Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ին մեր ստանձնած պարտավորությունը այս համակարգերով կատարում ենք: Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից և միջին կեսնաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից. Փաշինյան

Մարտ 05,2026 15:47 Share

Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա: Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալների ստեղծումն է։

ՀՀ Կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: Այս ծրագրային դրույթին համապատասխան, նվազագույն և միջին կենսաթոշակի չափի բարձրացումն ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

ՀՀ Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, նվազագույն կենսաթոշակի չափը։ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմաբ սահմանաված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Հարկ է նշել, որ ընդհանուր կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների համակարգի առանձին ցուցանիշների միջև առկա է տրամաբանական փոխկապակցվածություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի տևողության՝ օրենքով սահմանված չափը չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով անձը ձեռք է բերում սոցիալական նպաստի՝ ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք, նվազագույն կենսաթոշակի չափն ավելացնելիս նպատակահարմար է նույն չափ սահմանել նաև ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը։ Ըստ այդմ, անհրաժեշտ համարժեք փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:

Որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի ապրիլի 1-ից սահմանել՝ 1. նվազագույն կենսաթոշակի չափը` 46000 դրամ (36000 դրամի փոխարեն), 2. աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 34000 դրամ (24000 դրամի փոխարեն), 3. զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (20000 դրամի փոխարեն) 4. զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 2000 դրամ (1750 դրամի փոխարեն), 5. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 64600դրամ (50600 դրամի փոխարեն) բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 54800 դրամ (41400 դրամի փոխարեն) գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն) 6. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 170000 դրամ (120000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում պահապանելով նպաստի չափերի տարբերակումը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել՝ 1. ծերության նպաստի չափը՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն), 2. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն) 3. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 475000 դրամ (37500 դրամի փոխարեն) 4. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն) 5. «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն)։

Որոշմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար, որի արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48993 դրամից կդառնա 59181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96321 դրամից կդառնա 104852 դրամ:

Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Քանի որ կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնելու է նաև հետվճարի միջին ամսական չափի ավելացմանը, ինչը, ըստ կանխատեսումների կենսաթոշակի միջին ամսական չափերը կավելանան միջինում ևս 8692 դրամով՝ կազմելով աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ 67,873 դրամ և զինվորական կենսաթոշակի դեպքում՝ 113,544 դրամ։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Այս որոշման առիթով ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են և հարկեր վճարող են: Ուզում եմ ընդգծել նաև այն մարդկանց, ովքեր ՀԴՄ են թողարկում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր թոշակառուներին, որոնցից արդեն ավելի քան 400 000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու հնարավորությունից, որովհետև նաև առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ուզում եմ շնորհակալություն է հայտնել պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների, 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5.1 տոկոս, այլ էականորեն ավելի: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես կարևոր որոշում է մեր սոցիալական քաղաքականության արդյունքները, ինչպես ասում են, կապիտալիզացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քանի որ 2021 թվականին մեր ստանձնած պարտավորությունը այս համակարգերով կատարում ենք: Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից և միջին կեսնաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից»:

