Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՀԿ-ը ստիպված է եղել դատարան դիմել՝ պահանջելով պարտավորեցնել պետական ֆինանսավորում ստացող կուսակցություններին` տրամադրել հարցմամբ պահանջված տեղեկատվությունը

Մարտ 06,2026 17:15 Share

Հարցումներ պետական ֆինանսավորում ստացած կուսակցություններին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հարցումներ էր ուղարկել ՀՀ-ում պետական ֆինանսավորում ստացող բոլոր հինգ կուսակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Վերածնվող Հայաստան», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան»՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2025 թվականին յուրաքանչյուր կուսակցությանը նվիրատվություններ կատարած անձանց մասին՝ ներառյալ անունը, ազգանունը, հայրանունը և նվիրատվության չափը։

Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ժամանակին արձագանքել մեր հարցմանը՝ նշելով, որ 2025 թ.-ին չի ստացել ֆինանսական նվիրատվություններ, սակայն բնեղեն նվիրատվությունների մասով նշվել է, որ տվյալները դեռ հավաքագրման փուլում են և որ առավել հստակ տեղեկությունները կտրամադրվեն փետրվարի 20-ից հետո։ Այնուամենայնիվ, մինչ օրս արձագանք չի ստացվել

Էլեկտրոնային փոստով հարցումներն ուղարկելուց հետո նույն հարցումները նաև թղթային տարբերակով կրկին ուղարկվել են կուսակցություններին, և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված ժամկետում արձագանք չստանալուց հետո «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դատարան է ներկայացրել հայցադիմումներ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության և «Հանրապետություն» կուսակցության՝ հարցմամբ պահանջված տեղեկությունները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության դեմ հայցադիմումի ներկայացումը հետաձգվել է՝ պայմանավորված վերջինիս կողմից փոստային ծրարը չստանալու հանգամանքով: Այդ ժամանակահատվածում կուսակցությունը ուշացումով պատասխանել է էլեկտրոնային հարցմանը՝ նշելով, որ ֆիզիկական անձանցից դրամական նվիրատվություններ չի ստացել, իսկ բնեղեն նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 397,474 ՀՀ դրամ։

Միայն հայցադիմումը ներկայացնելուց հետո «Հանրապետություն» կուսակցությունը արձագանքեց ԹԻՀԿ-ին՝ պատասխանելով, որ 2025 թ.-ին նվիրատվություն չի ստացել։Իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը առաջարկեց պահանջվող տեղեկատվությունը ստանալ 2025 թ.-ի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո՝ փաստացի մերժելով հարցմամբ պահանջված տեղեկատվության տրամադրումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի արձագանքել մեր հարցումներին։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս կուսակցությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված առկա խնդիրները։ Հաշվի առնելով, որ խոսքը պետական ֆինանսավորում ստացող քաղաքական ուժերի մասին է, հանրությունը պետք է հնարավորություն ունենա պարզ և հասանելի ձևով տեղեկանալու դրանց ֆինանսավորման աղբյուրների մասին։ Տեղեկատվության հարցումներին պատշաճ և ժամանակին չարձագանքելը սահմանափակում է հանրային վերահսկողության հնարավորությունները և թուլացնում քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունը հանդիսանում է տեղեկատվություն տնօրինող՝ բյուջետային ֆինանսավորում ստանալու ուժով, բոլոր հայցված տվյալները հանդիսանում են հրապարակման ենթակա տվյալներ կուսակցության կողմից ներկայացվելիք տարեկան հաշվետվության շրջանակներում, ինչպես նաև պահանջված տեղեկությունները չեն պարունակում որեւէ օրենքով պահպանվող, գաղտնի տվյալ, հետևաբար, կուսակցությունները չունեն օրենքով սահմանված որեւէ հիմք մերժելու դրանց տրամադրումը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031