«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսում բարձրաձայնել էր ադրբեջանական կողմի առաջխաղացումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր եւ արբանյակային լուսանկարներ, ինչը ՔՊ-ական պատգամավորները շտապեցին հերքել:
Արման Թաթոյանի պնդմամբ՝ ադրբեջանցիները Վարդենիսում մարտական հերթապահություն կրող դիրքեր, հրաձգային, ինչպես նաև ականանետային ու խոշոր տրամաչափի այլ զենքերի համար կետեր են տեղակայել, կոմունիկացիաներ են ստեղծել, ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը, Վարդենիս համայնքի գյուղեր, անգամ արևային պանելներ են տեղակայել, օպերատիվ մարտավարական ու ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ են կառուցել, թաքստոցներ, որոնց միջոցով անգամ կարող են մեր տարածքի խորքերը ներթափանցել։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանության ստանալ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանից: «Արդեն հինգերորդ տարվա մեջ է, որ աշխատում եմ, 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո մեզ մոտ բացարձակապես հանգիստ եւ խաղաղ վիճակ է, նման բան ես չեմ լսել»,-ասաց համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
Կրկին հարցրինք՝ իսկապե՞ս որեւէ փոփոխություն, առաջխաղացում չկա, նշելով, որ պարոն Թաթոյանն իր ասածը հիմնավորում էր լուսանկարներով: «Չկա նման բան, ես առաջին անգամ եմ լսում, մեզ մոտ ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ահարոն Խաչատրյանի լուսանկարը՝ Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից



















































