Սկիզբը՝ այստեղ:
Դիվանագիտության դադարը կխորացնի լայնածավալ պատերազմն ու տարածաշրջանային քաոսը, որը Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարներից մեկը կարող է դառնալ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը իրականացրեցին համատեղ ռազմական գործողություն՝ «Էպիկական զայրույթ»՝ Իրանի դեմ, որին Թեհրանը պատասխանեց լայնածավալ ռազմական գործողություններով։ Ընթանում է դաժան պատերազմ՝ բազմաթիվ ծանր կորուստներով, ավերածություններով։
Սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հայտնել է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ (մարտի 3-ի դրությամբ)։ Գործակալության տվյալներով՝ նրանցից 181-ը 10 տարեկանից փոքր երեխաներ էին։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա։ Կազմակերպությունը նշել է, որ միայն վերջին 24 ժամում Իրանի վրա տեղի է ունեցել առնվազն 104 հարձակում։ Դրանք հարվածել են ռազմաբազաներին, բժշկական կենտրոններին եւ բնակելի թաղամասերին։
Թրամփը վստահեցնում է, թե Նեթանյահուն իրեն չի ստիպել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարեց, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրեն չի ստիպել սկսել ԱՄՆ ռազմական գործողություններ Իրանի դեմ։ «Ոչ, գուցե ես եմ ստիպել նրանց դա անել։ Գիտեք, մենք բանակցություններ էինք վարում այդ խելագարների հետ, եւ, իմ կարծիքով, նրանք պատրաստվում էին առաջինը հարձակվել։ Նրանք պատրաստվում էին հարձակվել։ Եթե մենք դա չանեինք, նրանք առաջինը կհարձակվեին։ Ես լիովին վստահ էի դրանում»,-Գերմանիայի կանցլերի հետ երկկողմ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց Թրամփը։ «Ըստ իս, նրանք առաջինը պետք է հարձակվեին։ Եվ ես չէի ուզում, որ դա տեղի ունենար։ Այսպես որ, եթե որեւէ բան լիներ, ես կարող էի ստիպել Իսրայելին միջամտել, սակայն Իսրայելը պատրաստ էր, մենք էլ էինք պատրաստ, եւ շատ, շատ հզոր ազդեցություն ունեցանք, քանի որ գործնականում ամեն ինչ, ինչ նրանք ունեին, ոչնչացվեց»,-նշեց ԱՄՆ նախագահը։
«Ես վախենում եմ, որ մենք, հնարավոր է, ստիպված լինենք զորքեր մտցնել Իրանի տարածք»,- իր հերթին նշել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը։ «Ինձ համար դեռեւս պարզ չէ, թե որոնք են վարչակազմի առաջնահերթությունները՝ ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը, պարզապես նրա հրթիռները, փոխել ռեժիմը, թե՞ դադարեցնել ահաբեկչական գործունեությունը»,-ասել է նա։
Թրամփն «անօրինական պատերազմ» է մղում, «չունի այն ավարտին հասցնելու ծրագիր»
Նկատենք, որ ԱՄՆ-ում Թրամփի որոշումը՝ պատերազմ սկսել ընդդեմ Իրանի, այնքան էլ միանշանակ չի ընդունվել։ ԱՄՆ սենատոր Էդ Մարքն, օրինակ, նշել է. «Ես հենց նոր դուրս եկա Իրանի վերաբերյալ փակ քննարկումից, եւ այս հանդիպումը միայն հաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք. Դոնալդ Թրամփը անօրինական պատերազմ է մղում եւ չունի այն ավարտին հասցնելու ծրագիր։ Այսօր նա պնդեց, որ մենք հարվածել ենք Իրանին, քանի որ «դա է, ինչ մենք զգում էինք»։ Բայց մենք գիտենք ճշմարտությունը։ Թրամփը ստում է Իրանի միջուկային կարողությունների մասին. նա նաեւ ստում է նրա հրթիռային կարողությունների մասին։ Նա Միացյալ Նահանգներին ներքաշում է Մերձավոր Արեւելքում նոր, անվերջ պատերազմի մեջ։ Թրամփը լիովին դուրս է վերահսկողությունից, եւ նրա ստերը արդեն ամերիկացիների կյանքեր են արժեցել։ Իրանի հետ պատերազմը պետք է դադարեցվի»։
Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Կոնգրեսում խոսել է դեմոկրատ սենատոր Քեյնի հետ, որը պնդել է, թե Թրամփը Իրանի դեմ պատերազմից հետո այս երկրի հետագա ճակատագրի որեւէ ռազմավարություն չունի։ Ըստ նրա՝ սենատորը տեղեկացրել է, թե նախագահն ասել է, որ այնքան կռմբակոծի Իրանը, մինչեւ այդ երկրի իշխանությունը հեռանա, որից հետո ժողովուրդը թող լիազորություններն իր ձեռքը վերցնի։
Անկարայից ասում են՝ Թեհրանը չի դիմանա. Ֆիդանը մատնանշեց Իրանի սխալները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի սկզբանե դատապարտել էր ԱՄՆ–Իսրայելի հարձակումները եւ նաեւ Իրանի հակահարվածները՝ Պարսից ծոցի երկրների դեմ, ընդգծելով, որ «եթե առողջ բանականությունը չհաղթի եւ դիվանագիտությանը հնարավորություն չտրվի, մեր տարածաշրջանը կներքաշվի կրակի օղակի մեջ»։
Սակայն մարտի 3-ին Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն խոսքը որոշ ուշագրավ նրբերանգներ ունեցավ։ Իրանի անկանոն պատասխան հարվածները Պարսից ծոցի երկրներում տեղակայված թիրախների դեմ «սխալ ռազմավարություն» են, արձանագրեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ TRT Haber-ին տված հարցազրույցում։ «Իրանի կողմից արաբական երկրների՝ Օմանի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի՝ բոլորի անկանոն ռմբակոծությունը, իմ կարծիքով, աներեւակայելիորեն սխալ ռազմավարություն է։ Սա զգալիորեն մեծացնում է տարածաշրջանում ռիսկը։ Սակայն հենց Իրանի տեսանկյունից էլ դա նաեւ չափազանց սխալ ռազմավարություն է»,-նկատեց Ֆիդանը։
Այնուհետեւ Ֆիդանը մատնանշեց Իրանի սխալները՝ մանրազնին ներկայացնելով բացթողումների մի ամբողջ ցանկ. «Կիբերհետախուզություն, էլեկտրոնային հետախուզություն, կանխարգելիչ հետախուզություն, օդային ուղիների հայտնաբերում, պատկերագրություն, տիեզերական հետախուզություն… Նախեւառաջ, եթե դուք չեք զարգացրել ձեր կարողությունները այս ոլորտներում, ապա չպետք է նույնիսկ բանավեճի մեջ մտնեք Իսրայելի կամ Ամերիկայի հետ։ Սա կարեւոր կետ է։ Երկիրը պետք է անթերի հագեցած լինի այս ոլորտներում, եթե այն իսկապես պատրաստվում է նման դիմակայության։
Բացի այդ, ՀՕՊ համակարգեր, ռադարային համակարգեր, էլեկտրոնային հակազդեցություններ… Դուք պետք է բարձր արդյունավետություն ունենաք այս ոլորտներում, որպեսզի երկիրը պաշտպանի իր սեփական օդային տարածքը։
Օրինակ, ենթադրենք, որ նրանք կոտրել են հեռախոսները եւ հայտնաբերել ձեր ղեկավարությանը կամ այլ անձանց՝ սա մեկ հնարավորություն է։ Սակայն օդային հարվածներ հասցնելու կարողությունը ձեռք է բերվում ձեր օդային տարածք մտնելով եւ այնտեղ երկար ժամանակ մնալով։ Ոչ միայն Իսրայելը, այլեւ այլ երկրներ շատ լուրջ հետախուզական աշխատանքներ եւ գաղտնի գործողություններ են իրականացնում Իրանի դեմ։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, պաշտպանական գործունեությունը եւ պաշտպանական արդյունաբերությունն այժմ մեր տարածաշրջանում սպառնալիքների դեմ պայքարի եւ կայունության ու խաղաղության ապահովման հիմնական ոլորտներն են»։
Փաստացի, Անկարան քննադատեց Իրանի կողմից պատասխան հարվածները՝ Օմանին, Կատարին, Քուվեյթին, Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Հորդանանին՝ Թեհրանի որոշումը «սխալ ռազմավարություն» որակելով։
Իհարկե, Թուրքիան իր գնահատականը հիմնավորեց։ «Պատերազմը կարող է վերածվել բազմաթիվ ճակատներում հակամարտության, եթե Իրանի կողմից հարձակման ենթարկված երկրները օգտվեն հակահարված տալու իրենց իրավունքից։ Այս պետությունները չեն բացել իրենց օդային տարածքը հարձակվողների համար, թույլ չեն տվել, որ իրենց բազաները օգտագործվեն հարվածների համար, նախապես չեն տեղեկացրել ԱՄՆ-ին եւ Իսրայելին իրենց դիրքորոշման մասին եւ, ըստ էության, պահպանել են չեզոքություն։ Ավելին, նրանք ջանքեր են գործադրել պատերազմը դադարեցնելու համար։ Ես անձամբ եմ ականատես եղել դրան»,- հայտարարել է Ֆիդանը։
