«Բոլոր կուսակցություններն ու անհատները պետք է համախմբվեն, ձեւավորեն ազգային քաղաքական միավորում, որպեսզի մինչեւ գարնան վերջ ոտքի հանեն մեր ժողովրդին՝ անհնազանդության ցույցերով հեռացնենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ու լուծարենք Ազգային ժողովը»,- Եռաբլուրում լրագրողներին ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։
Հիշեցնենք, մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ու Բազեյանն իր զինակիցների հետ հարգանքի տուրք մատուցեց Վազգեն Սարգսյանին։
Ըստ Բազեյանի՝ իշխող վարչախմբին հեռացնելուց հետո պիտի ձեւավորվի անցումային ժամանակավոր կառավարություն, որն կկազմակերպի ու արդար կանցկացնի ԱԺ ընտրությունները։ «Ակնկալում ենք, որ իշխանության կգա ձեւավորված ազգային միավորումը, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող ներքին ու արտաքին քաղաքականություն»,-նշեց Ալբերտ Բազեյանը։
Ըստ Բազեյանի՝ այս իշխանությունը խաղաղություն չի բերել, ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ Ալիեւի հետ պայմանավորվելով։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության հուշագիրը, Բազեյանի կարծիքով, իրավական ուժ չունի։ «Ներկա իշխանությունները վախեցնում են մեր ժողովրդին, որ եթե գան նախկինները, ապա նրանք ռեւանշիստներ են՝ պատերազմ կսկսվի։ Այո՛, ես ռեւանշիստ եմ, մենք չենք կարող համարել Արցախը ընդմիշտ Ադրբեջանի կազմում։ ՔՊ-ին հեռացնելուց հետո մենք կարգավորելու ենք մեր հարաբերությունները արտաքին ռազմաքաղաքական մեր գործընկերների հետ, հզորացնելու ենք մեր բանակն ու ազատագրենք Արցախը, մեր մյուս բռնազավթած բնակավայրերը»,-հայտարարեց Ալբերտ Բազեյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































