Քրդերի գործոնի մասին
«Իրանն այսօր». Ամերիկյան FoxNews-ը, ԱՄՆ անանուն պաշտոնյային հղումով, գիշերը գրեց, թե ԱՄՆ կողմից զինված հազարավոր քրդեր Իրաքից անցնում են Իրանի տարածք (ցամաքային գործողություն): Իրաքի Քրդստանի վարչակազմից էլ պատասխանեցին, որ Իրաքի քրդերից ոչ մի մարդ չի հատել Իրանի սահմանը։
📍Մինչ այդ էլ նկատվել էր, որ ԱՄՆ և Իսրայելի հարվածների մի մասն ուղղվում է Իրան-Իրաք սահմանի իրանական ուղեկալներին և այլ ենթակառուցվածքների՝ սահմանի ամրությունը թուլացնելու և զինված խմբավորումների՝ դեպի Իրան անցումը հեշտացնելու համար։
📍Բայց թեման ավելի խորն է, քան այս պնդումները և հերքումները։
Կարդացեք նաև
1️⃣ ԱՄՆ-ն կարող է զինել քրդերին և նախկինում դաշնակցել է քրդական զինված խմբավորումների հետ Սիրիայում։ ԱՄՆ-ն հիմա էլ կարող է դաշնակցել քրդերի հետ, զինել նրանց և ուղարկել Իրանի դեմ կռվելու։
Մյուս կողմից, եթե նույնիսկ բանը դրան չհասնի, դրա մասին խոսակցությունը արդեն բավական է, որ Իրանի համար լրացուցիչ խնդիր ստեղծի, որովհետև Թեհրանում ստիպված են լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել քրդական խմբավորումներից եկող վտանգը չեզոքացնելու, տարածաշրջանի երկրների հետ գործակցելու, չհարձակման մասին պայմանավորվելու համար։
2️⃣ Քրդերը միատարր չեն։ Տարբեր խմբեր ու զինված խմբավորումներ ունեն՝ տարբեր տրամադրություններով և շահերով։ Օրինակ, առաջին պարբերության մեջ գրված երկու պնդումներում իրականում հակասություն չկա, որովհետև Իրաքում քրդերի երկու մեծ «համայնք» կա՝ Իրաքի Քրդստանի ինքնավարությունը (որտեղ իր հերթին կան տարբեր քաղաքական ուժեր ու ազդեցիկ տոհմեր) և Իրաքում հաստատված իրանցի քրդերի խմբավորումները։ Եվ սրանց երկուսի ներսում էլ կարող են լինել տարբեր կարծիքներ ու մոտեցումներ։
3️⃣Ամեն դեպքում, քրդերի տարբեր խմբերի ու խմբավորումների դերն այս պահին աճում է տարածաշրջանում։ Նրանց այս կամ այն կողմ անցնելը, ինչպես նաև ակտիվ կամ պասիվ լինելը կարող է իրավիճակ փոխել պատերազմի ընթացքում։
4️⃣Քրդական խմբերը հույս կունենան, որ դա իրենց համար լրացուցիչ բոնուսներ կբերի՝ երազած Քրդստան պետության կառուցման ճանապարհին։ Բայց նրանք նորից կխաբվեն՝ ում կողմից էլ նրանք կռվելու լինեն. քրդական պետության գոյությունը առնվազն ձեռնտու չէ բոլոր այն երկրներին, որտեղ կան քրդեր, ու քրդական գործոնի ակտիվացման դեպքում այդ երկրները ևս ձեռքերը ծալած չեն նստելու։
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով


















