Ամենայն հավանականությամբ, Իսրայելն ու ԱՄՆ-ն կձգտեն նրան, որպեսզի Իրանն այլեւս սպառնալիք չներկայացնի ապագայում, ավելի վաղ նշել էր Հաքան Ֆիդանը՝ հավելելով. «Միեւնույն ժամանակ, Իրանը փորձում է վնաս հասցնել՝ հարձակվելով Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Մենք դեռ պետք է տեսնենք, թե որքան երկար կարող է շարունակվել վնաս հասցնելու այս ռազմավարությունը եւ ինչ հետեւանքների կհանգեցնի այն։ Իրանը, հավանաբար, հույս ունի, որ հարվածելով այդ օբյեկտներին՝ այլ երկրներ ճնշում կգործադրեն ԱՄՆ-ի վրա՝ պատերազմը կանգնեցնելու համար, բայց դա քիչ հավանական է։
Հայտնի չէ, թե որքան ռեսուրսներ են դեռ մնացել Իրանին»։
Քարոզչական պատերազմը եւս մեծ թափ է առնում
Պենտագոնը հայտարարեց, թե ռազմական գործողությունից հետո Իրանը թուլացել է։ «Ավիահարվածների յուրաքանչյուր ալիքի հետ օդային տարածքի վերահսկողությունն ամրապնդվում է։ Մենք ունենք աշխարհում ամենածավալուն հակաօդային պաշտպանության համակարգը Մերձավոր Արեւելքում։ Իրանի նավատորմը ոչնչացվել է։ Մեր զինված ուժերը գերիշխող են»,-ընդգծել է ԱՄՆ ռազմական դեպարտամենտի խոսնակ Շոն Փարնելը։
Տարբեր տեղեկատվական հարթակներում նշում են, թե Իրանի հարվածային կարողությունները վատթարանում են՝ հայտնելով, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումները պատերազմի առաջին չորս օրերի ընթացքում հետեւյալ պատկերն են ունեցել՝ 1-ին օր՝ 350 հրթիռ, 2-րդ օր՝ 175 հրթիռ, 3-րդ օր՝ 120 հրթիռ, 4-րդ օր՝ 50 հրթիռ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը հայտնել է, որ Իրանը ավելի քան 500 բալիստիկ հրթիռ եւ 2000 անօդաչու թռչող սարք է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ հարձակման։ Ամերիկացի պաշտոնյաները նաեւ հայտնել են, թե B-2 ռմբակոծիչներով թիրախավորել են ԻՀՊԿ հրամանատարական եւ վերահսկողական կառույցները, զենքի պահպանման եւ արտադրման պահեստներն ու վայրերը։
Հայաստանի շահը
Հայաստանի շահերից, անկասկած, բխում է, որպեսզի Իրանը մնա կայուն եւ կանխատեսելի երկիր, ինչը կնպաստի սահմանային անվտանգությանը։ Իրանում ներքին անկայունությունն ու քաոսը, ինչպիսին հնարավոր է ներկայիս ռազմական ճգնաժամի, Իրանի հոգեւոր առաջնորդի, ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում զոհերի հետեւանքով, կարող է բերել երկիրը մասնատման եւ ծայրահեղականության աճի։
Հայաստանի Անվտանգության խորհուրդը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին արտակարգ նիստեր է անցկացրել՝ գնահատելով տարածաշրջանային ռիսկերն ու ստեղծելով աշխատանքային խումբ՝ Իրանի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցությունների կառավարման համար։
Իրանի գերագույն առաջնորդի սպանության երրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր հղեց նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
«Մեծ անհանգստությամբ ենք հետեւում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում»,-նշված է հաղորդագրությունում։
Հեռագրում Փաշինյանը նաեւ նշել էր, որ հույս են փայփայում, որ Մերձավոր Արեւելքում շուտափույթ խաղաղություն ու կայունություն կհաստատվի։ Իրանի նախագահին՝ համբերություն, իսկ ժողովրդին՝ խաղաղություն եւ տոկունություն է մաղթել։