Վարչապետը հետաքրքրվել է անկանխիկ տարբերակով թոշակները ստանալու գործընթացի մասին, ինչին ի պատասխան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահի դրությամբ 9200 անձի մոտ դեռ փոփոխված չէ և ընդգծել, որ և՛ իրավական, և՛ լոգիստիկ առումով ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մինչև ապրիլի 1-ը այդ քաղաքացիների քարտերը առաքվեն տուն և ապրիլի 1-ին այդ քաղաքացիները նույնպես իրենց թոշակը կստանան անկանխիկ եղանակով: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի միասնական սոցիալական ծառայությունների միջոցով մարդկանց տեղեկացվի անկանխիկ առևտրի հնարավորությունների վերաբերյալ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև մարտի 1-ից փոքր և միջին շահառուներից անկանխիկ առևտրի միջնորդավճարի նվազմանը: Այս առումով Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է. «Միջազգային քարտերի համար գործում է 0.9 տոկոս, իսկ ArCa քարտերի համար 0.5 տոկոս նվազում»: ԿԲ նախագահը հավելել է, որ միջնորդավճարի մոտ կրկնակի նվազումը վերաբերում է մինչև 150 մլն շրջանառություն ունեցող փոքր և միջին բիզնեսներին: Վարչապետը հույս է հայտնել, որ անկանխիկ առևտուրը նաև մարզերում՝ գյուղական համայնքներում կզարգանա:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ այսօր կենսաթոշակը սպառողական զամբյուղից բարձր է, սակայն խնդիր է դրված, որ կեսնաթոշակը երբեք սպառողական զամբյուղից ցածր չլինի և պետք է այդ ուղղությամբ համակարգ մշակվի:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտենլ պատասխանատռու պետական մարմիններին իրականացրած աշխատանքի համար և այս համատեքստում ընդգծել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգի ներդրման կարևորությունը: «Ես համոզված եմ, որ գործոններից մեկը, որը բերել է նրան, որ այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից»: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում ներկայացրել է, որ 2025 թվականի բյուջեով պետական համակարգի պահպանման ծախսերից 6.5 մլրդ ռեզերվ է արվել, որից 3.5 մլրդ ուղղվել է պետական կառավարման համակարգի առավել արդյունավետ դարձնելուն, իսկ այժմ այդ որոշման արդյունքում՝ 78 մլրդ տրվում է թոշակառուներին, որի մեջ մտնում է նաև հետվճարը:

Լավարկվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացը  

Գործադիրը կայացրել է որոշում, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Այսպես, ՀՀ ՆԳՆ-ն հանդիսանում է տրանսպորտային միջոցների գրանցում և կադաստր վարող լիազոր մարմին և այդ գործընթացում տրանսպորտային միջոցների տվյալները (այդ թվում՝ շարժիչի հզորությունը) հավաքագրում է անձի կողմից ներկայացված տվյալների և տեղեկությունների հիման վրա՝ չունենալով տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու լիազորություն։

Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորում, որը կարտացոլի էլեկտրամոբիլի շարժիչի հզորության օբեյեկտիվ չափը, քանի որ այն կվերցվի էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ադմինիստրատորի էլեկտրոնային շտեմարանից, իսկ շտեմարանում դրա բացակայության դեպքում՝ կորոշվի՝ հիմք ընդունելով՝ 1) մինչև ներառյալ 250 ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ տվյալ տրանսպորտային միջոցի պիկային հզորության և 1.5 գործակցի քանորդը, 2) 251 կամ ավելի ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ 250 ձիաուժի ու 1.5 գործակցի քանորդի և 250 ձիաուժը գերազանցող ձիաուժերի ու 2.5 գործակցի քանորդի գումարը։

Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում են անցումային լուծումներ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների մասով։ Վերջիններիս շարժիչի հզորության արժեքի վերաբերյալ տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում և թվային հաշվառման վկայագրում առկա տեղեկությունն ինքնաշխատ եղանակով կփոփոխվի նախագծով առաջարկվող հիմքերից որևէ մեկով ստացված տեղեկությամբ, ընդ որում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ էլեկտրամոբիլի գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Բացի այդ, նախատեսվում են նաև տվյալների փոփոխության վերաբերյալ սեփականատերերին և տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկելու կարգավորումներ։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ վերջին ամիսներին դիմումներ և նամակներ էին ստացվում այն մասին, որ էլեկտրամոբիլների գույքահարկի վճարման համակարգը ճիշտ չի արտացոլում իրավիճակը: «Մենք լսեցինք փաստարկները և տեսանք, որ իսկապես այդ մեքենաների մասին մեր սովորական պատկերացումները պետք է փոխվեն: Հիմա մենք այս կարգավորումն անում ենք, որը տեղավորվում է նաև էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու տրամաբանության մեջ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորգման և միջին նորոգման աշխատանքներ

