Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր դատարանը որոշեց մեղմացնել Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցի պայմանները:
Գալստյանի պաշտպանը միջնորդել էր փոփոխել կիրառված խափանման միջոցի պայմանները՝ մասնավորապես էլեկտրոնային սարքը մշտապես իր վրա կրելու, որոշակի ժամերին տնից դուրս չգալու ու մարդաշատ վայրերում չլինելու վերաբերյալ սահմանափակումները:
Ըստ պաշտպանի՝ Գալստյանի առողջական վիճակը վատթարացել է, հետազոտության անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ պատգամավորի ֆինանսական վիճակով պայմանավորված՝ վերջինս ցանկանում է հիմնական աշխատանքից դուրս՝ կատարել այլ աշխատանքներ գիշերային ժամերին: «Պետք է ողնաշարի MRT անցնի, ինչը հնարավոր չէ էլեկտրոնային սարքավորումով»:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազը թեեւ առարկեց՝ պնդելով, որ փոփոխման միջնորդության համար բավարար հիմքեր չեն ներկայացվել, սակայն դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակի:
Դատարանի որոշմամբ՝ էլեկտրոնային հսկողությունը, ժամային պայմանը կհանվի, իսկ մյուս սահմանափակումները կմնան անփոփոխ:
Դատարանը նաեւ հստակեցրեց, որ մարդաշատ վայրերում լինելու արգելքը չի վերաբերում եկեղեցուն, վերաբերում է զվարճանքի վայրերին, ժողովներին: «Որեւէ մեկը չի կարող ձեզ արգելել եկեղեցի գնալ՝ որպես մարդաշատ վայր: Որոշումն էլ ենթակա չէ բողոքարկման»,- բացատրեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