Փաշինյանի ցավակցական հեռագրին հաջորդեց ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ընդամենը չորս նախադասությունից բաղկացած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։ «Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման եւ խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարեւորությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ հումանիտար բնույթի հարցերի»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության, որում ոչ մի խոսք չկար կոնկրետ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության վերաբերյալ, Հայաստանում Իրանի դեսպանության փոխանցմամբ՝ Միրզոյանը գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ցավակցել է ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլ նաեւ Իրանի գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ։ Բացի այդ, իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Երեւանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերել։ Աբբաս Արաղչին ասել է՝ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, իսկ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան թիրախավորել է Իսրայելն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները։ «Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաեւ վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար»,-նշել էր Արաղչին։
Տարածաշրջանային լարվածություն, անվտանգության սպառնալիքներ
Իրանի եւ ամերիկա-իսրայելական ուժերի միջեւ հակամարտության շարունակությունը կարող է վերածվել շղթայական պատերազմային հակամարտության Մերձավոր Արեւելքում. սա, թերեւս, այսօր ամենահաճախ հնչող կանխատեսումն է։
ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ գործողությունները Իրանի նկատմամբ մեծացրեցին տարածաշրջանային լարվածությունը եւ անվտանգության սպառնալիքները։ Հայաստանի շահերից է բխում, որպեսզի Իրանը մնա կայուն, ընդգրկված լինի միջազգային համակարգում։ Դիվանագիտության ու բանակցությունների դադարը կխորացնեն լայնածավալ պատերազմն ու տարածաշրջանային քաոսը, որը Հայաստանի համար վնասակար սցենարներից մեկը կարող է դառնալ։
Մերձավոր Արեւելքում էսկալացիան կարող է առաջացնել սպառնալիքի շղթայական էֆեկտներ, որոնք կարող են թափանցել նաեւ Հարավային Կովկաս։
Որքան կարող է տեւել պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» եւ կանխատեսել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տեւել չորս շաբաթ։ Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով եւ կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»։
Ընդունելով հակամարտության ընթացքում ամերիկացի զինվորների կորուստը՝ Թրամփը խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար։ Իրանի դեմ ռազմական գործողությունները, անհրաժեշտության դեպքում, կարող են շատ երկար տեւել, ԱՄՆ-ն պատրաստ է դրան, միեւնույն ժամանակ նշել է Թրամփը։ Նա նաեւ մեղադրել է նախկին՝ Բարաք Օբամայի վարչակազմին, որը, ըստ նրա, Իրանին թույլ է տվել զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Արդյունքում Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր։
Թրամփը նշել է, որ ռազմական գործողությունների նպատակն է նաեւ ապահովել, որպեսզի Իրանը չկարողանա ֆինանսավորել կամ ուղղորդել բանակներ՝ իր սահմաններից դուրս։ «Մենք կարծում էինք, որ համաձայնության ենք եկել, բայց հետո նրանք հետ կանգնեցին»,-ասել է նա՝ արդարացնելով իր կայացրած որոշումը, նշելով, թե Իրանը «երկու անգամ հրաժարվել է գործարքի գնալուց», ինչից հետո իրենք «հասկացել են, որ Իրանի հետ պետք է այլ կերպ խոսել»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2026


















