Կառավարությունը կայացրել է որոշում՝ պայմանավորված կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորգման և միջին նորոգման աշխատանքների բնականոն ընթացքի աապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ փոխվարչապետի հանձնարարականի համաձայն, նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերում կլաստերների կենտրոնից միացող դպրոցներ տանող ճանապարհների ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) աշխատանքներ: Ելնելով վերոգրյալից ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունքի, ՀՀ Լոռու, ՀՀ Սյունիքի, և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ: Նշված մարզերում ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեումով՝ ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունքի, ՀՀ Լոռու, ՀՀ Սյունիքի, և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերի համար հատկացնել համապատասխանաբար 2,085․6 հազ. դրամ, 894․0 հազ․ դրամ, 3,075․6 հազ. դրամ (Նախագիծ) և 330,382․5 հազ. դրամ (շինարարություն), 660․0 հազ․ դրամ և 2․200․0 հազ․ ՀՀ դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար՝ 8,915․2 հազար դրամ ընդհանուր արժեքով, իսկ շինարարության համար՝ 330,382․5 հազար դրամ ընդհանուր արժեքով (տեխ. և հեղ. հսկողության ծառայությունները ներառված են)։ Առկա պայմանագրերը կից ներկայացվում են։ Վերոնշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 339,297․7 հազար դրամն առաջարկվում է հատկացնել 1049/21001 միջոցառման ՀՀ կառավարության տողից։ Որոշման ընդունմամբ կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը։

Վարչապետը թվարկել սույն որոշմամբ հիմնանորոգվող և միջին նորոգվող ճանապարհները: Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզում Գետափի դպրոց գնացող 0.2 կմ ճանապարհի հատված, Վերին Սասնաշենի հիմնական դպրոց գնացող 1.6 կմ հատված, Գեղարքունիքի մարզում Ծափաթաղի դպրոց գնացող 0.8 կմ հատված, Լոռու մարզի Աթանի հիմնական դպրոց գնացող 0.4 կմ հատված, Շամուտի հիմնական դպրոց գնացող 0.7 կմ հատված, Բազումի թիվ 21 հիմնական դպրոց գնացող 1.2 կմ հատված, Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոց գնացող 285 մ հատվածի հիմնանորոգում և Տավուշի մարզի Լուսաձորի կրթահամալիր գնացող 1.5 կմ հատվածի միջին նորոգում և 700 մ հատվածի հիմնանորոգում: Սրանց նախագիծն ենք պատվիրում: Իսկ մրցութային փուլում են՝ Լոռու մարզի Ամրակիցի դպրոց գնացող 1 կմ հատվածը և Բովաձորի դպրոց գնացող 416 մ հատվածը»:

