«Մեզ իրավունք էր տրված ամսվա ընթացքում 2 անգամ այցելելու, տեսակցելու սրբազանին՝ ընտանիքի անդամներով, ընտանիքի անդամների մեջ ներառվում էին մայրս, քույրս, ես: Առաջին դատական նիստի ժամանակ արտոնվեց նաեւ, որ քրոջս զավակները տեսակցեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի եղբայրը՝ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որը եկել էր դիմավորելու ազատ արձակված Արշակ սրբազանին:
Լրագրողի հարցին՝ իր կարծիքով ինչու հենց Արշակ սրբազանին թիրախավորեցին, տեր Հակոբն այսպես արձագանքեց, որ այդ ամենը բացատրվում է սրբազանի դիրքորոշումներով՝ հանուն Հայ Առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության:
Հարցին՝ միտում տեսնո՞ւմ է, որ Արշակ սրբազանին թիրախավորեցին՝ Վեհափառ Հայրապետին խոցելու համար, տեր Հակոբն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որովհետեւ Վեհափառ Հայրապետի համար սիրելի են բոլոր հոգեւորականները եւ մեր ժողովրդի բոլոր զավակները: Եվ այս տրամաբանությամբ՝ խոցելի են բոլոր նրանք, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու զավակներ են, եւ ովքեր առաջին հերթին նաեւ դիրքորոշում են արտահայտում՝ հանրային կերպով ի նշան Հայ առաքելական Սուրբ եկեղեցու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































