Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է.
«Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ»։
«Երևան մոլ»-ը հայտնում է. «Այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան Մոլի խանութներից մեկում գրանցվել է հրդեհի աղբյուր։
Տեղեկացնում ենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ինչպես նաև էական վնասներ չեն արձանագրվել։ Այս պահին իրավիճակը լիովին վերահսկվում է, և Երևան Մոլը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։
Ինչպես նշեց Երևան Մոլի փոխտնօրեն, բիզնես զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը՝ «Մոլի հակահրդեհային անվտանգության համակարգերը գործել են լիովին և պատշաճ կերպով, ինչի շնորհիվ իրավիճակը շատ արագ արձանագրվել և վերահսկվել է։ Ահազանգման համակարգի աշխատանքի արդյունքում համապատասխան ծառայություններն անմիջապես տեղեկացվել են, և հրշեջ ծառայության արագ միջամտության շնորհիվ հրդեհը շատ կարճ ժամանակում մեկուսացվել և մարվել է» ։
Երևան Մոլում անվտանգության հարցերը մշտապես եղել և մնում են առաջնահերթություն։ Մոլը համալրված է ժամանակակից հակահրդեհային անվտանգության համակարգերով, որոնք նախատեսված են նման իրավիճակներին արագ արձագանքելու և հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անվտանգության համակարգերը գործում են արդյունավետ և ապահովում են Մոլի այցելուների, վարձակալների և աշխատակիցների անվտանգությունը։
Մենք բարձր ենք գնահատում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ծառայության արագ և պրոֆեսիոնալ արձագանքը, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում մեր աշխատակիցներին, վարձակալներին և այցելուներին ցուցաբերած հանգստության և համագործակցության համար։
Երևան Մոլը շարունակում է իր գործունեությունը բնականոն ռեժիմով՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ միջավայր բոլորի համար»:


















