Երկրի ղեկավարը նաև թվարկել է չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված այն ճանապարհները, որոնց նախագծային փաստաթղթերն են ձեռք բերվել. «Սյունիքի մարզում Մ2 ավտոճանապարհի Անգեղակոթի խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցող 0.8 կմ ավտոճանապարհի կառուցում։ Արմավիրի մարզում Լուսագյուղ բնակավայրից դեպի Ակնաշեն և Էջմիածին բնակավայրեր գնացող 6.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզ Վաղարշապատի համայնքում համայնքը շրջանցող 4.6 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Մ3-ից դեպի Զվարթնոցի շենքեր թաղամաս, Արմավիրի մարզում, Մ3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածնից մինչև դաշտ տանող 4.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում: Լոռու մարզում Միխայլովկայի խաչմերուկից դեպի Գոգավանի մաքսատուն 7.8 կմ երկարությամբ ճանապարհ հատվածի հիմնանորոգում: Տավուշի մարզի Երևանից դեպի Դիլիջան հատվածում ճանապարհի լուսավորության համակարգի կառուցում: Մեր հիմնական ռազմավարական նպատակն այն է, որ միջպետական ճանապարհները պետք է լուսավորություն ունենան, այսինքն՝ գիշերը պետք է լուսավորություն լինի: Սա նաև տրանզիտային տրամաբանությամբ է շատ կարևոր, որ ճանապարհի անվտանգության մակարդակը բարձրացնենք, որպեսզի նաև միջազգային փոխադրումները Հայաստանով անելը լինի ավելի հարմար։ Արմավիրի մարզում Արաքս բնակավայրից մինչև Վանանդ բնակավայր գնացող ճանապարհի վեց ու չորս կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Ախթալա բնակավայրի վարչական տարածքում 150 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցում։ Կոտայքի մարզում Հ2 ավտոճանապարհի Աբովյանից Արզնի և Նոր գեղի գնացող ավտոճանապարհի Արզնու ձորի հատվածի վեց ու յոթ կիլոմետր երկարության հատվածի հիմնանորոգում։ Սա այն կտորն է, որի հետ կապված, երբ կամուրջը նորոգվում էր նիստում ես հանձնարարեցի, որպեսզի այդ հատվածն էլ նորոգվի։ Կոտայքի և Արագածոտնի մարզում Հ4 ավտոճանապարհի Զորավան բնակավայրից դեպի Արագյուղ և Երնջատափի բնակավայրեր գնացող ճանապարհատվածի 12.4 կմ հատվածի հիմնանորոգում։ Կոտայքի մարզում Աղվերան բնակավայր տանող ճանապարհի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում։ Արարատի մարզի Վեդի բնակավայրից դեպի Ուրցաձոր, բնակավայր գնացող 7.3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արարատի մարզում փոքր Վեդի բնակավայրից դեպի Լուսառատ և Եղեգնավան բնակավայրեր գնացող 11.3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արմավիրի և Արարատի մարզերում Ռանչպար բնակավայրից դեպի Արաքս և Ջրառատ բնակավայրեր գնացող 13.3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգում, Դարբնիկ բնակավայրից դեպի Հայանիս և Վայանսյան բնակավայրեր գնացող 10.3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգում, Շիրակի մարզում Արթիկ համայնքից դեպի Նոր Կյանք բնակավայր գնացող շուրջ 620 գծամետր մայթերի կառուցում, Լոռու մարզում Վարդաբլուր բնակավայրի մուտքից մինչև գյուղի կենտրոն և գյուղի կենտրոնից դեպի Վարդաբլուրի դպրոց գնացող 1.5 կմ ճանապարհահատվածի և Հ24-ից դեպի Հոբարձի գնացող 0.9 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Սա այն կետերից էր, որի մասին նախարարը ասեց դպրոցների: Տավուշի մարզում Հ 36 ավտոճանապարհի Իծաքարից Բերդ տանող ճանապարհի ու 8 կիլոմետր երկարությամբ հատվածի նորոգում: Մինչև Գանձաքարից Իծաքար ավարտվեց, հիմա Իծաքարից մինչև Բերդ ճանապարհն էլ անենք, որպեսզի ամբողջական լինի։ Իմիջիայլոց, հրատապներում մենք նաև Իջևան և Գանձաքար հատվածում մի կտոր կա, որը վատ վիճակում է, քանի որ ԻծաքարԳանձաքարը կառուցվել է, հիմա այդ կտորն էլ կանենք: Իմիջիայլոց, նոր այն մյուս հատվածն էլ պետք է նայել, չնայած վատ վիճակում չի, որ մոտենում է ԳանձաքարԻծաքարին: Դա էլ նորոգենք, որ նոր ճանապարհին մոտեցող ճանապարհները լինեն լավ վիճակում։ Տավուշի մարզում Բերդից Տավուշ գյուղի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4.6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում: Տավուշի մարզում Պառավաքար տանող ավտոճանապարհի 22.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում: Վայոց Ձորի մարզում Եղեգնաձոր բնակավայրից դեպի Գլաձոր բնակավայր և Վերնաշեն համայնքի Գլաձոր պատմական հուշարձան տանող 15.