«Անգամ գույքային ավելացումները, որոշ դեպքերում պակասեցումներն էլ էական չեն, հարցն այն է, որ դատախազությունն ամեն կերպ որոշել է այս գործը պահել, որովհետեւ ՍԴ որոշումից հետո, ամիսներ շարունակ, մենք պնդում ենք, որ այս գործը պետք է ավարտվի, որովհետեւ հայցն ակնհայտ անհիմն է։ Ամիսներ շարունակ դատախազությունը դիրքորոշում չէր հայտնում, հիմա, ինչպես նշեցիք, ՍԴ-ի որոշման կամայական մեկնաբանության միջոցով, ՍԴ-ին վերագրելով մի բան, որը ՍԴ-ն չի ասել, փորձում են շարունակել այս հայցի քննությունը՝ արդեն թարմացված խմբագրությամբ»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահագն Դալլաքյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունը այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։
Վերջերս կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Սեւնի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մասով առանձին հայց է պատրաստվում։ Այն նույնպես պատկանում է Հայրապետյանների ընտանիքին։
Վահագն Դալլաքյանն ասաց, որ այդ մասով իրենց տեղեկությունները ավելին չեն, քան հրապարակային արված հայտարարությունն էր, քանի որ հայցը ներկայացվել է, բայց Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված ընկերությունները դեռ չեն ներգրավվել գործում, ուստի գործի նյութերին դեռ հասանելիություն չունեն եւ մանրամասներին չեն տիրապետում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































