«Որքանո՞վ է իրատեսական իշխանափոխության հույս փայփայել միայն ընտրություններով։ Միայն ընտրությունը բավարար հիմք չենք համարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով փողոցային պայքար սկսելու՝ ՀՀԿ որոշմանը վերաբերող հարցերին։
Իր բնութագրմամբ՝ իրավիճակը երկրում վատ է եւ վատանում է, իշխանությունները տնային կալանքի են տանում կալանքի մեջ գտնվող մարդկանց՝ «թող փչելով մարդկանց աչքերին» եւ ինչ-որ մանր-մունր քայլեր են անում՝ «գոլորշի բաց թողնելու» համար եւ այս իրավիճակում ընտրությունները օրացուցային երեւույթ են դառնում։
Ինչ վերաբերում է իմփիչմենթի գործընթացին, Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ շատ համախոհներ ունեն հանրային, հասարակական հատվածում եւ քաղաքական քննարկումներում թվարկվող խնդիրները անմասն չեն թողնի նաեւ քաղաքական գործիչներին։
Քաղաքական կոնսուլտացիաների գործընթացի՝ կուլիսային քննարկումների մասին բանախոսը չցանկացավ խոսել եւ մանրամասներ ասել։ «Գործընթացը իրական շոու չէ, որ ուղիղ եթերում լինի։ Ուղիղ եթերում մեր երկրում կարելի է նայել, թե ինչպես է Նիկոլը կարկանդակ եւ եգիպտացորեն ուտում»։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը հայտարարում է․ «Քաղաքական մշակույթը երկրում պետք է պահել․ սա է Նիկոլին այլընտրանքը, ոչ թե վիճել, թե ով է ավելի բոշա»։
Այն, որ 2018-ից ՀՀԿ-ին թաղում են, քայլող քաղաքական դիակ են անվանում, Աշոտյանին չի հուզում։ Ավելին, կարեւոր չի համարում, թե ի՞՝նչ են ասում նրան իշխանության ներկայացուցիչները, կարեւորում է՝ ի՞նչ կասի ժողովուրդը։ Ամեն դեպքում, «եթե բոլոր դիակները լինեն մեզ նման առույգ եւ կայտառ», ինքը Նիկոլ Փաշինյանին չի նախանձում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