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արագածոտնի մարզում Սաղմոսավան բնակավայրը Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ կապող 2 կմ հատվածի հիմնանորոգում։ Տավուշի մարզում Հ 58 ավտոճանապարհի Կիրանց բնակավայրի վարչական տարածքով անցնող հատվածում լուսավորության համակարգի կառուցում։ Արագածոտնի մարզում Մ 1 միջպետական նշանակության ավտոճանապարհը Թալին բնակավայրի հետ կապող 1.3 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Բագարան և Երվանդաշատ բնակավայրերը բաժանող խաչմերուկից դեպի Երվանդաշատ բնակավայր և ՀՀ սահման գնացող ավտոճանապարհի 9.2 կմ հատվածի հիմնանորոգում։ Տավուշի մարզում Բերդ բնակավայրից դեպի Վերին Կարմիր աղբյուր բնակավայր գնացող 2.7 կմ հատվածի հիմնանորոգում։ Շիրակի մարզում Ամասիայից դեպի Բերդաշեն գնացող 1.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Վայոց ձորի մարզում Սելիմի Լեռնանցքից դեպի Քարագլուխ գնացող 10.3 կմ հատվածի հիմնանորոգում։ Սյունիքի մարզում, Մ2-ից դեպի Սիսիանի օդանավակայան գնացող 350 մետր հատվածի հիմնանորոգում։ Արագածոտնի մարզում Կոշ բնակավայրը Մ1 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ կապող 2.3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Արագածոտնի մարզում Սարալանջ բնակավայրը Ապարան Լուսագյուղ ավտոճանապարհին կապող 2.5 կմ հատվածի հիմնանորոգում։ Արագածոտնի մարզում Քուչակ բնակավայրից դեպի Եղիպատրուշ բնակավայր և Սուրբ Աստվածածին եկեղեցի գնացող 9.2 կմ ճանապարհահատվածի վերակառուցում: Արագածոտնի մարզում ՑամաքասարԶարինջա ավտոճանապարհի 2 կմ հատվածի և դեպի Զարինջայի դպրոց գնացող 0.2 կմ հատվածի հիմնանորոգում: Արագածոտնի մարզում ԶովասարԳառնահովիտ ավտոճանապարհի 3 կմ հատվածի և դեպի Գառնահովիտի դպրոց գնացող 0.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում: Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրից դեպի Երևան համայնքի Նուբարաշեն վարչական շրջան գնացող 2.1 կմ հատվածի հիմնանորոգում։ Արարատի մարզում Քաղցրաշեն բնակավայրից դեպի Նորաշեն բնակավայր գնացող 3.3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արարատի մարզում Վեդի համայնքից դեպի Գոռավան և Արարատ բնակավայրեր գնացող 7.5 կմ հատվածի հիմնանորոգում։ Արարատի մարզում Հ10-ից դեպի Ուրցալանջ բնակավայր գնացող 1.3 կմ հատվածի հիմնանորոգում։ Արարատի մարզում Մ 2-ից դեպի Վարդաշատ բնակավայր գնացող 1.2 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Մեծամոր համայնքից դեպի Ակնալիճ բնակավայր գնացող 2 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Մայիսյանից Արմավիր քաղաք գնացող ավտոճանապարհի 1.5 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Վաղաշապատ համայնքից դեպի Արտիմետ, Խորոնք, Առատաշեն բնակավայրեր գնացող 4.3 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում դեպի Արմավիր քրեակատարողական հիմնարկ գնացող 3.2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Մերձավան և Այգեկ տանող ավտոճանապարհի 8.6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Գայ բնակավայրից դեպի Ակնաշեն բնակավայր գնացող Մ3 ճանապարհի միացող 2,6 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Լուկաշին բնակավայրից դեպի Նորավան և Արմավիր գնացող ավտոճանապարհի 4,2 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Մրգաշատ բնակավայրից դեպի Արևիկ, Եղեգնուտ և Երասխահուն բնակավայրեր գնացող 8,2 կմ հատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզում Արտաշար բնակավայրի վարչական տարածքով անցնող 3,3 կմ ճանապարհի հիմնանորոգում: Արմավիրի մարզում Գայ բնակավայրից դեպի Հովտաշատ բնակավայր գնացող 2.7 կմ հատվածի հիմնանորոգում: Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրի վարչական տարածքով անցնող 3.5 կմ ճանապարհատվածի հիմնանորոգում: Գեղարքունիքի մարզում Գավառ համայնքից դեպի Նորատուս բնակավայր գնացող 2.4 կմ հատվածի հիմնանորոգում: Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքից դեպի Վաղաշեն բնակավայր գնացող 0.8 կմ հատվածի հիմնանորոգում։ Գեղարքունիքի մարզում Մեծ Մասրիկ բնակավայրից դեպի Կախակն բնակավայր գնացող 6.2 կմ հատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Շենավան, Արևաշող բնակավայրերը Մ 7 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ կապող 4.9 կմ հատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Շիրակամուտ բնակավայրի միջով անցնող Մ 7 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Չիշխանավանք գնացող 2 կմ հատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Ախթալա, Մեծ Այրում, Ճոճկան և Քարկոփ բնակավայրերը Մ 6 միջպետական նշանակության ավտոճանապարհին միացնող 15 կմ հատվածի վերակառուցում։ Լոռու մարզում Ստեփանավանից դեպի Արմանիս գնացող 6.6 կիլոմետր ճանապարհատվածի