Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ Վրաստանում հայ բեռնատարների հարցը լուծվել է։
Հարցին, որ վարորդներն ասում են՝ իրենք են բոյկոտ իրականացրել, ինչի արդյունքում խնդիրը լուծվել է, Պապոյանը պատասխանեց․ «Եթե ձեզ թվում է, որ այդ հարցը պետությունը չի լուծել, այդպես մտածեք։ Մենք խնդիր չունենք, մեզ համար կարեւոր է եղել, որ այնտեղ կանգնած մեքենա չլինի, եւ չկա այնտեղ մեքենա կանգնած։ Հարցը լուծվել է, վերջ»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե Վրաստանի տարածքում հայ վարորդներից կաշառք են ուզում սահմանը հատելու համար։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Գառնիկ Դանիելյանին․ «Դիմեք իրավապահներին, եթե մինչև հիմա չեք դիմել իրավապահներին, ուրեմն դուք պարզապես պրովոկացիայով եք զբաղվել»։
Անդրադառնալով հայ վարորդներից կաշառք վերցնելու մասին հայտարարություններին՝ Պապոյանն ասաց․ «Ոչ մեկը չեկավ, որ հաստատեր դա։ Ես այդ հարցով դիմել էի, խնդրեցի, որ գոնե մեկ հոգի գա, այդպես էլ ՀՀ-ում մեկ քաղաքացի չհայտնվեց, որ կգար ու կասեր»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող գործընթացների պատճառով հայ-իրանական սահմանին բեռների կուտակմանը Պապոյանն ասաց․ «Մեր կողմից որեւէ խնդիր ու խոչընդոտ չկա, իսկ Իրանի կողմից, հասկանալի պատճառներով, հարցեր կան՝ այդ երկրում պատերազմ է»։
Թեեւ Պապոյանն ասաց, որ ներկայումս Իրանի հետ ապրանքաշրջանառության հարցում կրիտիկական խնդիր չկա, բայց միաժամանակ հավելեց. «Բա որ ասում ենք՝ գնանք Թուրքիայի հետ սահմանը բացենք, Ադրբեջանի հետ սահմանը բացենք, բա ինչի՞ մասին է։ Միշտ այլընտրանքներ պետք է լինեն, աշխարհը փոխվում է, մենք պետք է պատրաստ լինենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































