Խրոխտ հայացքով զինվորի՝ Պաշի մեծ նկարը, որը պատկերված է Հայոց եռագույնի ֆոնին՝ Գյումրու Անի թաղամասի շենքերից մեկի վրա, անտարբեր չի թողնում անցորդներին։
Պաշը կարծես խորհրդանշում է անմահ հերոսների հավաքական կերպարը, որը նույնացրել է իր անձը հայրենիքի հետ, զենքն ամուր պահել է՝ հանուն անվտանգ Հայաստանի։
44-օրյա պատերազմում Ջաբրայիլի թեժ մարտերում նահատակված Պավել Մանուկյանն այսօր կդառնար 25 տարեկան։
Կարդացեք նաև
Նրա ընկերները, հարազատները, դպրոցի՝ Գյումրու տնտեսագիտական վարժարանի սաները նրա հուշակոթողի դիմաց մեծարեցին հերոսին՝ հուշ-ցերեկույթ կազմակերպելով, դրվագներ ներկայացնելով նրա կենսագրականից ու մարտական ուղուց։
Հերոսի ծննդյան առթիվ նրան նվիրած երգի պրեմիերա տեղի ունեցավ՝ երգիչ Կարեն Աթոյանի հեղինակմամբ ու կատարմամբ։ Երգը Ջաբրայիլի մարտերում հերոսի մղած թեժ կռվի, հայրենիքին անմնացորդ նվիրվելու ու իր կյանքի գնով հայրենակիցներին կյանք պարգևելու մասին է։ Երգում անդրադարձ կա նաև Պաշի մահից հետո ծնված քրոջը՝ Էմմին, որը լույս աշխարհ է եկել եղբոր վառ հիշատակը պահելու։
Այս երգը նահատակված Պաշի օրինակով բոլոր հերոսներին հավերժ հիշելու ու շնորհակալություն հայտնելու միջոց է։
Պավել Մանուկյանը Գյումրու տնտեսագիտական վարժարանն ավարտելուն պես՝ ուսումը շարունակել է ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Նա խոստումնալից, հրաշալի ֆուտբոլիստ է եղել՝ խաղալով «Շիրակ» ֆուտբոլային ակումբում։
«Փոքր տարիքից աչքի է ընկել պատասխանատվությամբ, համեստությամբ, ուժեղ կամքով, երբեք չէր խուսափում դժվարություններից։ Նա միշտ առաջինն էր»,-այսպես էին բնութագրում նրան։
Պավելի մասին խոսելիս՝ արցունքներն ակամա հոսում էին, թեև հուզմունքը միախառնված էր հպարտության զգացողության հետ։
Նրա մարզիչը՝ Միսակ Պավլեյանը, փորձեց խոսել իր սանի մասին, ասաց, որ նա վերին աստիճանի հայրենասեր էր, նվիրված ու շատ կարգապահ, և որ երբեք չէր սպասի, թե նա կզոհվի, բայց մի քանի բառ ասրտաբերելուն պես՝ սկսեց արտասվել, գրեթե չկարողանալով ավարտել միտքը։
Տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նառա Չախոյանն էլ ասաց, որ դպրոցի աշակերտներին հորդորում են նմանվել Պավելին, որովհետև նա փայլուն աշակերտի ու ֆուտբոլիստի, և որ ամենակարևորն է՝ անմնացորդ հայրենասերի մարմնավորումն է։
Հերոսի մայրը՝ Հասմիկ Մանուկյանը, պատմեց, որ որդին շատ ոգևորված, մեծ հաճույքով էր ծառայում Հայոց բանակում։ Գեթ մեկ դեպք չի եղել, որ նա դժգոհեր ծառայությունից։ Երազել է, որ լավ տնտեսագետ դառնա, թեև բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, մեդալներ է ստացել որպես ֆուտբոլիստ։
«Առավոտյան ժամը 7-ին իմացանք պատերազմի գույժը, ահավոր վատ վիճակում էինք, չէինք կարողանում կապ հաստատել իր հետ, անհասանելի էր, ժամը 12-ի մոտ զանգահարեց, մի երկու վայրկյան խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է։ Մենք ասինք` պատերազմ է, նա անմիջապես ընդհատեց մեզ, թե էստեղ պատերազմ չէ, Հադրութի կողմերն է, էստեղ ամեն ինչ լավ է։ Հարցրեցինք՝ ինչ ես անում, ասաց՝ նոր եմ արթնացել, սուրճ եմ խմում, ամեն ինչ լավ է, մի մտածեք, հիմա չեմ կարող երկար խոսել, նոր եմ քնիցս արթնացել, ձեզ երեկոյան կզանգեմ, ու դա վերջին զանգն էր․․․
Ինքն առաջնագծում էր, ընկերներին հետնահանջ էր տվել, ինքն էր պահում դիրքը։ Սեպտեմբերի 27-ին վիրավորվեց, կոմայի մեջ էր, Ստեփանակերտ էին տարել, այնտեղ էին վիրահատությունն արել, հետո ինքնաթիռով տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Հոկտեմբերի 2-ին մահացավ»,-ողբում էր մայրը։
Պաշի մահից հետո հուսահատ ծնողները որոշել են նորից զավակ ունենալ, ծնվել է դուստրը՝ Էմմին, որը փոխել է տան մթնոլորտը։ Փոքրիկն այսօր հերոս եղբոր ծննդյան 25-ամյակին հագել էր զինվորականի շորեր։ Մայրն ասում է՝ նա բնավորությամբ շատ է նման եղբորը, ասում է՝ պիտի զինվորական դառնամ։
Լուսանկարները՝ Aravot.am-ի և Շիրակի մարզպետի աշխատակազմի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