հիմնանորոգում: Լոռու մարզում Լուսաղբյուր բնակավայրից դեպի Խնկոյան բնակավայր գնացող 2,4 կմ ճանապարհատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Քարաբերդ բնակավայրը Մ 6 միջպետական նշանակության ավտոճանապարհին միացնող 4,3 կմ հատվածի և այդ ճանապարհից դեպի զորամաս տանող ճանապարհատվածի 2 կմ հիմնանորոգում։ Լոռու մարզի Վահագնի և անտառամոտ բնակավայրերը Մ 6 միջպետական նշանակության ավտոճանապարհին միացնող 4,7 կմ հատվածի հիմնանորոգում: Լոռու մարզի Բազումից դեպի Ազնվաձոր գնացող 1.5 կմ ճանապարհահատվածի և մինչև Բազումի դպրոց 0.4 կմ հատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Գարկառ բնակավայրից դեպի Պուշկինո գնացող 2.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում՝ էլի դպրոցների ճանապարհը: Ալավերդի բնակավայրի երիտասարդական փողոցից դեպի Կաճաճկուտ բնակավայր գնացող 11.4 կմ հատվածի հիմնանորոգում: Լոռու մարզում Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի հիմնանորոգում: Լոռու մարզում Նորաշեն բնակավայրից դեպի Արծնի բնակավայր գնացող 2.9 կմ հատվածի հիմնանորոգում: Լոռու մարզում Մ3-ից դեպի Քարաձոր գնացող 0.7 կմ, Մ3-ից դեպի Ղուրսալ գնացող 4.1 կմ և մինչև Ղուրսալի դպրոց գնացող 0.1 կմ ճանապարհատվածների հիմնանորոգում։ Կոտայքի մարզում էլի դպրոցի ճանապարհ է, Հ 28-ից դեպի Մարմարիկ բնակավայր գնացող 0.2 կմ և դեպի Մեղրաձոր գնացող 1.1 կմ, ինչպես նաև մինչև Մեղրաձորի դպրոց գնացող 1 կմ հատվածների նորոգում։ Կոտայքի մարզում Գողթ բնակավայրից դեպի Գեղարդ բնակավայր գնացող 3 կմ և մինչև Գողթի դպրոց 0.3 կմ հատվածների հիմնանորոգում։ Կոտայքի մարզում Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի երրորդ փողոցի 1020 գծամետր հատվածի հիմնանորոգում: Վայոց Ձորի մարզում Զեդեա գնացող ավտոճանապարհի 6.5 կմ հատվածի հիմնանորոգում: Վայոց Ձորի մարզում Հերմոն բնակավայրից դեպի Վարդահովիտ գնացող 6.5 կմ ճանապարհատվածի հիմնանորոգում: Տավուշի մարզի դեպի Հովք բնակավայր գնացող 3.7 կմ հատվածի հիմնանորոգում, Տավուշի մարզում Այրուն բնակավայրից մինչև Լճկաձորի դպրոց գնացող 2.2 կմ հատվածի հիմնանորոգում։ Տավուշի մարզում Բագրատաշեն բնակավայրից դեպի Բերդավան բնակավայր գնացող 1.8 կմ հատվածի հիմնանորոգում։ Սյունիքի մարզում Մ2-ից դեպի Քարաշենի զորամաս գնացող 600 մ ճանապարհի հիմնանորոգում։ Սյունիքի մարզում Հ63-ից դեպի Ներքին Հանդ գնացող 6.2 կմ հատվածի հիմնանորոգում։ Սյունիքի մարզում Շաղաթից Բալաք տարող ճանապարհի 2.3 կմ հատվածի հիմնանորոգում: Սյունիքի մարզում Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում: Սյունիքի մարզում Մ 9-ից մինչև Արավուս բնակավայրի կենտրոն և դպրոց գնացող 3.2 կմ հատվածի հիմնանորոգում: Սյունիքի մարզում Խնածախից Վաղատուր տանող ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումԱրարատի և Գեղարքունիքի մարզում Ուրցաձորից դեպի Մարտունի գնացող ավտոճանապարհի հիմնանորոգում: Սա էլ է դարակազմիկ ճանապարհներից մեկն է, որը հանգիստ, հանդարտ փուլերով պետք է կառուցեք։ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից դեպի Հանքավան տանող ավտոճանապարհի կառուցում: Սա էլ է դարակազմիկ ճանապարհ, էլի կտորկտոր, մեծ կտոր է, պետք է կառուցեք: Մեր տնտեսական աճի կարևոր գործոններից մեկը ենթակառուցվածքների նորմալ վիճակն է: Վաղարշապատի շրջանցիկ ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգում: Արմավիրի մարզում Աշտարակ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում: Արագածոտնի մարզում Մ3 ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում փլուզվող հողային պաստառի վերանորոգում: Արմավիրի մարզում Մ 5 ավտոճանապարհի Արմավիրի Կարմիր կամրջի հիմնանորոգում: Կոտայքի մարզում Հ1 Արգելից Արզական տանող ավտոճանապարհի Արզականի հատվածում փլուզված պատի վերակառուցում: Լոռու մարզում Մ6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով կառուցված երկրորդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով նոր կամրջի կառուցում: Տավուշի մարզում Խաշթառակի վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն երկու հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջների կառուցումԿամուրջները դրված է ֆիզիկապես մոտ 50 մետր ամեն կողմից ասֆալտ պետք է արվի։ Հախում գետի վրա, Տավուշի մարզում, պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում։ Տավուշի մարզում Հ 58 ավտոճանապարհի Նոյեմբերյանի հատվածում փլուզված հենապատի վերականգնում և Գեղարքունիքի մարզում Հ30 ավտոճանապարհի Այգուտ բնակավայրի տարածքում հողային պաստառի շեպի ամրացում»:

