Հայաստանի կրթական համակարգը ներկայում բախվում է բազմաչափ և խոր ճգնաժամի, որը ստեղծում է ռիսկերի մի ամբողջ համակարգ՝ սպառնալով ոչ միայն կրթության որակին, այլև պետականության հիմնարար հիմքերին և ազգային ինքնության պահպանմանը։ Հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային բաղադրիչի՝ կրթությունից դուրս մղման գործընթացը, որի նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբերություն է դրսևորում, սակայն սա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ մեր ինքնության պահպանման տեսանկյունից։ Սրան գումարենք դասագրքերի պակասը, դրանց, մեղմ ասած, թերությունները և այլն, պատկերն առավել կամբողջանա: Այս հարցերին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:
Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։
Մի շարք գյուղերում արդեն իսկ դպրոցների միավորումներ են իրականացվում, սակայն այդ քայլը հաճախ չի լուծում խնդիրը, այլ միայն ժամանակավորապես հետաձգում է անխուսափելին՝ գյուղական համայնքների ապագայի նկատմամբ անորոշության խորացումը։ Այս պարագայում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Հայաստանում, կարծես, դեռևս չկա պահի լրջության գիտակցումը, և խնդրի լուծումը հաճախ սահմանափակվում է միայն վարչարարական որոշումներով՝ առանց խնդրի արմատների խոր վերլուծության և համակարգային մոտեցման։ Մինչդեռ դրա համար պահանջվում է ոչ միայն կրթական ծրագրերի բարեփոխում, այլև համալիր տարածքային զարգացման քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի երիտասարդներին իրենց համայնքներում պահելը։
Դպրոցների փակումը, սակայն, իր հետ բերում է նաև լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքներ, որոնք առավել ցավալի են տվյալ համայնքների բնակիչների համար։ Ըստ որոշ տվյալների, դպրոցների փակման արդյունքում ավելի քան 2400 աշխատակից, այդ թվում՝ ուսուցիչները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, կդառնան գործազուրկ։ Այնինչ, փոքր համայնքներում դպրոցը հաճախ հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև մշակութային և սոցիալական կյանքի կենտրոն։ Նրանց գործազրկությունը կհանգեցնի ոչ միայն ընտանեկան բյուջեների կրճատմանը, այլև համայնքի մտավոր ներուժի կորստին։
Կարդացեք նաև
Մի խոսքով, դպրոցի փակումը ստեղծում է սահմանամերձ բնակավայրերի դատարկման համար «իդեալական» պայմաններ։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































