Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողի` Ծիծեռնակաբերդի վերանորոգման անվան տակ իրականացված ավերածության մասին: Նշել էր, որ անհասկանալի է, թե մի ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, որ մի քանի օր առաջ է դարձել գլխավոր ճարտարապետ, ինչպես է նախագծում եւ վերանորոգում Եղեռնի հուշահամալիրը: Նկատի ուներ համալիրի նորոգման գործընթացին մասնակցող Սաշուր Քալաշյանին:
Նորոգման մեկնարկից 5 ամիս անց Անահիտ Թարխանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ իր միջամտությունից եւ հայտարարություններից հետո որոշակի քայլեր են արվել, որպեսզի հուշակոթողը նորոգվի համեմատաբար բարձր մակարդակով. «Ես բազմիցս խոսել եմ հուշարձանի մասին, բացերի մասին: Տասն օր է՝ չեմ գնացել այնտեղ, 10 օր առաջվա դրությամբ դեռ մեջտեղի մույթերի վրա էին աշխատում, բարձր որակի քարեր էին բերել` նախորդի համեմատ, թեպետ էլի այն քարերը չէին, «աբլիցովկա» էին, որոնք չեն կարող համարվել պատմական, մշակութային քարեր, սակայն, ամեն դեպքում, որակը լավն էր, նախորդ անգամվա իրավիճակից հետո ահագին բան է փոխվել, ես իմ ելույթներով նպաստեցի դրան, որ լավանա թե՛ կոնստրուկտիվ մասը, թե՛ քարերի որակը: Մտահոգություն ունեմ՝ կապված ջրամեկուսացման հարցերի հետ, կուզենայի, որ այդ հարցը եւս լուծվեր, ինչը մինչ այս պահը լուծված չէ: Անձրեւային ջրերի ջրահեռացման հարցը մնում է առկա, ինձ դեռեւս չեն համոզում այն լուծումները, որոնք առաջարկվում են: Ասեմ, որ անձրեւաջրերը երբեք չեն լցվել հուշակոթողի տարածք, ես չգիտեմ, թե ով եւ ինչպես է եկել այդ եզրահանգմանը, ինչի արդյունքում արվել է ջրամեկուսացման աշխատանք, որի համար ահագին գումար է ծախսվել եւ չարչարանք: Այդքանից հետո, այո, ինձ չի բավարարում այն աշխատանքը, որն արվել է: Վաղը ես կգնամ Ծիծեռնակաբերդ եւ կտեսնեմ, թե ինչ վիճակում է շինարարությունը, ինչպես է այն առաջ գնում, որպեսզի հասկանամ, թե ինչ վիճակում են ինձ մտահոգող հարցերը: Ամեն դեպքում լավ է, որ դեռեւս 3 մույթերն են նորոգում, մյուս 3-ը թողնում են արդեն մյուս տարվա համար, վստահ եմ, որ մյուս 3 մույթերի նկատմամբ կլինի լրիվ այլ վերաբերմունք, այս վերաբերմունքն այլեւս չի կրկնվի: Բոլոր դեպքերում, մենք ունենք պայմանավորվածություն, որ նոր նախագծային խմբում ես էլ եմ ներառված լինելու, որպես Արթուր Թարխանյանի օրինական ժառանգ, ես նաեւ իմ հոր թողած գործերի օրինական ժառանգն եմ եւ լինելու եմ հետեւողական»:
Նրա խոսքով` բոլորովին անհրաժեշտ չէր հուշահամալիրը նորոգել եւ հավելյալ խնդիրներ առաջացնել. «Իմ կարծիքով` չկար նման անհրաժեշտություն, դրա կարիքն ուղղակի չկար: Այս ամենը սխալ, ոչ պատշաճ «դիագնոստիկայի» հետեւանքն էր, այդքան բան»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