Օրենսդրական նախաձեռնություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատա­վա­րության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք և դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով:

 

Գործադիրը հավանություն է տվել նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախա­ձեռնությանը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը, այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (մասնավորապես բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչև օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը։

Մի շարք տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն

Կառավարությունը կայացրել է որոշում, որի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Ծրագիրը ներառում է՝ 5 նոր տրանսպորտային հանգույցների կառուցում, 6 նոր վերգետնյա անցումների կառուցում, 2 նոր թունելների կառուցում՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները). 15 նոր կամուրջների կառուցում: Ճանապարհի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները հանրության գերակա շահ են ճանաչվել ՀՀ կառավարության 09․06․2022 թ․ N 851-Ն և 15․11․2024 թ. N 1793-Ն որոշումներով։ Նշված որոշումներով հանրության գերակա շահ ճանաչված հողամասերն օրենքով սահմանված կարգվող օտարվել են և երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածքները հանձնվել են շինարարին։ Շինարակական աշխատանքներն մեկնարկել են 2024 թ․ և ներկայում գտնվում են ընթացքի մեջ։ Շինարակական աշխատանքների ընթացքում տեղանքների փաստացի իրադրությամբ, գրունտների փաստացի տեսակներով, որոշ հատվածներում ոռոգման համակարգերի տեղափոխման, դեպի հողամասեր մուտքեր ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվել են նախագծային փոփոխություններ։ Նշվածի արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք, Մեղրի բնակավայրերում գտնվող ընդհանուր 88 հողամասերի ազդակիր հատվածներ ներառվել են Ճանապարհի օտարման գոտու սահմաններում և, առանց այդ տարածքների հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը։ Ելնելով վերոգրյալից՝ Ծրագրի բնականոն ընթանցքն ապահովելու, Ծրագրի ժամանակացույցի ձգձգումներից խուսափելու և շինհրապարակի առանձին տեղամասեր հնարավորինս սեղմ ժամկետում կապալառուին տրամադրելու նպատակով՝ որոշմամբ առաջարկվում է Ճանապարհի օտարման գոտու սահմաններում ներառված 88 հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ՝ հաստատելով այդ հողամասերի օտարման գոտին։ Օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

Էլեկտրոնային աճուրդից ձեռք կբերվի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդից ձեռք բերել, որպես պետական սեփականություն գրանցել և ընդգրկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում «Հայաստան» մարզական Հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող ՀՀ Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 236,929․221 հազ. դրամ արժեքով։ Որոշմամբ որպես պետական սեփականություն կգրանցվի «Հայաստան» մարզական Հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող ՀՀ Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Որոշման ընդունման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդից ձեռք կբերվի «Հայաստան» մարզական Հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող, ՀՀ Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը և վաճառքից գումարը կուղղվի վերջինիս հարկային պարտավորությունների մի մասի մարմանը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031