«Ամենամեծ սպառնալիքներից մեկը, ըստ վերլուծաբանների, փախստականների հարցն է: Եթե Իրանում խորանա հումանիտար ճգնաժամը, իսկ դրա դրսեւորումներն արդեն նկատելի են, եւ 25 միլիոն մարդու անգամ 2-3 տոկոսը, որ միլիոնից ավել մարդ է կազմում, շարժվի Հարավային Կովկասի կողմ, ոչ մի գործուն մեխանիզմ չկա փախստականների հոսքը կանգնեցնելու: Ովքե՞ր են փախստականները, դրանք կանայք են, երեխաներ, հո սահմանի երկայնքով զորք չես կանգնեցնելու: Իսկ Իրանի հետ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ենթադրում եմ իրավիճակի ըմբռնում, ձեռք մեկնում»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած «Տարածաշրջանային զարգացումները՝ ըստ Երևանի և Թբիլիսիի փորձագետների» թեմայով տեսակամուրջի ժամանակ նշեց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը: Նրա ձեւակերպմամբ, Իրանում պատերազմը հավասարապես հարվածում է եւ Հայաստանին, եւ Վրաստանին:
Տեսանյութը՝ քիչ անց:
Վրացի քաղաքագետ Արչիլ Սուրխարուլիձեի ձեւակերպմամբ, Վրաստանի համար Իրանում տեղի ունեցող իրադարձությունները նաեւ քաղաքական պայքարի հարց են, որտեղ զգացվում է Արեւմուտքի դերը: Նա նշեց, որ այս օրերին Վրաստանի արեւմտամետ ընդդիմությունը կրկին ակտիվացել է, եւ իշխանություններից պահանջում է հստակ աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, նաեւ Իրանի հակակառավարական ցույցերից հետո իրանցի ընդդիմադիրներ են արտագաղթել Վրաստան, որոնք ներգրավված են հակաիրանական ցույցերում:
Քաղաքագետը տեղեկացրեց, որ օրերս իրանցիներից մեկը կոտրել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատուհանը, ինչի համար 6 ամսով կալանավորվել է, իսկ կալանքը կրելուց հետո նա նաեւ կարտաքսվի։
Կարդացեք նաև
Հումանիտար ճգնաժամի մասին խոսելիս՝ վրացի քաղաքագետը կարծիք հայտնեց, որ փախստականների զանգվածային հոսքի վտանգ չի տեսնում, եւ նման սցենարը իրականություն կդառնա, եթե Իրանում քրդերը ապստամբեն, եւ քաղաքացիական պատերազմ սկսվի։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































