«Շնորհակալ եմ բոլոր գործիչներին, բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում աջակցել են եկեղեցուն, մեր եկեղեցականներին եւ չեն կորցրել հավատն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար հայտնվել են կալանավայրերում:
Կալանավայրերի մասին ասում են՝ ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղղելի եմ մնացել, չեմ «ուղղվել», իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, կալանքից ազատ է արձակել: Սրբազանը ապօրինի կալանքի տակ էր դեկտեմբերի 5-ից։
Սրբազանը դժվարացավ ասել՝ ազատ արձակումը կապ ունի՞ նախընտրական գործընթացների հետ, բայց ընդգծեց. «Ես միայն գիտեմ, որ այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ, եւ ընդամենը փորձ էր ահաբեկելու, վախ ներշնչելու, որն իհարկե որեւէ ազդեցություն չի կարող ունենալ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ուրա՞խ է, որ մեկուսարանում չէ, սրբազանը պատասխանեց, որ մեկուսարանում էլ էր ուրախ: «Ամենամեծ ափսոսանքն այս պահին այն է, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց, եւ ուզում եմ, որ ամենքս աղոթենք Բագրատ սրբազանի ոգու ամրության, պնդության համար, որն այս ընթացքում չի պակասել: Աստված տա՝ մի օր բոլորս տեսնենք մեր համառ ցանկությունների արդյունքը: Մի բան գիտեմ՝ վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ»:
Ինչ վերաբերվում է կաթողիկոսին եւ այլ հոգեւորականների մեղադրանք առաջադրելուն՝ դատարանի որոշումը չկատարելու հոդվածով, այս մասին էլ սրբազանն ասաց. «Եկեք մանրամասների մեջ չմտնեմ: Կարող եմ ասել, որ դա հակաեկեղեցական արշավի հերթական դրսեւորումն է, որն իրենց համար, համոզված եմ, որեւէ արդյունք չի ունենալու»:
Լրագրողի մեկ այլ հարցի՝ իշխանությունների կողմից բանտով, բռնություններով հոգեւորականներին ճնշելը արդյունք կարո՞ղ է տալ, Արշակ սրբազանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Իհարկե, որեւէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Գրիգոր Լուսավորչի հետ, բայց նշեմ, որ Գրիգոր Լուսավորիչը մինչեւ քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13-14 տարի Խոր Վիրապում գտնվեց…Յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարելու, անգամ, եթե դա նշանակելու է ազատազրկում»:
Սրբազանը տիրադավ եպիսկոպոսների դարձի գալը որակեց միակ խելամիտ լուծումն այս իրավիճակում: Իսկ ինչո՞ւ է կարգալույծ հռչակված Արման Սարոյանն իրեն այդքան ատում եւ ամենավատ արտահայտություններն անում իր հասցեին: «Յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն, լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ-որ մեկին բնորոշելու համար: Մարդու հանրային վարքագիծը տեսանելի է, դրա համար ես զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, առավել եւս՝ երբ մեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Հնարավոր համարո՞ւմ է, որ Վեհափառը եկեղեցի-իշխանություն առճակատման արդյունքում ի վերջո կհեռանա, եւ իշխանությունները կհաղթեն այս կռվում, Արշակ Սրբազանը նման կերպ պատասխանեց. «Ես զերծ կմնայի այս դեպքում հաղթանակ, պարտություն եզրույթների օգտագործումից… Այն ինչ-որ կատարվում է, ուղղակի խայտառակություն է, որ չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին…»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































