրամով բարձրացնում են, ու դա այնպես են ներկայացնում, կարծես մի մեծ գործ են արել: Ավելին, հետն էլ որոշում են, թե ինչի վրա ծախսեն այդ գումարները: Մի հատ այդ 10000 դրամին նայեք ու ՔՊ պաշտոնյաների՝ կառավարության անդամների, պատգամավորների չվաստակած բազմամիլիոնանոց ինքնապարգևավճարներին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031