Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրեսորին հանձնվելը «պրագմատի՞զմ» է

Մարտ 06,2026 10:00 Share

Երեկ խորհրդարանը, որտեղ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունի, ծափողջույններով հիշեց Արցախի ազատագրման գործում որոշիչ դեր խաղացած Վազգեն Սարգսյանի (լուսանկարում) ծննդյան օրը: Բնականաբար, նա արժանի է մեծարման, բայց ՔՊ-ի դեպքում կոգնիտիվ դիսոնանս է առաջանում: Արդյոք ՔՊ-ն արդա՞ր է համարում այն պատերազմը, որի հերոսն է Վազգեն Սարգսյանը, թե՞ գտնում է, որ դա ռուսների սանձազերծած հակամարտությունն էր, որի նպատակն էր Հայաստանի «վզին թոկ գցել»:

Եթե ՔՊ-ն համաձայն է Իլհամ Ալիեւի հետ, որ ցմահ ու 20 տարով դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ավելի վատն են, քան գերմանական նացիստները, եւ Բաքվի զինվորական դատարանը «նյուրնբերգյան դատավարություն» էր իրականացնում (ես, համենայնդեպս, ՔՊ-ականների անհամաձայնության մասին ոչինչ չեմ լսել), ուրեմն Ալիեւի այդ գնահատականը նրանք պատրաստ են տարածել նաեւ Վազգեն Սարգսյանի վրա: Ո՞ւմ են նրանք այդ դեպքում մեծարում՝ «օկուպանտի՞», որը զավթել էր «Ադրբեջանի անբաժանելի մասը հանդիսացող» Արցախը:

Վազգեն Սարգսյանն, անշուշտ, բազմաթիվ սխալներ է գործել, ինչպես եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը եւ այդ ժամանակաշրջանի բոլոր պատմական դեմքերը: (Դրա մասին նույնպես արժե խոսել, բայց՝ ոչ հիմա): Սակայն նրանց սխալներն, իմ համոզմամբ, չեն վերաբերում արցախյան շարժմանը եւ արցախյան առաջին պատերազմին: Հարցը հետեւյալն է՝ մենք պատրա՞ստ ենք հրաժարվել այդ ժամանակաշրջանից, ներկել այն «սեւ գույնով», որպեսզի «կարմիր շորի» դեր չխաղանք մեր որոշ հարեւանների համար:

Դա պարապ հարց չի այսօր, երբ տարածաշրջանում, մեր հարեւանությամբ մեծ պատերազմ է սկսվել: Ենթադրենք, 2022 թվականին Ուկրաինայի իշխանությունը կամ այժմ Իրանի ղեկավարությունը վարվեին այնպես, ինչպես հիմա վարվում է Հայաստանի իշխանությունը, ասեին՝ «հա, ղալաթ ենք արել, որ ձգտել ենք ԵՄ եւ ՆԱՏՕ», կամ՝ «այո, ճակատագրական սխալ ենք գործել՝ 1979-ին իրականացնելով իսլամական հեղափոխությունը», ագրեսորների «սիրտը կփափկեր», ու նրանք այլեւս ոչ մի ոտնձգություն չէի՞ն ունենա այդ երկրների հանդեպ: Ինձ թվում է՝ ճիշտ հակառակը. ագրեսորներն ավելի կլկտիանային ու ավելի մեծ ախորժակով կուլ կտային այդ երկրները:

Չկրկնեմ հայտնի ասույթը՝ պատերազմ եւ խայտառակություն ստանալու մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինչո՞վ ենք մենք խելոքներս տարբերվում մեր միամիտ ազգակիցներից, ովքեր իրենց հերոսությունն են համարում գնալ ընտրության, որ իրենց ձայնը տան գործող իշխանությանը, ինչ կապիկ էլ լինի իշխանության ղեկին: Մենք էլ այդ իշխանական կապիկներին, որոնց մեր միամիտ ազգակիցները իբր ՝ընտրել են՝ մեկնաբանում ենք, կարծես նրանք իրենցից բան են ներկայացնում, միակ բանը՝ ես դրանց էլ էմ խղճում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031